Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքի

Հոկտեմբեր 13,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ- 2 Շարքի նախորդ՝ արցախյան հիմնահարցին նվիրված հոդվածում, արդեն հայտնվել է միտքը, թե Հայաստանում իշխանական ցնցումների առիթ կարող է տալ նաեւ «27»-ի դատավարությունը: Դատավարության ապահովումը Այն, որ այսօր ընդհանրապես ընթանում է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, ոչ թե «շնորհիվ Քոչարյանի» է, որքան էլ նախագահի աշխատակազմից պատեհ ու անպատեհ այդ մասին ազդարարեն, այլ «ի հեճուկս Քոչարյանի»։ «27»-ի գործում մեծագույն ինտրիգը, թերեւս, պատասխանն է այն հարցին, թե ո՞վ էր Երեւան հրավիրել «Ալֆա» ջոկատայիններին։ Այլ կերպ ասած, ո՞ւմ էր ձեռնտու Նաիրի Հունանյանի հանցախմբի ոչնչացումը: «Ալֆա» ջոկատը հրավիրելու նախաձեռնություն, ի պաշտոնե, կարող էին ցուցաբերել առավելագույնը 4 անձ՝ նախագահը, ՊՆ, ՆԳ, ԱԱ նախարարները։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ռազմական ոստիկանության ուժերով շրջափակել էր խորհրդարանը, ըստ էության, արգելելով «Ալֆա» ջոկատայինների մուտքը: «Ալֆա» ջոկատը վայրէջքից հետո տարվել է ՊՆ, այդտեղից էլ, առանց որեւէ գործողության մասնակցելու՝ հետ մեկնել։ Հետեւաբար, որեւէ տրամաբանությամբ, չէր կարող «Ալֆա» ջոկատայիններին Հայաստան հրավիրել Վաղարշակ Հարությունյանը, հակառակ դեպքում, ինքը նրանց անգործության չէր մատնի։ Սերժ Սարգսյանը հանրապետության տարածքից դուրս է եղել ահաբեկչության պահին եւ հաջորդող մի քանի ժամերին: Հուսալի ալիբի է: Բայց Սարգսյանը «Գորշ կարդինալի» այնպիսի իմիջ ունի, որ նրա առնչությամբ երբեք ոչինչ չի կարելի բացառել: Թեեւ հաստատել էլ հազիվ թե հնարավոր է: ՆԳ նախարարը նույն ընթացքում գտնվել է ԱԺ դահլիճում, միջանցքներում, հետեւաբար, Մոսկվա հեռաձայնել ու բանակցել չէր կարող: Ինքնաբերաբար կասկածները խտանում են Քոչարյանի անձի շուրջ։ Մանավանդ որ, նախագահի աշխատակազմից ինչ-որ հետահայաց միֆ են հյուսում, թե իբր նա իրավիճակ է վերահսկել: Եթե նույնիսկ չի էլ վերահսկել, այլ ընդամենը ջանացել է, դա ենթադրում է, որ օտարերկրյա միջամտությունը չէր կարող նրան շրջանցել եւ նրա կողմից չարտոնվել: Հետեւաբար. ինչո՞ւ էր Քոչարյանը հրավիրում «Ալֆա» ջոկատ եւ ինչո՞ւ էր ցանկանում ոչնչացնել Նաիրի Հունանյանի հանցախումբը։ Նկատառումները կարող էին բազմաթիվ լինել, բայց դրանք «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» տրամաբանությանն են ենթակա: Վստահաբար եւ մեծ հաշվով չէր կայանա այսօրվա դատավարությունը: «27»-ին հաջորդող օրերին հասարակական տրամադրությունները հակված էին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մեղադրելու կատարված ոճիրի համար: Ալիկ Հարությունյանի ձերբակալությունից հետո Քոչարյանն ինքը խոստովանեց, թե թելերն իր կողմը տանելու մտայնություն է երեւում։ Հայաստանում վենդետան խորթ երեւույթ չէ եւ հասարակությանը օտարոտի չէր թվալու Ռոբերտ Քոչարյանից «Հոկտեմբերի 27»-ի համար վրեժխնդիր լինելը, նախ պաշտոնանկ անելու, այնուհետեւ գուցե քրեական գործ հարուցելու ճանապարհով։ Հասարակությունը նման ընթացքի չէր ընդդիմանա։ Այլ հարց, որ գուցե նախագահը որոշ զինյալների իր համար վահան դարձներ՝ հրահրելով բախումներ։ Այն, որ Հայաստանը խուսափեց նման աղետից, պետք է վարչապետի պաշտոնը ստանձնած Արամ Սարգսյանի անձնական ծառայությունը համարել։ Նրա ներկայությամբ հիրավի ցավող կամ ձեւացող որեւէ անձ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւալու ասպարեզ չուներ։ Արամ Սարգսյանի պատասխանատվությունը եւ բարոյական ըմբռնումները դեր կատարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դեռ նախագահ է եւ երկրում էլ «Հոկտեմբերի 27»-ի դատավարություն է ընթանում։ Վաղարշակ Հարությունյանի եւ Արամ Սարգսյանի ներկա գործունեությանը կարելի է այս կամ այն կերպ վերաբերվել, նրանց քաղաքական դերակատարությանը վստահել կամ ոչ, բայց անցյալը չի սրբագրվում։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ապահովումը, այնուհետեւ ոճիրը «ակն ընդ ական» պատգամով չպատժելու հաստատակամությունը՝ այդ մարդկանց նվաճումն է եւ Հայաստանի՝ քաղաքակրթության օրրան ու քրիստոնեական ներողամտությամբ օծյալ երկիր լինելու անստվերելի վկայությունը։ Միջանկյալ հետեւություններ Դատավարության առայժմ ընթացած հատվածը որեւէ լույս չի սփռել սպանության կազմակերպման եւ իրագործման հանգամանքների վրա, այն ընդամենը Նաիրի Հունանյանի վարքագիծն է ըստ ամենայնի քննել: Այլ հարց է դատավարության անդրադարձը իշխանությունների եւ քաղաքական ուժերի դիրքորոշումների վրա: Այս առումով մինչ այժմ կատարվածը դիմակազերծումների շքահանդես էր: Իշխանությունների՝ «27»-ի հանցագործությանը մեղսակից լինելու կասկածները շեշտակի ուժգնացան, երբ ՀԺԿ առաջարկը՝ ստեղծել ներկայիս, Վահագն Գրիգորյանի կողմից ղեկավարվող ԱԺ հանձնաժողովը, դրվեց քննարկման: Ընդդիմախոսները խոսք չէին զիջում միմյանց: Թեեւ օրինակ, Աղվան Վարդանյանն այնպիսի միամիտը չէ, որ լրջորեն չպատկերացներ, թե «հանձնաժողովը Նաիրի Հունանյանին զուգարան ուղեկցելուց բացի ի՞նչ կարող է անել»: Եթե ոչ Վարդանյանը, ապա ինչ-որ մեկը նրանից վեր վստահաբար կանխատեսել էր, որ այդ հանձնաժողովի ստեղծումով Ստեփան Դեմիրճյանը հասարակական գիտակցության մեջ հաստատվելու է իբրեւ «27»-ի բացահայտման նախանձառուն: Ընդսմին, նրա հեղինակությունն աճելու էր անկախ հանգամանքից՝ համաձայնու՞մ ես իր հետ, թե՞ ընդդիմանում: Եթե իշխանությունները ՀԺԿ պահանջներին ընդառաջեն (հանձնաժողով ստեղծեն, Նաիրիին տեղափոխեն ԱԱՆ-ից եւ այլն), կստացվի, որ Դեմիրճյանն է ուղղորդում: Եթե ընդդիմանան, կասկածներ են ծնելու, թե բացահայտումներից են սարսափում: Երկրորդ անգամ, էլ ավելի վճռական ձեռնոցներ նետվեցին, երբ համաներմամբ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «27»-ի գործով մեղադրյալներ: (Մոտավորապես նույն կերպ, ինչ ոմանց հավաստմամբ խոստացել էր Ալիկ Հարությունյանը Հունանյանին, դեռ հոկտեմբերի 27-ի գիշերը): Համաներումից հետո Դեմիրճյանը այրեց կամուրջները՝ հայտարարելով, թե իշխանությունը հովանավորում է ահաբեկիչներին: Ասվածի շռնդալից հաստատումը եղավ Քոչարյանի՝ Ագոյի խմբին արված հավաստումը, թե իր օրոք Հայաստանում մահապատիժ չի իրագործվի: Ի դեպ «Պապլավոկի» պատմության մեջ «խրվելուց հետո» ակնհայտորեն Հայաստանում միանգամայն ավելորդ են մահապատիժները. Քոչարյանի անվտանգության ծառայությունը հասարակությանը (թե՞ Քոչարյանին) կպաշտպանի վտանգ ներկայացնող անձանցից: Հետեւաբար, մեծ ճշմարտություն կա ՀԺԿ նախագահի այն հայտարարության մեջ, թե ինքը ընդդիմադիր չէ ներկա իշխանություններին, այդ իշխանություններն են ընդդիմադիր այս երկրին ու ժողովրդին: Ինչ-որ տեղ գուցե նույնիսկ պատվից ցած կլիներ Դեմիրճյանի համար ընդդիմադիր լինել Քոչարյանի ծագումը, անցյալն ու անփառունակ ներկան ունեցող անձի, ում հանդեպ կուտակված մերժմանն այս երկրում ամեն քայլափոխի ես դիմահարվում՝ հանրահավաքներից մինչեւ ժամանցի վայրեր: Ստեփան Դեմիրճյանը ճիշտ է նաեւ իր այն դիտարկման մեջ, թե ժողովրդից վախեցող կամ մերժվող իշխանությունը անընդունակ է կառուցողական գործունեության: Դեմիրճյանի շուրթերից դա չի հնչում իբրեւ իշխանատենչություն, որքան էլ փորձեն ներկայացնել: Այդ մարդը հասակ է առել իշխանության մեջ եւ չի կարող ինչ-որ պաշտոնով ինքնարժեւորվել: Մեկ անգամ արդեն հայտնվել է միտքը, թե «Ստեփան Դեմիրճյանի հետ իշխանության մասին խոսելը համազոր է թվում թատրոնի օթյակում բորսայական գործառնություններ քննարկելու»: Նույնիսկ այսօր, երբ պետական քարոզչական մեքենան խազ ընկած ձայնապնակի նման կրկնում է, թե նա իշխանության է ձգտում: Հազիվ թե այդ մարդը երբեւէ իշխանության ձգտի (նման դեպքում իշխանամետները հեռանկար կտեսնեին եւ չէին փախչի ՀԺԿ-ից): Այլ հարց, որ իշխանությունները գիտակցում են, թե հենց Ստեփան Դեմիրճյանն է, ում որեւէ կերպ հնարավոր չէ արատավորել եւ ում ազգանունը արդեն իսկ հասարակության բարեհաճությունը վայելելու երաշխիք է այս երկրում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել