Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլո Մաքիավելին «Տիրակալը» աշխատության մեջ, տալով երկու կայսրությունների՝ Դարեհ III Կոդոմանեսի Պար

Հոկտեմբեր 13,2001 00:00

ՄԱՐՏՆՉՈՂ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Նիկոլո Մաքիավելին «Տիրակալը» աշխատության մեջ, տալով երկու կայսրությունների՝ Դարեհ III Կոդոմանեսի Պարսկաստանի եւ Լյուդովիկոս XII-ի Ֆրանսիայի համեմատական բնութագիրը, նշում է, որ Դարեհի կայսրությունը գրավելու համար բավարար էր նրան սպանելը: Կայսրությունը չուներ քաղաքական կառույցներ, ազնվականություն, ողջ բյուրոկրատիան, տեղական սատրապները նշանակովի էին, կախված կայսեր կամքից: Այդ իսկ պատճառով նրանք ատամներով պաշտպանում էին Դարեհին, սակայն նրա իշխանության տապալումից եւ Ալեքսանդր Մեծի հաջորդների՝ Սելեւկիդների օտար իշխանության հաստատումից հետո նույն հաճույքով սկսեցին ծառայել օտարներին: Այլ էր խնդիրը Ֆրանսիայում, որտեղ կար կայացած ազնվականություն, որոնք իրենց ինչքն ու պաշտոններն ունեին ոչ թե թագավորի կամոք, այլ իրենց ծագման շնորհիվ ու նրանցից շատերը միապետ դառնալու հավերժական հավակնորդներ էին: Այս իրավիճակն ուներ անընդհատ երկպառակությունների պոտենցիալ, չկար ցանկալի «ազգային միասնությունը», շուտ-շուտ դինաստիաներ էին փոխվում, սակայն Ֆրանսիան իր պատմության ընթացքում երբեք օտարի կողմից չնվաճվեց: «Պոպլավոկի» սպանությունը հիշեցնում է Դարեհի սատրապների վարքագիծը, որոնք նախագահի վարկի ու նրա հասցեին ասվող խոսքերի համար նախագահից ավելի նախանձախնդիր են, իսկ եթե նոր տեր գա՝ նույն հլու-հավատարիմ աչքերով ու բերանից վազող շողիքով կծառայեն նրան: Նույնը ճիշտ է նաեւ մի ողջ շարք նախարարների ու հավատարմության «քֆուր կերած» ազգային գործիչների եւ մանր-մունր չինովնիկների մասին: Խոսքը պետական ծառայողի՝ քաղաքական ռեժիմների նկատմամբ ինվարիանտության մասին չէ, այլ, որ սրանք նույն մոլեռանդությամբ հհշականների օրոք հայհոյում էին դաշնակներին, ինչպես հիմա՝ դաշնակների օրոք՝ հհշականներին: Ըստ էության, հենց սա է հանդիսանում մեր ընտրական համակարգի հիմքը, երբ այս ամենահոծ զանգվածը իր պաշտոնի հետ կապված կարող է կորցնել ամեն ինչ ու այդ պատճառով էլ մեզանում նոր իշխանությունը պետք է ձեւավորվի ներկա իշխանության կողմից: Վերջերս մի հրապարակում եղավ կուսակցություններից մեկի մասին, թե նրա համար կարեւորը իշխանության փեշի տակ լինելն է. նշենք, որ մեկը չէ այդպիսին, շատերն են, ու սրանց անգամ չի հետաքրքրում փեշատիրոջ փոփոխությունը՝ միեւնույն է, իրենք այնտեղ շարունակելու են իրենց գործը: Միաժամանակ այս խավը խիստ զգայուն է ուժի հանդեպ, անմիջապես զգում է կշեռքի թեքվելը եւ ինքն էլ դրա հետ թեքվում. հիշենք 1998-ին խորհրդարանի երկրապահացումը, կամ այն, որ Գավգամելայի ճակատամարտում պարտությունից հետո Դարեհին սպանեցին նրա զինակիցները: Լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը ուզում է Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ԱԻՄ-ի ու ՀՌԱԿ-ի մասնակցությամբ մի կուսակցություն ձեւավորել, որով կիրականացնի «Ընտրություններ-2003» կամպանիան: Կարեւոր չէ, ճիշտ են այս լուրերը, թե ոչ, կարեւորն այն է, որ թե Քոչարյանը, թե հասարակությունը բնական կընդունեն քաղաքական այս մեռելների վերահառնումը: Հայտնի ավանտյուրիստ Օստապ Բենդերը պնդում էր, թե ռեինկարնացիայից հետո մեռելներն առաջին հերթին մարգարին են ուզում: Մարգարին կա՝ կտան, որ տարբեր նպատակների ծառայեցնեն: Քաղաքագիտական գրականության մեջ մերի նման համակարգը բնութագրվում է որպես բյուրոկրատական-ավտորիտար: Նման համակարգում հասարակության մոբիլիզացիան ռացիոնալ արժեքներով չի կատարվում՝ անհրաժեշտ է գաղափարախոսություն; Հիշենք թեկուզ բրեժնեւյան «զարգացած սոցիալիզմը», Դեն Սյաոպինի «երկու ուղին» կամ մեր «ծովից ծովը»: Հզոր երկրները կարող են իմաստազրկել գաղափարախոսությունը, նույնիսկ ինչ-որ չափով՝ պարտավոր են, քանի որ ունեն քաղաքական ուղեգիծ, իսկ գաղափարախոսությունը ծառայում է որպես այդ ռազմավարությունն իրագործելու գործիք: Չմերժելով մոբիլիզացիոն գաղափարախոսության անհրաժեշտությունը, մեր դեպքում սա դառնում է չափազանց զգայուն խնդիր, քանի որ քաղաքական վերնախավը մտավոր ռեսուրսների սակավության պատճառով հնարավորություն չի գտնում քաղաքական գիծ մշակելու: Գաղափարախոսությունը իշխանության նկատմամբ պարզունակ մոտեցման դեպքում ընդունվում է տառացիորեն, իսկ քաղաքական գործընթացները լավագույն դեպքում հարմարեցվում են եղած գաղափարախոսությանը: Միայն այսկերպ կարելի է ընդունել «Ղարաբաղի հարցը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է» կոչը: Վատագույն դեպքում, սակայն, քաղաքական ուժերը գաղափարախոսությունը նույնացնում են գործողությունների հետ, քայլեր են անում անմիջականորեն գաղափարախոսության ազդեցության տակ՝ որպես նրա դիդակտիկ պարզաբանում: Ու միայն այսպես կարելի է ընդունել վերջերս սկսված արկածախնդիր արշավը Ջավախքի հարցում, որը եթե պետական քաղաքականություն էլ չէ, սակայն զգացվում է որոշակի հավանություն: Զարմանալի չէ նաեւ մի շարք կուսակցությունների ներգրավումն արկածախնդրության մեջ, ինչն ապացուցում է դեռեւս հզոր ռուսական ագենտուրային ցանցի առկայությունը հայ քաղաքական շրջանակներում: Բնական էր, որ Պուտինի Բաքու այցելելուց հետո նրանք սկսեցին խոսել Հայաստանի դեմ պատերազմը վերսկսելու մասին, գաղափարախոսությունը նույնքան բնական է դարձնում, որ Պուտինի երեւանյան այցից հետո մենք պետք է խոսեինք Վրաստանի դեմ պատերազմի մասին: Նման գաղափարախոսության ծիսական ֆունկցիան օգտագործվում է նաեւ զանգվածների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Բովանդակազրկված, լոզունգացված «Հայ Դատը» այն պրոկրուստյան մահիճն է, որով կարելի է չափել, բռնադատել ու գիլյոտինել: «Գարեջուր տրվում է միայն պրոֆմիության անդամներին», պատմում էր ռուս ականավոր արձակագիր Իլֆ Պետրովը: Նույն բենդերականությամբ անհրաժեշտ է անընդհատ եւ ճիշտ պահերին հայտարարել, որ անդամ ես, եւ կտրվի իշխանական ամբրոսը, ազգային ճանաչում ու տեղ կերատաշտի մոտ: Եթե ազգային չես, դեմ ես գեղեցիկ Ստամբուլ քաղաքն արյան ծով դարձնելու պոռոտախոսությանը, ապա ազգային-պետական օխլոկրատիան քեզ ապահովում է քարակոծումը: Կարծում եմ, սրանք մի կարեւոր, լրացուցիչ փաստարկ են հօգուտ Վազգեն Մանուկյանի, ԱԻՄ-ի ու ՀՌԱԿ-ի: Մի ոչ երկրորդական ֆունկցիայի մասին եւս. այս գաղափարախոսությունը լեգիտիմացնում է ցանկացած ռեժիմ: Հիշենք 98-ը. ասում էին, թե կարեւոր չէ՝ օրինակա՞ն է Քոչարյանը, թե՞ ոչ, կարեւորն այն է, որ ազգային է, որ հաստատ կպաշտպանի Ղարաբաղյան հարցը, որ Դաշնակները կողքին են՝ ուրեմն նաեւ Հայ Դատը, որ նախորդ ռեժիմից չէ (????), ուրեմն նաեւ ժողովրդի դարդերը: Ինձ թույլ տամ մի ոչ քրեստոմատիական նկատառում, թե ինչու է մերն ուրիշ, մեր ազգային գաղափարախոսության առանձնահատկությունների մասին: Մնալով միշտ այլընտրանքն ապահովելու ժողովրդավարական հրամայականին հավատարիմ, մենք պահեստում ունենք լրացուցիչ, նույնքան ապաբովանդակ, նույնքան պոպուլիստական ու ազգային մի շարք, որոնք կարելի է օգտագործել ըստ հարմարության, ինչպես «մարդու իրավունքները», «Ռուսաստան-Բելառուսը», «Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ավանդները», «ժամանակակից շուկայական օրենքները», «նախկին հանցագործ իշխանությունները», «40 հազար աշխատատեղը» եւ այլն: Երբ Եվրոպայից մարդ է գալիս՝ «շուկան» ենք հանում, երբ բէց-երը ռուսներին ենք ծախում՝ «Բելառուսը», երբ Հունանյան Նաիրիին են նեղացնում՝ «մարդու իրավունքները», երբ Թայլանդից խալաթ ենք բերում՝ «ավանդները»: Կարեւորն այն է, որ նրանք նույնքան մաքուր են ու արդարացուցիչ, որքան «արյան ծովը»: Որպես մոբիլիզացիոն գաղափարախոսության գործնական կիրառում, կրկին հիշենք, որ սա օգնեց Վիետնամին 70-ականներին հաջողությամբ պայքարել կարմիր կխմերների եւ Չինաստանի դեմ, մեզ՝ 90-ականների վերջին Ադրբեջանի դեմ, սակայն երբ գալիս է տնտեսության վերականգնման եւ արդիականացման շրջանը, ապա կարողանում է աշխատել միայն այն դեպքերում, երբ ունի նախորդ տոտալիտար համակարգից ժառանգած պոտենցիալը, ինչպես խրուշչովյան ԽՍՀՄ-ը, կամ կղզիանում է ինչպես Ֆիդելի Կուբան կամ թեոկրատական Իրանը: Որպես պարտադիր պայման, պետք է, այստեղ քննարկման չենթակա մի շարք պատճառներով, մարտական ուղիներ փնտրելուց կենտրոնանանք միայն խաղաղ զարգացման հեռանկարի վրա: Ն. Մաքիավելին, չլինելով բարձր բարոյական արժեքներ կրողների ջատագով, տիրակալների համար որպես պարտադիր պայման էր համարում, որ սրանք կարողանան խուսափել ատելությունից ու արհամարհանքից: Մեզ համար կարեւոր պահ նկատելով նշված աշխատության XIX գլուխը, որտեղ նա խոսում է եւ բանակի, եւ ժողովրդի հետ լավ հարաբերություններ պահպանող տիրակալների մասին, հենց նրա փաստարկներով նշենք, որ պետության ապաերկրապահացում իրականացրած (կարեւոր չէ՝ ինչ մեթոդներով) Ռոբերտ Քոչարյանի համար արդեն պարտադիր է իր արարքներին բարոյական տեսք տալը: Հզոր պահնորդական ապարատով շրջելու դեպքում անհրաժեշտ է մի փոքր տեխնիկական հագեցվածություն, որ լինի «Պոպլավոկում», թե այլուր, անմիջապես ճշտվի պոտենցիալ զոհի ռեգիոնալ պատկանելությունը, կուսակցականությունը եւ այլն: Այլապես հիմար ու ծիծաղելի իրավիճակում ես հայտնվում, երբ Ստրասբուրգում ջավախահայության մասին «Մարդու իրավունքների» քարոզի նախորդ օրը Երեւանի կենտրոնում նրա նախագահի աչքի առաջ (մի շարք լրատվամիջոցների ակնարկով՝ նրա հրամանով) ջավախահայ դաշնակ է սպանվում: ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել