«Միսս ամիսը» գեղեցկության մրցույթներից «ամենաարդարն» է Մեր երկրում, ինչպես նաեւ այլուր, շատ են կազմակերպվում գեղեցկության մրցույթներ։ «Միսս Հայաստանին», «Աստղիկին», «Միսս մանկապարտեզին» հաջորդեց «Միսս ամիսը», գուցե շուտով կկազմակերպվի նաեւ «Միսս թաղամաս» կամ, ինչու չէ՝ «Միսս շաբաթ, քանի որ մեր երկրում կգտնվեն վճարունակ անձինք, որոնք երեւի թե չեն հրաժարվի հովանավորել այդ մրցույթներից որեւէ մեկը։ «Միսս ամիս» գեղեցկության մրցույթի կազմակերպիչը Երեւանի Կամերային թատրոնն է, որը չի կարողանում նույնիսկ մասնակիցներից գանձված գումարներով ապահովել նրանց էժանագին կոսմետիկան եւ մրցույթի մասնակիցների համար ապահովել հավասարաչափ մրցակցային պայմաններ։ «Միսս ամիսը» հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ եւ էկրաններին ցուցադրվում շաբաթական մեկ անգամ (մեկ անգամ էլ կրկնություն)՝ երկուական նրբագեղ օրիորդների մասնակցությամբ։ «Միսս ամիս» տիտղոսին պետք է արժանանա վեց մասնակիցներից որեւէ մեկը, որի համար ամենակարեւոր նախապայմանը ամենեւին էլ չի հանդիսանում նրա գեղեցիկ լինելը, այլ այն, թե ո՞ւմ տոհմն է ավելի մեծ։ Ասում են, որ «Միսս ամիս» տիտղոսին կարժանանա նա, ով հեռուստադիտողի ընտրությամբ եւ նրա հեռախոսազանգերի շնորհիվ կկարողանա հավաքել ավելի շատ ձայն։ Այժմ այնքան շատ են մարդկանց առօրյա պրոբլեմները, որ նրանք դժվար թե կարողանան հիշել ու ամեն շաբաթ հետեւել մրցույթի հեռարձակմանը, որպեսզի հեռախոսազանգի միջոցով կարողանան իրենց ձայնը տալ նախընտրած գեղեցկուհու օգտին։ Միամիտ կլինի հավատալ մրցույթի կազմակերպման անաչառությանը, քանի որ կազմակերպիչները միտումնավոր անհավասարազոր պայմաններ են ստեղծում մրցույթի մասնակիցների համար. ամսվա առաջին 2 շաբաթվա մասնակիցներին՝ հեռախոսազանգերն ընդունելու համար տրամադրելով 7 օր, իսկ վերջին շաբաթվա մասնակիցներին՝ ընդամենը երկուսուկես օր։ Ասում են, որ իրենց «օրենքը» դա է։ Իսկ երբ ծանր հիասթափություն ապրած մասնակիցները զանգահարում են Կամերային թատրոն՝ դժգոհություն արտահայտելու իրենց նկատմամբ անհավասար պայմաններ ստեղծելու համար, լսափողը վերցնում է հաղորդման ռեժիսորն ու ինքնագոհ տոնով հայտնում, որ «մրցույթը արդար է, թե անարդար՝ էդ էլ թող մենք որոշենք»։ Մրցույթից առաջ նրանք մասնակիցներին հավաստիացնում էին, որ յուրաքանչյուր մասնակցին հեռախոսազանգերի համար տրամադրելու են մեկական շաբաթ՝ անկախ նրանից, թե հոլովակը երբ կցուցադրվի՝ ամսվա սկզբում, թե՝ վերջում։ Իսկ հեռախոսազանգերը ամեն ամիս ընդունում է որեւէ մի կազմակերպություն։ Ճշտվո՞ւմ են արդյոք հեռախոսազանգերը. ամենեւին էլ ոչ։ Մնում է միայն ոգեշնչել մեր հայ աղջիկներին, որ նրանք չհուսալքվեն՝ ապրելով ծանր հիասթափությունն ու իրենց անարդար պարտությունը, այլ թող հասկանան, որ իրենց մասնակցության շնորհիվ «Միսս ամիսը» գոյատեւեց եւս մեկ ամիս։ Իսկ մեր երկրում եւ արտերկրում բնակվող բոլոր հարուստ ու վճարունակ անձանց կոչ եմ անում հովանավորել ֆինանսական ծանր կացություն ապրող «Միսս ամիս» մրցույթը, որպեսզի այն շարունակի գոյատեւել, չէ՞ որ մրցույթներից «ամենաարդարն» է։ Հավաստիացնում եմ նաեւ, որ հարցը հաղթողի կամ պարտվողի կարգավիճակին չի վերաբերում՝ այլ նրան, որ դեռ կյանքի նախաշեմ ոտք դրած գեղեցկության հավակնորդներն արդեն բախվեցին երկրում տիրող անարդար գործընթացներին։ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ