Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դա ոչ մեկին չի խանգարելու, կարծում է Տիգրան Թորոսյանը

Հոկտեմբեր 13,2001 00:00

«ԵԹԵ ՄԻ ՊՈՂՈՍ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ» Դա ոչ մեկին չի խանգարելու, կարծում է Տիգրան Թորոսյանը ԱԺ-ն երեկ փորձեց քննարկել ՀԺԿ-ի ներկայացրած (իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հեղինակած) «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Ըստ երեւույթին, խորհրդարանական կուսակցություններին առանձնապես չէր հետաքրքրում վերոհիշյալ օրենքի նախագիծը, քանի որ խիստ պասիվ, նույնիսկ ոչ դիտորդական կարգավիճակով շատերը չուզեցին մասնակցել։ Ներկաներից ոմանք էլ հերոսական ջանքերով փորձեցին տպավորություն ստեղծել, թե օրենքի նախագիծն իրենց հետաքրքրում է։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովի մինչ այժմ արտահայտած երեք կարծիքը «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի մասին՝ մի քանի անգամ շեշտելով, թե հանձնաժողովը բազմաթիվ դիտողություններ է ներկայացրել, ինչի հետ չհամաձայնեց ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը՝ ասելով, որ կան նաեւ գովեստի խոսքեր, իսկ դիտողությունները հիմնականում վեցն են՝ մնացածը բխում է այդ վեցից. «Մենք շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովից հատկապես երկու դիտողության համար, որը համարում ենք մեր վրիպումը. մեկը վերաբերում է կուսակցությունների անդամների թվաքանակին, մյուսը՝ արտակարգ իրավիճակներին վերաբերող դիտողությունն է։ Կար առաջարկ, որ պետությանն իրավունք տրվի արտակարգ իրավիճակներում կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ Բայց քանի որ չկան երաշխիքներ կուսակցությունների համար, իհարկե, համաձայն ենք, որ այդ կետն ընդհանրապես հանվի»։ Ստեփան Զաքարյանը նախագծի վերաբերյալ երկու դիտողություն միանշանակ անընդունելի համարեց. մեկը՝ որ օտարերկրյա քաղաքացիների կուսակցության անդամ դառնալուն էր վերաբերում։ Նախագծի հեղինակները կտրականապես դեմ են, որ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հնարավորություն ունենան զբաղվել կուսակցական եւ քաղաքական գործունեությամբ։ Եթե խոսքը փախստականներին է վերաբերում, ապա Ստ. Զաքարյանն առաջարկեց, որ այդ մարդիկ շատ հանգիստ կարող են դառնալ Հայաստանի քաղաքացի։ Ի դեպ, այս մտքին համաձայն չէր, ասենք, նախկին ՀԺԿ-ական, այժմ՝ «Միասնություն» խմբակցության քարտուղար եւ ԺԴԿ անդամ Գագիկ Ոսկանյանը, որն իր անձնական կարծիքն արտահայտելով, ասաց. «Եթե այդ մարդկանց զավակները ծառայում են Հայաստանի բանակում, պետք է մասնակցեն նաեւ կուսակցությունների աշխատանքին»։ Ստեփան Զաքարյանի ներկայացմամբ, ճիշտ չէ թույլատրել համայնքային կուսակցությունների ստեղծումը, քանի որ դա Հայաստանում կվերածվի քյավառցիների, գյումրեցիների եւ ասենք՝ ապարանցիների կուսակցությունների։ Ի տարբերություն այս տեսակետի, նախկին ՀԺԿ-ական, այժմ ԺԴԿ անդամ Միսակ Մկրտչյանն ասաց, որ համայնքային կուսակցությունները ոչ մեկին չեն խանգարի, թող լինեն։ Տիգրան Թորոսյանի պնդմամբ էլ՝ միեւնույն է, երկրի քաղաքական կյանքը տնօրինում է մի քանի կուսակցություն միայն, մնացածը թող լինի, ինչո՞ւ ոչ, մանավանդ, քաղաքական կյանքին խանգարելու որեւէ հիմք չի կարող ունենալ։ Քննարկումներին ներկաները քննարկեցին նախագծի մի քանի հարցեր միայն՝ փախստականների անդամակցությունը կուսակցություններին, կուսակցությունների հիմնադրման պահանջները, լուծարումը՝ կապված ընտրությունների արդյունքներից, պատգամավորին մանդատից զրկելու հարցը (ի դեպ, այս հարցի կապակցությամբ որոշվեց, որ քանի դեռ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն չի կատարվել, այս հարցը բաց կմնա), հաջորդը՝ նախագահի ընտրության կապը՝ բյուջեի ֆինանսավորման հետ։ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը կարծիք հայտնեց, որ այն կուսակցությունը, որն ընտրություններում բավարար ձայներ չի հավաքի, պետք է լուծարվի։Ըստ էության, այս կարծիքին գրեթե բոլոր ներկաներն էին համաձայն։ Այս պարագայում, ի՞նչ կսպասվեր ասենք ՀՌԱԿ-ին, ԱԻՄ-ին եւ մյուս՝ խորհրդարանական խաղից դուրս մնացած կուսակցություններին։ Ի դեպ, «դրսի» կուսակցություններից օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքներ էին ուղարկել միայն Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը եւ ՀՌԱԿ-ը։ Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի գնահատական-կարծիքը սկսվեց նրանից, որ բոլոր օրենքները քաղաքական ենթատեքստ ունեն, բայց այս մեկն առավել քաղաքական է եւ այդ առումով արդարադատության նախարարությունը «խոր մասնակցություն» չի ենթադրում։ Իսկ զուտ իրավական դաշտին համապատասխանության առումով նախարարությունը պատրաստ է քննարկումների մասնակցել։ Փախստականների մասնակցության վերաբերյալ միայն հարկ համարեց ասել, որ Սահմանադրության 25 հոդվածը պետք է հարգել եւ այլ լուծումն ընդունելի չի կարող լինել այս պայմաններում։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ՝ ոչ խորհրդարանական կուսակցություները եւս իրենց կարծիքները կներկայացնեն օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի դեպ, հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, եւ հարցը մտել է մեծ օրակարգ։ Կառավարությունը եւս ունի իր եզրակացությունը եւ ըստ Տիգրան Թորոսյանի, երեկ իրենց խնդիրը խորհրդարանականները կատարեցին։ Վերջում հավելենք, որ քննարկումներին ներկա չէին կոմունիստները, դաշնակցականները, «Իրավունք եւ միաբանությունը», «Հայաստան» խումբը եւ էլի շատերը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել