Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Վարդանյանն անգամ նրան էր պատրաստ վաճառել ցեմենտի գործարանը։

Հոկտեմբեր 13,2001 00:00

«Ուզում է՝ Վանոն գար» Դավիթ Վարդանյանն անգամ նրան էր պատրաստ վաճառել ցեմենտի գործարանը։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի հետ զրույցի սկզբում նախ մեր անկեղծ ուրախությունը հայտնեցինք, որ «Արարատցեմենտ» գործարանի վաճառքի շնորհիվ պետական գանձարանը հարստացավ 10 մլն դոլարով (6 մլն՝ բաժնետոմսերի համար, 4 մլն՝ հողատարածքի)։ Կրկնակի՛ ուրախալի է, որ գնորդը՝ շվեյցարական «Հոլսիմ գրուպ» ընկերությունը, պատրաստվում է 12 մլն դոլար ներդրում անել, 7 մլն 800 հազար դոլար էլ հատկացնել ձեռնարկության սոցիալական կարիքներին։ Միայն մի բան է մտահոգում, որի մասին եւ հարց ուղղեցինք նախարարին։ Ի՞նչն էր խանգարում, որ նույն կերպ մրցույթո՜վ, բարձր գնո՜վ վաճառվեր նաեւ «Հրազդանցեմենտը»։ Հիշեցնենք, որ այն անհամեմատ ավելի էժան՝ 700 հազար դոլարով, վաճառվեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մտերիմին՝ Միխայիլ Բաղդասարովին։ Դավիթ Վարդանյանի բացատրությունը հետեւյալն էր. «Հրազդանցեմենտը» նույն ձեւով վաճառելու փորձ արվել է։ Երկու բան կա՝ առաջարկների ընդունում եւ մրցույթ։ «Արարատցեմենտի» վերաբերյալ էլ մենք նախ հայտարարել էինք առաջարկների ընդունում։ Եվ ի՞նչ եղավ՝ կոլեկտիվն առաջարկ ներկայացրեց, «Հոլսիմը» ցանկություն հայտնեց, նաեւ՝ լիբանանյան ընկերությունը։ Այդ ամենի հիման վրա մենք հասկացանք, որ գնորդները մի քանիսն են եւ մրցույթ անցկացրինք։ Ու մոտավորապես կարողացանք որոշել գինը, քանի որ նրանք առաջարկել էին 5-10 մլն դոլար։ «Հրազդանցեմենտի» վերաբերյալ նույն կերպ հայտարարել էինք առաջարկների ընդունում։ Ոչ մի առաջարկ չեղավ՝ բացի մեկից»։ Կարելի է եզրակացնել, թե որ գործարանը գնելու ցանկություն են ունենում հայտնի կլանի հովանավորությունը վայելող գործարարները՝ ուրիշ որեւէ մեկը դրան մոտ չի գալիս, հայտ չի ներկայացնում։ Մեր այս ենթադրությանն ի պատասխան Դավիթ Վարդանյանն ասաց. «Շատ կներեք, ես առանձնասենյակումս նստած՝ իմ պարտականությունների մեջ չի մտնում հնարավոր գնորդներին ուսումնասիրելը։ Նույն կերպ էր նաեւ «Հայապակու» պարագայում՝ մի հոգի էր դիմել (հիշեցնենք՝ դիմորդը պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի տիկինն էր՝ Նազիկ Ամիրյանը.- Ա. Ի.)։ Ճիշտն ասած, ինձ համար բացարձակ մեկ է, թե ով է դիմում։ Իսկապե՛ս մեկ է։ Ուզում է՝ Վանո Սիրադեղյանը գա, դիմի, եթե մի առաջարկ է եղել՝ վե՛րջ, կապ չունի, թե ով է։ Ամբողջ հարցն այն է, թե գոնե նվազագույն պահանջներին բավարարո՞ւմ է։ Եթե ես սկսեմ համակրանքներով եւ հակակրանքներով առաջնորդվել՝ անիմաստ բան կստացվի։ Ես գտնում եմ, որ, ընդհակառակը, նախարար եմ եւ պետք է լինեմ չեզոք՝ այդ տեսակետից, ու դիտարկեմ միայն գործարար առաջարկները։ Սեփականաշնորհումը քաղաքական չի, եղա՞վ։ Որոշ օբյեկտներ, իհարկե, կան, որ չենք դրել մրցույթի։ Մեծ մասամբ կոլեկտիվներն են մասնավորեցնում փոքր ու միջին օբյեկտները, քանի որ, մեկ է, արդեն փորձը ցույց է տվել, որ դրանց գնորդ չկա։ Իսկ եթե, ասենք, թեկուզ երկու գնորդ է լինում՝ այդ դեպքում դնում ենք մրցույթի»։ Իհարկե, անգամ պատգամավորական մանդատից զրկվելու սպառնալիքը չստիպեց, որ Վանո Սիրադեղյանը դարձյալ հայտնվի ասպարեզում։ Բայց սատանան սիրում է կատակել՝ գուցե եթե նա իմանար, որ իր երբեմնի բնութագրումով՝ «ՀՀՇ-ի փոքր եղբայր ԱԺՄ-ի» անդամ Դավիթ Վարդանյանը պատրաստ էր իրեն սեփականաշնորհել ցեմենտի գործարանը՝ դուրս գար ընդհատակից, հը՞։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել