Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հինգերորդ ճակատ. դուստր կազմակերպություններ, այլազան խոչընդոտներ

Հոկտեմբեր 13,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՀՇ-Ն ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ Հինգերորդ ճակատ. դուստր կազմակերպություններ, այլազան խոչընդոտներ Անկախության դեմ եւ հօգուտ կոմունիստների գաղափարական պայքարը չէր կարող տնտեսական հիմնավորում ունենալ: Տնտեսավարման սոցիալիստական համակարգը հստակ ցույց էր տվել իր տխուր արդյունքները: Այդ պայքարը չէր կարող մղվել նաեւ կոմունիստական գաղափարախոսության դիրքերից. դրան այլեւս ոչ ոք չէր հավատում: Այն կարող էր մղվել միայն «ազգային» դիրքերից, բայց, իհարկե, այնպես, որ այդ «ազգայինը» ենթադրի ԽՍՀՄ կազմում մնալու անհրաժեշտություն: Իսկ այդ բանաձեւն արդեն գտնված էր Հայ Դատ եւ անկախություն հակադրության մեջ: Գաղափարական այս հիմքի վրա դեռ 1989թ. կեսերից, Շարժման նոր վերելքին զուգահեռ, սկսեց ակտիվանալ նոր կազմակերպությունների հիմնադրման ու հայտարարման աշխույժ մի գործընթաց: Դրանք ավելի արագ սկսեցին բազմանալ 1990-ի նախընտրական ամիսներին: Ընդ որում, բազմանալուն զուգահեռ՝ նաեւ արագ համախմբվում էին զանազան «միությունների», «դաշինքների» ու «ճակատների» մեջ: Որպես կանոն՝ այդ միավորումների գաղափարական հիմքը Հայ Դատն էր, կարգախոսը՝ «ազգային միասնությունը», նպատակը՝ իշխանության փոփոխության եւ անկախության հարցեր չդնելը: Դրանց ամբողջ պոտենցիալը միասին վերցրած հազիվ թե երբեւէ գերազանցեց ՀՀՇ-ին հետեւող ուժի 2-3%-ը: Բայց նաեւ նրանց հիմնական մեղադրանքը ՀՀՇ-ի դեմ եղավ իրենց հետ չմիավորվելը, եւ, դրանով իսկ, «ազգային միասնությունը» տապալելը: Ընդ որում՝ հաճախ նրանց մեղադրանքները պարզապես իրարամերժ էին: Նմանօրինակ մի երեւույթ էր «Նախախորհրդարանը», ապա՝ այսպես կոչված՝ «Համահայկական միացյալ ճակատը»: Այն ստեղծեցին մի ամբողջ շարք «կազմակերպություններ» 1990-ի փետրվարին՝ «մի կողմ թողնելով իրենց տարաձայնությունները»: Հաջորդ գործը եղավ մեղադրել ՀՀՇ-ին, որ նա ձեռնպահ մնաց մտնել այդ «Ճակատի» մեջ: Նրանք համարում էին, որ Հայաստանի այս տարածքը իրավասու են տնօրինելու ոչ միայն հայաստանաբնակները, այլեւ ողջ հայությունը՝ իրենց կազմակերպություններով ու կուսակցություններով հանդերձ: Մինչեւ Գերագույն խորհրդի ընտրությունները սրանք եւս անհրաժեշտ էին համարում «համահայկական համագումարի» հրավիրումը՝ որպես «Ազգային բարձրագույն ժողով»: Հայաստանի ապագան այս «Ճակատը» տեսնում էր նոր պայմանագրով նորացված ԽՍՀՄ-ի մեջ, որի միջոցով միայն հնարավոր կլիներ հետապնդել պահանջատիրությունը, եւ, եթե այն չլուծվի էլ, ապա կփոխանցվի հաջորդ սերունդներին: Ընդ որում՝ ի տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ մյուս ղեկավարների, նրանց ազատորեն տրամադրվում էին պետական հեռուստաեթերը եւ մամուլի էջերը: Նկատի ունենալով, որ այս կազմակերպությունների մի մասը հետագա տարիներին աննկատ անհետացավ, մի մասը աննկատ կամ բացահայտ ձուլվեց ՀՅԴ-ին, դժվար չէ ենթադրել, որ դրանք ըստ էության պատվիրված կազմակերպություններ էին: Անկախության հանրաքվեից հետո դրանց ինքնուրույն գոյությունն այլեւս իմաստ չուներ: Նոր խորհրդարանի կողմից Անկախության հռչակագրի ընդունումից հետո գաղափարական պայքարի ճակատը այլեւս քիչ արդյունավետ կարող էր լինել: Վերոհիշյալ հինգ ուժերի՝ հասարակության «մշակմանն» ուղղված աշխատանքն, անշուշտ, իր արդյունքներն ունեցել էր: Բայց այդ արդյունքները բավարար չեղան կանխելու այն ուժի հաղթանակը, որը իշխանության էր գալիս Հայաստանը անկախության ճանապարհով տանելու հստակ ծրագրով եւ խնդրով: Ավելին՝ Անկախության հռչակագիրը ընդունվեց փաստորեն միաձայն, իսկ «բացահայտված» ՀՅԴ-ն էլ հայտարարեց, թե դրա հիմնական դրույթները բխում են… հենց իր ծրագրից: Անկախության սկսված գործընթացը խոչընդոտելու թերեւս միակ ձեւը մնաց անիշխանության երեւույթներ ստեղծելն ու խորացնելը թե՛ երկրի ներսում, թե՛ Ադրբեջանի հետ: Դրա համար օգտագործվեցին օրինական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող զինված կազմավորումները: Նոր իշխանության գրագետ եւ վճռական քայլերի շնորհիվ այդ վտանգը եւս չեզոքացվեց: * * * Դժվար է խուսափել այն ենթադրությունից, որ նույն նպատակը հետապնդող այս ճակատների գործողությունները համակարգող կենտրոն է ունեցել: Սակայն այդ հարցը դուրս է սույն հոդվածի շրջանակներից եւ լրացուցիչ հետազոտության է կարոտ: Սակայն բացահայտ է, որ սրանցից եւ ոչ մեկը չդադարեցրեց իր պայքարը անկախության դեմ նաեւ Անկախության հռչակագրից հետո՝ մինչեւ անկախության հանրաքվե: Փոխվեցին միայն պայքարի մեթոդները, ձեւերը, որոշ կարգախոսներ: Ընդհուպ մինչեւ անկախության հանրաքվե ՀՅԴ172ի եւ Կոմկուսի մամուլում սավառնում էր «պանթուրքիզմի վտանգը», միութենական նոր պայմանագրին միանալու «հրամայականն» ու «փայլուն հեռանկարը»: Կենտրոնի կողմից 1991-ի մայիս-հունիս ամիսներին ձեռնարկած դիվերսիան այս ուժերի քարոզչական մատուցմամբ հանգեցրեց այն բանին, որ, ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում ապրող նախկին ղարաբաղցիների մեջ համոզմունք առաջացավ, թե Ղարաբաղի փրկության միակ միջոցն այն է, որ Հայաստանը հրաժարվի անկախության ճանապարհից: Եվ դա սպառնում էր վերածվել վտանգավոր քաղաքական շարժման եւ կազմակերպված ուժի: Նույն ուժերը, կամ նրանց փոխանցմամբ՝ ուրիշները, ընդհուպ՝ մինչեւ հանրաքվեի օրը պահանջում էին ավելի շուտ անցկացնել հանրաքվեն կամ անկախությունը հռչակել Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանը դարձավ Խորհրդային Միության միակ հանրապետությունը, որ իր անկախությունն իրականացրեց ԽՍՀՄ գործող օրենսդրությանը ճշգրիտ համապատասխան՝ այն դարձնելով իրավական առումով անխոցելի: Թե ինչպիսին կլինեին հետագա զարգացումները Խորհրդային Միությունում եւ աշխարհում, որեւէ մեկը չէր կարող երաշխավորել: Անգամ դժվար է ասել, թե իրավական առումով այդ անխոցելիությունը դեռ կարող է պետք չգալ: Անկախությունն իրականացրած, Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժը՝ Հայոց Համազգային Շարժումը, եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացան ողջ ժողովրդի կողմից իրենց գործունեությանը տրված «քաղաքական գնահատականը»: Այդ գնահատականը բացարձակ էր ու անվերապահ՝ ի դեմս 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի՝ 99%, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հոկտեմբերի 16-ին որպես Հանրապետության նախագահ ստացած 84% ձայների: Եվ այդ գնահատականը նաեւ պատմությանն է: * * * Անկախության հանրաքվեով, ղարաբաղյան հաղթանակով, Սահմանադրության ընդունմամբ, պետության կայացմամբ վերացա՞ն արդյոք անկախության դեմ հարդարված ճակատները կամ դրանց վտանգը: Չվերացան. անկախությունը ձեռք բերելուց, պետականությունը կայացնելուց հետո այն պահպանելու եւ պաշտպանելու անհրաժեշտություն ունի: Հակառակ դեպքում ճակատները միշտ կարող են բացվել: Համենայնդեպս՝ մնում են այդ ճակատները սնող զույգ գաղափարախոսությունները: Դրանցից մեկն այսօր հստակ նետվում է դեպի Ռուսաստան-Բելառուս դաշինք՝ չերեւակայելով Հայաստանի կյանքն՝ առանց «հավերժ բարեկամի»: Մյուսը ծառս է լինում բոլոր այն նախաձեռնությունների դեմ, որոնք սպառնում են իրենից խլել իր «դարավոր եւ հավերժ ոսոխին»՝ շարունակելով փայփայել «պանթուրքիզմի վտանգի» տեսլականը կյանքի կոչելու հույսը՝ դրանից բխող ծանոթ քաղաքական հետեւություններով: * * * Ոմանք, այնուամենայնիվ, պնդում են. «Եթե ոչինչ էլ չանեինք, միեւնույն է՝ ԽՍՀՄ-ը փլուզվելու էր, եւ մենք ստանալու էինք այդ անկախությունը»: Եթե այդպես մտածեինք եւ ոչինչ չանեինք մենք, եթե այդպես մտածեին եւ ոչինչ էլ չանեին Մերձբալթյան երկրները, մյուս հանրապետությունները, եթե այդպես մտածեին եւ ոչինչ էլ չանեին Ռուսաստանի ժողովրդավարական ուժերը՝ ԽՍՀՄ-ը չէր փլուզվելու, այլ՝ վեր էր ածվելու ԳեԿաՉեՊեական բռնապետության փտախտով տառապող, աստված գիտի որքան երկար ձգվող հոգեվարքով մի երկրի: Իսկ փտախտը ոչնչացնում է նախ ծայրանդամները: Պայքարելով հանուն անկախության եւ կենտրոնի դեմ՝ մենք պայքարում էինք մեր ապրելու իրավունքի համար: Շատ երկար ընդմիջումից հետո՝ դառնում պատմության գործոն, ինքներս կերտում մեր պատմությունը: Եվ պատմությանը հատուցում մեր պարտքը: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել