Խաբված ավանդատուների նոր որակ Այնքան էլ ճիշտ չէ անդրադառնալ որեւէ դատական գործի մանրամասներին, երբ այն դեռ ավարտված չէ։ Բայց այս մեկին պետք էր անդրադառնալ թեկուզ եւ նրա համար, որ այս գործով «քաշվածների» թիվը հասնում է 112 հազարի։ Գորիս քաղաքի բնակիչ Սամվել Մեժլումյանը 1994 թվականի մայիսի 19-ին 72 հազար դրամի ներդրումով դառնում է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի ավանդատու։ Ընկերության Երեւանի թիվ 6654 դրամարկղում ավանդը ձեւակերպվում է 3 բաժնով՝ Ս. Մեժլումյանի որդի Աշոտի եւ թոռներ Տիգրանի ու Սամվելի անուններով, հինգ տարի եւ ավելի ժամանակով, տարեկան 156% տոկոսադրույքով։ Ընդ որում, այդ ժամանակ «Հայխնայբանկում» սահմանված կարգով ավանդներն ընդունվել ու տոկոսները հաշվարկվել են բարդ եղանակով, այսինքն, ամեն տարվա հունվարի 1-ին տոկոսով հաշվարկված գումարն ավելացնելով ավանդի մայր գումարին, տոկոսների հաշվարկը շարունակվել է արդեն ավելացված գումարից։ Եվ այսպես, մեր ավանդատուն ստանում է 3 բանկային գրքույկները, մինչեւ տարեվերջ (1994) պարբերաբար ստուգում իր տոկոսների աճի խաղաղ ընթացքն ու հանգիստ վստահությամբ սպասում բաղձալի կլորիկ գումարի ժամանակին։ Բայց մասնաճյուղի աշխատակիցը նրան վճարում է 5.551.000 դրամ եւ ստորագրել տալիս մի ստացական այն մասին, որ Ս. Մեժլումյանը պարտք-պահանջ չունի «Հայխնայբանկի» հետ։ Դրան գումարած, աշխատակիցը վերցնում է նաեւ նրա որդու՝ Աշոտ Մեժլումյանի անվամբ բանկային գրքույկը։ Սամվել Մեժլումյանն էլ, կարծելով, որ ինքը ստացավ միայն տղայի ավանդի գումարը, ստորագրում է ստացականն ու տեղեկանում, թե երբ կարող է ստանալ մնացածը՝ 4.419.229 դրամ։ Աշխատակիցն ասում է, թե՝ հետո։ Մի «գեղեցիկ» օր էլ Ս. Մեժլումյանին տեղեկացնում են. «Ի՞նչ փող, ի՞նչ բան, դու քո գումարը լրիվ ստացել ես, ու համապատասխան ստացականն էլ կա»։ Քաղաքացու զայրույթին ի պատասխան՝ տեղեկացվում է, որ 1995 թվականի հունվարի 1-ից «Հայխնայբանկի» նախագահի (Մանդակունի) հատուկ հրամանով ավանդների տոկոսադրույքները սկսել են հաշվել պարզ եղանակով, այն է՝ տոկոսները հաշվարկել միայն «մայր» գումարից։ Բացի այդ, տարեցտարի տոկոսադրույքի չափը նվազեցվել է՝ հասցվելով մինչեւ 24%-ի։ Խաբված ավանդատուն անհապաղ դիմում է դատական ատյանների օգնությանը։ ՀՀ վճռաբեկ դատարանը 1999-ին որոշում է կայացնում, որով «Հայխնայբանկը» պետք է վճարեր չվճարված գումարը։ Որոշումը չի կատարվում։ 2001 թվականի հունիսի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսում եւ կայացնում է վճիռ, ըստ որի, «Հայխնայբանկը» պետք է վճարեր հայցվոր կողմին 27.350.990 դրամ։ Նույն գործով «Հայխնայբանկի» հակընդդեմ հայցը դատարանը մերժել է, «անհիմն» հայտարարելով այն։ «Հայխնայբանկը» վճիռը բողոքարկել է, գործի լսումը տեղափոխվել է վերաքննիչ դատարան։ Ըստ հայցվորի ներկայացուցիչ Տ. Քիշմիրյանի, երրորդ նիստից առաջ պատասխանողի ներկայացուցիչն ասել է, որ իզուր են չարչարվում, որ այդ հարցն արդեն լուծված է արդարադատության նախարարի եւ վերաքննիչ դատարանի հետ։ Պատասխանող կողմի՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Իրավաբանական գլխավոր վարչության պետ, «Հայխնայբանկի» խորհրդի նախագահ Հայկ Դավթյանը գործի բողոքարկման հիմնավորումը սկսեց այն բանից, որ մինչեւ 1999 թվականը «Հայխնայբանկն» իր ավանդատուների հետ չի կնքել գրավոր պայմանագիր երկկողմանի պարտավորությունների մասին, այլ ընդամենը տրամադրել է գրքույկ, բացելով համապատասխան քարտ՝ հաշվի համարով։ Տոկոսադրույքի փոփոխությունները հրապարակվել են ԶԼՄ-ների, ինչպես նաեւ բանկի մասնաճյուղերում պատին փակցված հայտարարությունների միջոցով։ – Մենք մեղավո՞ր ենք, որ ավանդատուն 5 տարվա ընթացքում մի անգամ չի եկել բանկ՝ տեղեկանալու իր փողերի վիճակին,- պատճառաբանեց Հ. Դավթյանը։ Նա «աբսուրդ» որակեց վճռաբեկ ու առաջին ատյանի դատարանների վճիռները, ասելով, որ այդ ժամանակ ֆիննախը գործից անտեղյակ էր, իսկ «Հայխնայբանկի» մի «անհաջող ներկայացուցիչ չի կարողացել նորմալ պաշտպանել բանկի շահերը»։ Ստացվում է, որ, օգտվելով հանգամանքից, դատահաշվապահական փորձաքննությունը տարվել է սխալ ուղղությամբ՝ շրջանցելով մի շարք օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր։ Այստեղ հենց այնպես նշենք, որ փորձաքննությունն անցկացրել է արդարադատության նախարարության փորձագիտական խումբը՝ անկախ աուդիտորների մասնակցությամբ, ու անցնենք առաջ։ Այսպիսով, ըստ Հ. Դավթյանի, քանի որ տոկոսադրույքի հաշվարկման պարզ եւ բարդ եղանակները չեն նշվում խնայդրամարկղի գրքույկի կամ քարտի մեջ, ուստի փորձաքննությունը չէր կարող պարզել դա (իսկ տարեվերջյան արդյո՞ւնքը)։ Քաղաքացիական հին օրենսգրքից ելնելով՝ «Հայխնայբանկը» 1995-ից մտցրել է հաշվարկման պարզ եղանակ, ինչպես նաեւ սահմանել տարբեր տոկոսադրույքներ (տվյալ դեպքում՝ նվազեցում 156-ից 24%-ի)։ – Եթե հարկ լինի, մենք այս խնդրով կմտնենք ԱԺ եւ ընդունել կտանք օրենք այն մասին, որ մինչեւ 1999 թվականը քաղաքացիներից ընդունված ավանդների վրա տարածվում է հին (կամ նախկին) օրենսդրությունը,- ավելացրեց «Խնայբանկի» խորհրդի նախագահը,- հո չե՞նք կարող թույլ տալ, որ առանց այդ էլ ծանր բյուջեի վիճակը ծանրանա եւս 100 միլիարդ դրամի պարտքով։ Պարզվում է, ըստ նրա հաշվարկների, ճիշտ այդքան է կազմում «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի պարտքը իր նախկին 112 հազար ավանդատուների հանդեպ այն դեպքում, երբ նրանք բողոքեն ու պահանջեն սկզբնական տոկոսադրույքով նախատեսված գումարի տարբերությունը։ Այսքանն այս գործի մասին։ Ասենք, որ 2 կողմերն էլ պատրաստվում են պայքարել մինչեւ վերջ, առանց փոխզիջումների, անկախ նրանից, թե որտեղ կավարտվի այդ «վերջը»։ Մեկը մտածում է կորցրածը հետ բերելու, մյուսը, վկայակոչելով պետության շահերը՝ պահպանում է հեշտ խաբեությամբ ձեռք բերածը։ «Ինչպե՞ս անել» հարցի պատասխանը թողնելով անկախ դատական համակարգին, միայն ասենք, որ մեկ է՝ «դիփ խափում ին ու խափում, ու դիփունքս էլ խափված ինք ու խափված»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ