Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ

Հոկտեմբեր 12,2001 00:00

ԱՐՎԵՍՏԻ ԱՐԺԵՔԸ ՃԻՇՏ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ Երիտասարդ նկարիչների պրոբլեմները Զրուցակիցս՝ Խաչիկ Աբրահամյանը, Հայ երիտասարդ նկարիչների կենտրոնի նախագահն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ։ Վաղ շրջանից սկսել է նկարել եւ մասնակցել է միութենական ու միջազգային ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների։ – Ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս ստեղծվեց Հայ երիտասարդ նկարիչների կենտրոնը։ – Այդ մտահղացումը կար դեռեւս ուսանողական տարիներից։ Մենք, երիտասարդներս ձգտում էինք հաղորդակից լինել ժամանակի կերպարվեստի նորություններին, որին բուռն կերպով հետեւում էին արտերկրի երիտասարդ նկարիչները։ Միաժամանակ ցանկանում էինք, որ մեր ստեղծագործությունները հայտնի լինեին նաեւ արտերկրում։ Ձգտում էինք մեր գործի մեջ լինել ավելի անկախ եւ ինքնուրույն։ Ինչպես գիտեք, այն ժամանակներում դրա հնարավորությունները սահմանափակված էին եւ ուզում էինք համախմբվելով ելք գտնել։ 1990 թվականին իմ երիտասարդ արվեստակից ընկերների հետ ստեղծեցինք Հայ երիտասարդ նկարիչների կենտրոնը։ – Ձեր կազմակերպությունը բոլորեց իր տասնամյակը։ Ի՞նչ ձեռքբերումներ կան։ – Կազմակերպությունը կարողացավ իր շուրջը համախմբել Հայաստանի եւ արտերկրի մոտ 400 երիտասարդ նկարիչների։ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Չեխոսլովակիայից, Բուլղարիայից, Հոլանդիայից, Դանիայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Վրաստանից մեզ միացան շատ նկարիչներ, ինչը մեծ ազդեցություն ունեցավ մեր արվեստակիցների աշխարհըմբռնման, արվեստի մեջ նորամուծություններին հաղորդակից լինելու եւ, ընդհանրապես, ստեղծագործական մակարդակի աճի վրա։ Այդ ամենի վկայությունը եւ արդյունքը եղան աշխարհի բազմաթիվ մշակութային հեղինակավոր կենտրոններում կազմակերպված մեր ցուցահանդեսները, որոնք հաջողությամբ անցան եւ արվեստագետների ու մասնագետների կողմից բարձր գնահատականների արժանացան։ – Որո՞նք են այսօրվա Ձեր դժվարությունները։ – Այսօրվա մեր դժվարությունները նույնն են, ինչ բոլորինը։ Երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակն իր ազդեցությունն է թողել մեր կյանքի բոլոր բնագավառների, հետեւապես նաեւ մշակույթի վրա։ Արվեստագետներս այդ ամենի ամենածանր ազդեցության ոլորտում գտնվողների շարքում ենք։ Այդ է պատճառը, որ վերջին տարիների մասսայական արտագաղթի մեջ ընդգրկվեցին նաեւ արվեստագետներ, որոնց թվում՝ երիտասարդ եւ որակյալ շատ մասնագետներ։ – Բայց, այնուամենայնիվ, այդ պայմաններում ստեղծվեց եւ գործում է Ձեր կենտրոնը։ – Այո՛, այդպես է։ Բայց ի՞նչ գնով։ Երբ 1990-ին ստեղծվեց մեր կազմակերպությունը, դեռ վիճակը այսպիսին չէր եւ շատ հույսեր ունեինք։ Քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում մեզ հատկացրեց Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի նախկին շենքը՝ 800 քմ տարածքով։ Այնտեղ կազմակերպեցինք մեր կենտրոնի անդրանիկ ցուցահանդեսները, միջոցառումները։ Բայց դա երկար չտեւեց։ Ինչ-որ մարդկանց խումբ, որոնք ինչ-ինչ հավակնություններ ունեին, չարաշահելով շենքի վթարային կոչվելու հանգամանքը, 1991-ի գարնանը մի գիշեր ջրամատակարարման համակարգից միտումնավոր ջրհեղեղ ստեղծելով՝ ավերեցին շենքը։ Ես եւ իմ գործընկերները դրա հետեւանքով փլատակների տակ կորցրինք շուրջ 250 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներ։ Դա մեր կյանքի ամենածանր օրերից մեկն էր։ Փորձեցինք վարկավորում ստանալ՝ մեր կազմակերպության վիճակը բարելավելու համար՝ չստացվեց։ Հայտնվեցին արտերկրյա հովանավորներ, որոնք ուզում էին մեր շենքը վերականգնել, դա էլ խոչընդոտվեց տեղական չինովնիկների կողմից։ 1995-ին մեր շենքի տեղում, առանց մեզ տեղյակ պահելու, կառուցվեց բոլորովին այլ շենք։ Մինչեւ օրս էլ չենք կարողանում իմանալ՝ ո՞ւմ համար եւ ի՞նչ շենք են այնտեղ կառուցում։ Չնայած այդ ամենին, մենք շարունակեցինք եւ շարունակում ենք մեր ստեղծագործական աշխատանքները։ – Առաջիկայում ի՞նչ կարեւոր միջոցառումներ են սպասվում, ի՞նչ ծրագրեր եւ նպատակներ ունեք։ – Արտերկրում ցուցահանդես կազմակերպելու մի շարք հրավերներ կան։ Մշակույթի նախարարության հետ ծրագրում ենք ցուցահանդեսների մի շարք անցկացնել այս տարվա ընթացքում՝ ԱՊՀ երկրներում։ Մեր կազմակերպությունը որոշել է հայ եկեղեցու 1700-ամյակի կապակցությամբ առանձին եւ ինքնուրույն նախաձեռնությամբ հանդես գալ, որը համաձայնեցված է Վեհափառ հայրապետի հետ եւ այդ հարցում կա նրա հովանավորությունն ու աջակցությունը։ Դա շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումն ու անցկացումն է հանրապետության մարզերում ու քաղաքներում։ Արդեն հաջողությամբ ցուցահանդեսներ անցկացրինք Գյումրիում, Վանաձորում, Սեւանում, Սիսիանում, Ղարաբաղում։ – Ի՞նչ կասեք արվեստի այսօրվա վիճակը բարելավելու եւ նրա հիմնական արժեքները փրկելու ու պահպանելու համար։ – Արվեստի վիճակը բարելավելու գլխավոր միջոցը պետական հովանավորությունն է, որը միայն ֆինանսական միջոցների տրամադրմամբ չի արտահայտվում։ Ճիշտ է, դա շատ կարեւոր է, բայց այսօրվա տնտեսական, հատկապես ֆինանսական վիճակը պետությանը չի ընձեռում այդ հնարավորությունը։ Բայց պետությունը կարող է արվեստին օգնել երկրում եւ արտերկրում ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու միջոցով, որը որոշակիորեն կթեթեւացնի արվեստի մարդկանց նյութական կացությունը։ Արտերկրի եւ միջազգային կազմակերպությունների հետ նպատակամղված ձեւով համագործակցության ստեղծումը եւս կնպաստի արվեստագետների ստեղծագործությունների պրոպագանդմանը եւ արտաքին շուկայում նրանց իրացման գործին։ Հասարակական կազմակերպությունները, մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները պետք է գիտակցեն արվեստի դերն ու նշանակությունը եւ ամենքն իրենց հնարավոր միջոցներով սատար կանգնեն նրան։ ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել