Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դանդաղ նախապատրաստում րոպեավճարի՞ն

Հոկտեմբեր 13,2001 00:00

Ի՞նչ է կատարվում «ԱրմենՏելի» բաժանմունքներում Դանդաղ նախապատրաստում րոպեավճարի՞ն Մինչ «ԱրմենՏելը» Արշակ Սադոյանի հոկտեմբերի 4-ին արված հայտարարությանը կպատասխաներ, թե «տնօրինությունը տեղեկացնում է, որ «ԱրմենՏելը» երբեւէ որեւէ մեկի հետ անօրինական գործարքի չի գնացել», մինչ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նույն Արշակ Սադոյանին հոխորտալից կպատասխաներ, թե «Պատգամավորների խնդիրը չէ բանակցություններ վարելն ու միջնորդ հանդես գալն ինչ-որ մի բաժնետիրական ընկերության եւ կառավարության միջեւ։ Պատգամավորները, պարզապես, թող չխանգարեն, կառավարությունն արդեն ամեն ինչ արել է եւ թույլ չի տալու կիրառել րոպեավճար», իբրեւ բաժանորդ գնում եմ հեռախոսավարձս մուծելու։ Փակում եմ տարին, որպեսզի ոչ հույների, ոչ հայերի մոտ խայտառակ չլինեմ։ Օպերատորը ցույց է տալիս ապակե «պատի» վրա փակցրած պայմանագիրը, ասելով՝ պատրաստվեք պայմանագիր կնքելու։ Ժամկետը կարճ է, մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Հայրենի իշխանություններն այլ բան են հորդորում՝ գործարքի չգնալ «ԱրմենՏելի» հետ, եւ հասկացնում են, թե իրենք են այս երկրի հողի, ջրի, քարի, կապի… տերը։ Փորձում եմ ծանոթանալ օպերատորի մատնանշած պայմանագրին։ Եթե աթոռի վրա էլ կանգնեմ, հաստատ չեմ տեսնի մեքենագիր տեքստը եւ անգիր չեմ էլ հիշի պայմանագիրը։ Մանավանդ որ, մի քանի պայմանագրեր հազիվ եմ մտապահում ուղեղումս (աշխատանքային, վարձակալության, հեղինակային ծրագրի…)։ Խնդրում եմ ինձ տրամադրել «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից բաժանորդին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների» մասին պայմանագիրը։ Ասում են՝ չենք տա։ Ասում են՝ կարդա «պատի» վրա։ Պատճառաբանում եմ, որ ապագա պայմանագիր կնքողը ես եմ լինելու, հետեւաբար, պատը մեր տուն չեմ տանելու եւ, որ վիրավորական է, հերթի մեջ, մարդկանց շարքերի մեջ խցկվելով արտագրել մի բան, որի վրա, որպես բաժանորդի, շարադրված է իմ իրավունքներն ու պարտականությունները։ Օպերատորը՝ ապագա պայմանագրի կողմը, ելքը գտնում է. գնա պետի մոտ։ Նույն պատճառաբանություններն անում է պետը։ «27 հազար բաժանորդի համար էսքան թուղթ որտեղի՞ց»։ Բայց չէ՞ որ դա թուղթ չէ, նախ եւ առաջ, եւ ապա, բաժանորդի իրավունքն է իմանալ ի՞նչ բովանդակության պայմանագիր է կնքելու ինքը։ Որպես բաժանորդ հասկացա, որ զրո արժեք ունեմ։ Ստիպված ներկայանում եմ իբրեւ լրագրող եւ ԶԼՄ օրենքը վկայակոչելով, պահանջում պայմանագիրը։ Պետը անխոս ինձ է տրամադրում երանելի «թուղթը», նույնիսկ նկատում, որ «գեղեցիկ աչքեր ունեմ»։ Ըստ պայմանագրի, բաժանորդին մատուցվում է հեռահաղորդակցության ծառայություններ, որի դիմաց բաժանորդը կատարում է վճարումներ։ «Օպերատորի» կողմից հաշիվները «բաժանորդին» ներկայացվում են մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ»։ Ըստ նույն այս պայմանագրի, ԶԼՄ-ներով «բաժանորդին» մատուցվող ծառայությունների սակագների եւ վճարման կարգի փոփոխման մասին 30 օր առաջ տեղեկացնելու պարտավորություն է ստանձնում «Արմենիա Տելեֆոն Կոմպանին»։ Այստեղ ուշագրավ տարբերություն էլ կա. «Հաշվարկել եւ գանձել բաժանորդային վարձը՝ բաժանորդի մեղքով հեռախոսակապի անջատված ժամանակահատվածի համար»։ Ինչպե՞ս է բաժանորդի մեղքը ապացուցվելու, ո՞վ է ապացուցելու, հեռախոսակապը կարող է անջատվել նույն «ԱրմենՏելի» կողմից հազարումի պատճառաբանություն մեջտեղ բերվելով։ Ինչո՞ւ չի սահմանվել «բաժանորդի» հնարավոր «մեղքերը», որով տույժ է մուծելու բաժանորդը։ Ինչո՞ւ չի սահմանվել նույն այս պարբերությունը նաեւ մյուս կողմի համար. «Հաշվարկել եւ գանձել գումարը՝ օպերատորի մեղքով հեռախոսակապի անջատված ժամանակահատվածի համար»։ Թե՞ սա միակողմանի պայմանագիր է։ Ի դեպ, «օպերատորները» լավ էլ «ստրախովկա» ունեն. «Ելնելով գործող տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորություններից, ապահովել կայուն եւ անխափան հեռահաղորդակցության ծառայություններ»։ Համոզված չե՞ք, որ վաղը արդարանալու են. գործող միջոցը սա է, ի՞նչ անենք կամ ի՞նչ եք ուզում։ Դե գրեք նաեւ. «Ելնելով բաժանորդի գրպանում գործող հնարավորություններից, բաժանորդը վճարումները կատարում է լրիվ ծավալով»։ Երկրորդ «ստրախովկան» սա է. «օպերատորը» պատասխանատվություն չի կրում «բաժանորդի» տեխնիկական միջոցների անսարքությունների հետեւանքով հեռահաղորդակցության խափանումների համար»։ Դժվա՞ր է ապացուցել, որ քո հեռախոսի տեսքն անգամ խանգարել է կապի անխափան իրականացմանը։ Օպերատորի պատասխանատվությունը հետեւյալումն է. «Օպերատորը պատասխանատվություն է կրում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ ձեւով կատարելու համար»։ Եթե բաժանորդին խեղճացնելու ձեւը գտնված է («բաժանորդը վճարման ժամկետները խախտելու համար վճարում է տույժ՝ վճարման ենթակա գումարի 0,5%-ի չափով, յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ ուշացման առաջին 15 օրվա համար»), ապա օպերատորի կամ ծառայությունն իրականացնող «ԱրմենՏելի» նկատմամբ տույժի ստվեր անգամ չի տարածվում։ Իսկ մինչ պայմանագիրը կիրառելը, բաժանմունքներում հունարեն են սովորում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել