ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀՀ իշխանություններին հաջողվում է չնկատելու տալով կամ, լավագույն դեպքում, ոչ մասնագետ հայտարարելով՝ անտեսել ԳիԱրՔՄի-ի էներգետիկ սենսացիոն բացահայտումները։ Սակայն վերջինս եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը ժամանակ առ ժամանակ հիշեցնում են դրանց մասին՝ փաստարկելով նաեւ դրա համար ընտրված պահը։ Երեկվա հիշեցումը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ կնքված պայմանագրերով, որոնց գործադրումը, ըստ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանի, կաշխուժացնի Հայաստանի՝ ճահճում գտնվող տնտեսությունը։ ԲԷՑ-երի մասնավորեցումը, նա կարծում է, որ կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի արդյունքում այդ պայմանագրերով նախատեսված արդյունաբերության աշխուժացում չի լինի։ Քանի որ «երկրի էներգետիկայի տերը երկրի տերն է»։ Ռուսաստանին սեփականաշնորհելու դեպքում էլ սակագինը կբարձրանա, գտնում է պրն Աղամալյանը։ Թեեւ մի քանի րոպե անց ինքն իրեն հակասեց՝ ասելով, որ այդ դեպքում ռուսները շահագրգռված կլինեն իրենց հայաստանյան արտադրություններին չխոչընդոտելու համար սակագինը ցածր պահելու մեջ։ Բանախոսները մեկ անգամ եւս ներկայացրին արդեն հայտնի հաշվարկները էներգետիկ համակարգում տիրող իրավիճակի մասին։ Հիշեցնենք, որ, ըստ այդ հաշվարկների, էլեկտրաէներգիայի սակագինը հանգիստ կարող է 11-16 դրամ լինել, իսկ համակարգից փոշիանում է տարեկան 100մլն դոլար։ Վերջինի ճակատագրի պատմությունը մեջբերվեց «Նեզավիսիմայա գազետա»-ից. Հայաստանում «ձախ էլեկտրաէներգիայի իրացումից ստացված ավարը տարբեր խորամանկություններով հանվում է էներգահամակարգը սպասարկող բանկերի հաշվեհամարներից»։ Ալ. Աղամալյանը տարակուսում է, որ այս տողերի համար ՀՀ կառավարությունը դատի չի տվել «ՆԳ»-ին։ Իսկ իրենց հաշվարկներին, ըստ էության, առարկայորեն պատասխանելու փոխարեն, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովից իրենց՝ ընդամենը ոչ մասնագետ, եւ հաշվարկներն էլ՝ ոչ արժանահավատ են որակել։ Սակայն ԳիԱրՔՄի-ն շարունակում է պնդել, որ այդ հաշվարկներն արված են համակարգում ներկայումս գործող մասնագետների կողմից, որոնք չեն կարող հրապարակել իրենց անունները։ Կարծում ենք, պարտիզանական շարժումը միայն պատերազմներում է արդարացված, իսկ սեփական երկրի, սեփական ժողովրդի բարեկեցության համար մղվող «ներքին մարտերում»՝ առնվազն անհասկանալի։ Առավել եւս, դժվար է պատկերացնել, որ գործող մասնագետը հայտարարում է. «Ես գող եմ, մի բան արեք, ձեռքս բռնեք»։ Բայց գոնե իր անունը պիտի ասի՞, որ ուրիշի ձեռքը չբռնենք։ Վերադառնանք ասուլիսին։ Այստեղ ներկայացվեց նաեւ Մերգելյանի անվան ինստիտուտում մշակված եւ Փափազյան փողոցի երկու շենքերում փորձարկված (իրենց պնդմամբ՝ հաջողությամբ) «Ուրարտու» էլեկտրոնային համակարգչային համակարգը, որը «հնարավորություն է տալիս վերահսկել էլեկտրաէներգիայի սպառումը եւ հուսալիորեն պաշտպանված է որեւէ անձի միջամտությունից»։ Ասենք, եթե որեւէ պատգամավոր կամ նրա ազգականը (ինչպես, ի դեպ, եղել է փորձարկման ժամանակ) չի վճարում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, նրա բնակարանի հոսանքամատակարարումն անջատվում է ավտոմատ կերպով եւ վերամիացմանը չի օգնի ոչ մի բարեխոսություն-միջնորդություն, միայն՝ վճարումը։ Շուկայական հարաբերություններ են։ «Ուրարտուի» ներդրումն էլ թանկ չէ, մեկ ընտանիքը՝ 100 դոլար հաշվարկով։ Ըստ բանախոսների՝ ավելի էժան, քան հաշվիչների տեղադրումը։ Ըստ վերոշարադրյալի, առաջարկվեց էներգետիկայի առողջացման այլընտրանքային հայեցակարգը՝ «ելնելով ԲԷՑ-երի սեփականաշնորհման դեպքում պետական վերահսկիչ փաթեթի պահպանման սկզբունքից»։ Իսկ որպեսզի ՀՀ իշխանություններն ու հասարակությունը լուրջ վերաբերվի այս ամենին, մեր մամուլն էլ անելիքներ ունի։ Եզրակացրին բանախոսները։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ