Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրապետության ագրարային բնագավառում անկախացումից հետո տեղական եւ միջազգային մասնագետների կողմից մշա

Հոկտեմբեր 13,2001 00:00

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» Հանրապետության ագրարային բնագավառում անկախացումից հետո տեղական եւ միջազգային մասնագետների կողմից մշակվեցին ծրագրեր: Դրանք, ըստ «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության ծրագրի» ազգային փորձագետների խմբի ղեկավար Աշոտ Ոսկանյանի, սնվել են Համաշխարհային բանկից եւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից՝ ավելի քան 70 մլն դոլարի չափով, եւ «եթե վերանորոգման բնույթ ունեցող մի ծրագիր էլ ավարտվել է, ուրեմն այնքան կարեւոր է եղել ագրարային բնագավառի համար, որ անգամ զարգացման բնույթ է ստացել»։ Ու քանի որ անհրաժեշտ էր կանոնակարգել բնագավառը եւ այն հարող մյուս ոլորտները (ագրոքիմիական սպասարկում, բույսերի պաշտպանություն, հակաանասնահամաճարակային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ), ուստի կառավարության եւ ՄԱԿ-ի Գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպության համաձայնագրի հիման վրա էլ 2000թ. ծնվեց խոսուն վերնագրով, բազմախոստում «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության ծրագիրը», որը կավարտվի 2002-ի հունվար-փետրվար ամիսներին։ Ու գուցե ավելի շուտ ավարտվեր, եթե նրանից չբխեցվեր մեկ ուրիշը՝ «Գյուղատնտեսության ոլորտում ոչ գյուղատնտեսական գործունեության ներուժի հայտնաբերման եւ զարգացման ծրագիրը»։ Եվ այսպես, շարան-շարան, ծրագիր ծրագրի հետեւից արդեն հայերենով կներկայացվեն հայրենի կառավարությանը, անգլերենով՝ ՄԱԿ-ին, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան sos առաքելությամբ հանդես գալու։ Ու կհոսեն նաեւ գումարները՝ դրանք կյանքի կոչելու համար։ Ի դեպ, պարզվում է, որ առաջին ծրագրի վրա մինչեւ օրս աշխատել է ավելի քան 30 մասնագետ (անհրաժեշտության դեպքում ներգրավվելու են նորերը), որոնցից յուրաքանչյուրը վարձատրվել է ըստ կատարած աշխատանքի ծավալի եւ ժամանակի։ Ոմանք աշխատել են մեկ ամիս, ստացել 900-1100 դոլար, ոմանք ավելի երկար՝ բնականաբար վարձատրվելով ավելի բարձր։ Չմոռանանք նշել, որ մոտ 600 էջանոց ծրագիրն ունի շատ-շատ ղեկավարներ. տեղական փորձագետների ղեկավար Աշոտ Ոսկանյան, միջազգային փորձագետների ղեկավար, անգամ երկկողմանի համակարգողներ՝ հայաստանյան ներկայացուցիչ, փոխնախարար Հովսեփ Քլոյան, ինչպես նաեւ ներկայացուցիչ գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպությունից՝ Մարկ Դյուպոնսել։ Ստացվում է, որ մեր գյուղատնտեսության ապագան արդեն քանի տարի միայն շարունակական ու բուռն քննարկումների փուլում է, ու շուրջ 300 հազար ֆերմերների աչքը դեռ շատ է ջուր կտրելու։ Բայց դրա համար «կա՛ արդարացում»։ Ախր «սա ռադիոյի փաստաթուղթ չէ, այլ փաստաթուղթ, որը պետք է ե՛ւ կառավարությանը, ե՛ւ ֆերմերներին, ե՛ւ գյուղատնտեսության հետ առնչվողներին»։ Հեռու չէ, սակայն, այն բարի օրը, «երբ կստեղծվի անելիքների ու քաղաքականության ուղղորդումների ժամանակացույց», եւ կցնցվի ողջ համակարգը։ Կծնվի նաեւ մի շարք ծրագրերի մշակման ու կյանքի կոչման անհրաժեշտություն, որոնց ֆինանսավորմամբ կհետաքրքրվեն դոնոր ու վարկատու կազմակերպությունները, կառավարությունը, մարզային կառույցները։ Դրանք կլինեն զարգացման ծրագրեր՝ ուղղված աղքատության նվազեցմանը, գյուղական վայրերում աշխատուժի ռացիոնալ օգտագործմանը եւ գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացմանը։ Լինելը՝ կլինեն, բայց ոչ շուտ, քան տասը տարին, գտնում է Ա. Ոսկանյանը ու նաեւ ավելացնում, երեւի բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են «լավ է ուշ, քան՝ երբեք» սկզբունքին, որ «այդ տասը տարիների ընթացքում իր ղեկավարած ծրագրով Հայաստանի գյուղատնտեսության համար անգնահատելի աշխատանք կկատարվի»։ Ճիշտ է, տասը տարի անց, բայց, այնուամենայնիվ կունենանք, չէ՞, ագրարային բնագավառի կազմակերպված կառավարման համակարգ։ Ու պատկերացրեք նաեւ, թե 20, 30, 50 տարի հետո ինչե՜ր կունենանք՝ նման ջերմեռանդությամբ ու տեմպերով գործելու դեպքում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել