Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ,

Հոկտեմբեր 12,2001 00:00

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ Երեկ, «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ, մինչեւ իր հարցերը տալը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը՝ ամփոփելով նախորդ հարցաքննությունները, հայտարարեց, որ ամբաստանյալին ողջ ընթացքում տրվել է 7000 հարց։ Նա հայտարարեց նաեւ, որ երկուշաբթի օրը դատարան կբերվեն մնացած 6 ամբաստանյալները՝ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանովը, Վռամ Գալստյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը, եւ դատարանը կանցնի ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքների հրապարակմանը։ Ի դեպ, գալիք երկուշաբթին ծանրաբեռնված օր կլինի դատարանի համար այն իմաստով, որ, օգտվելով 7 ամբաստանյալների ներկայությունից, հավանաբար, կողմերը միջնորդություններ կանեն։ Չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գա ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Դրա հետ կապված՝ այն կարող է հոգեբանական ազդեցություն գործել խմբի անդամների վրա։ Չնայած «ծրագրելով» իր երկուշաբթին, Հունանյանն ասաց, որ իր հետ կբերի այն պատգամավորների ցուցակը, որոնք գործով տուժողներ են անցնում։ Ցուցակի հրապարակումն ընդամենը մի խնդիր ունի. «ճշտել», թե ովքեր են իրական տուժողները։ Երեկ, ի դեպ, մի քանի անգամ կոչով հանդես եկավ դատավոր Սամվել Ուզունյանը։ Այդ կոչը քաղաքական նրբերանգներ, հաստատ, չուներ, այլ ընդամենը հորդորանք էր ամբաստանյալին՝ անկեղծ լինելու։ Եթե գնահատելու լինենք Ուզունյանի հարցադրումները, ապա կարող ենք ասել, որ դրանք հնչում էին առաջին անգամ եւ կրկնվող հարցեր չէին։ Հարցաքննողը, դիմելով ամբաստանյալին, հարցրեց. «Դուք դատաքննության ժամանակ հայտարարել եք, թե ձեր բնակարանից առգրավվել են 10% ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր։ Ինչո՞ւ չեք միջնորդել, որ մնացած 90%-ը կցվի գործին»։ Ամբաստանյալը հայտնեց, որ այդ հարցն ինքը բարձրացրել է 99-ի նոյեմբերից, երբ զինդատախազությունում տեսել էր առգրավված երկու պայուսակ ապացույցներ։ Նա խնդրել է, որ իրեն թույլ տան այդ ամբողջը զննելու։ Հետեւեց հաջորդ հարցը, թե արդյո՞ք ամբաստանյալը դիպլոմ է ունեցել։ Առավել ուշագրավ էր պատասխանը։ Ամբաստանյալ Հունանյանը հայտնեց, որ մի հավաքի ժամանակ ԵՊՀ ռեկտոր Սերգեյ Համբարձումյանը հանդիմանել է ուսանողներին, թե նրանք գալիս են ԵՊՀ ոչ թե գիտելիքի, այլ դիպլոմի համար։ Ինքն էլ հրաժարվել է դիպլոմը վերցնել։ Այս կապակցությամբ դատարանը հարցում կանի համալսարանին։ Ամբաստանյալը մի անգամ եւս հավաստեց, որ ինքը երբեք հնազանդ չի եղել եւ, որ ինքը, մասնակցելով ՀՀՇ 1-ին համագումարին, կարող էր համագործակցել ՀՀՇ-ի հետ, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի հետ ունենալով մոտիկ հարաբերություններ, որն այն ժամանակ ղեկավարում էր ՀՀՇ-ն, սակայն չի արել այդ։ ՀՀՇ-ի հետ շփումների արդյունքում իր համար պարզել էր, որ ՀՀՇ-ն դառնալու է կուսակցություն։ Ի դեպ, մի ուշագրավ տեղեկատվություն էլ էր տվել ամբաստանյալը, որը, իր ասելով, ստացել էր հայկական համայնքից եւ Թուրքիո պատրիարքից. դա այն էր, որ Հայաստանից 60 հազար հոգի գաղթել են Պոլիս։ Իբրեւ աղբյուր վկայակոչվեցին նաեւ թուրքական պաշտոնական տվյալները։ Դատավոր Ս. Ուզունյանը մեջբերեց ամբաստանյալի դատաքննական ցուցմունքից հետեւյալ հատվածը. «օրենքը, երբ հակասում է բանականությանը, պետք է շրջանցել»։ «Իբրեւ դժգոհ տարր, մի կողմից դժգոհում եք, մի կողմից՝ օրենքներ գրում, որոնք ավելի խիստ են։ Ինչպե՞ս հասկանալ»։ Այս հարցին ամբաստանյալը, ինչպես դահլիճում գտնվողներից մեկը նկատեց, սկսեց «յուղ վառել», թե՝ բա չե՞ք ասի, մեր ողջ հասարակությունը կարող է վկայել, որ մենք ապրում ենք երկակի ստանդարտներով, որ ինքն այդ երկվության վերացման կողմնակից է, սակայն, ինչպես եւ շատ ու շատ հարցեր, փորձեց «ջրել»։ Հայրենիքի դավաճանության մեղադրանքի հետ կապված՝ դատավորը վկայակոչեց ամբաստանյալի այն հայտարարությունը, որ նա ասել էր, թե իր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ – Ո՞ր պետության քաղաքացին եք դուք։ Ո՞ր պետության դեմ եք կատարել հանցագործությունը։ Ամբաստանյալը փորձեց «հայրենասիրական» զեղումներ անել, թե հայրենիքը Սահմանադրության մեջ իրավաբանական կատեգորիա չէ, թե հայրենիքը դա պետություն չէ։ Հետեւեց հաջորդ հարցը. – Դուք գործել եք ո՞ւմ դեմ։ – ՀՀ վարչապետի։ Իհարկե, ցանկալի կլիներ հարցադրումը նորից շարունակել, թե այդ դեպքում ո՞ր պետության նախագահի հետ է հանդիպել ամբաստանյալը, ո՞ր պետության դատական երաշխիքներն էր ուզում եւ ո՞ր պետության ժողովրդից էր օգնություն ակնկալում… Երեկ, պատասխանելով իրեն Նուբարաշենի մեկուսարանից «մոտակա բլուրները տանելու եւ գնդակահարության իմիտացիա» ստեղծելու մասին հարցին, ամբաստանյալը հայտնեց, որ զինդատախազությունից իրեն տարել են օպերատիվ խմբի անդամները, 2-3 մեքենայով։ «Նիվան», որի մեջ գտնվում էր ինքը, վարում էր Էդիկ Ոսկերչյանը, օպերատիվ խմբից Կարեն անունով մեկը եւ մեկ բարձրահասակ գյումրեցի։ «Դեկտեմբերի 26-ի երեկոյան ժամը 7-ի կողմն էր։ Այնտեղ բարձր տեղ էր, իջել ենք, փոս տեղ էր։ Ամենայն հավանականությամբ կրակողը օպերատիվ խմբից Կարենն էր»։ Հարցրին թե ինչ էին պահանջում իրենից, ամբաստանյալն ասաց, թե նրանք ուզում էին, որ չհրաժարվի ցուցմունքներից: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել