Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հոկտեմբեր 12,2001 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը պատմեց գործակալ Հարություն Գրիգորյանի հետ առերեսումից մի դրվագ, որը չի արձանագրվել. «Գործակալի հայտարարությունը՝ «Ինձ 20 օր պահել են ՆԳՆ-ում եւ պարտադրել հայտարարություն տալ դատախազությանը», քննչական մարմինը չարձանագրեց։ Բայց նա հիմա էլ չի հրաժարվում, որ, այո՛, այդպես է եղել, իրեն պարտադրել են»։ Ըստ մեր զրուցակցի, Հարություն Գրիգորյանը դատախազությունում ասել է. «Ես դատարանում կապացուցեմ, որ, այո, կան կազմակերպիչներ, եւ ովքեր են»։ Գործակալի համար այս համոզվածության հիմք են դարձել այն փաստերը, որոնց մասին տեղեկացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված իր խցակիցներից։ Ենթադրելի է, որ դատախազությունն այժմ թերթերից մեկին հրապարակման կտրամադրի այդ առերեսման արձանագրության մյուս հատվածները եւս՝ վերոհիշյալ պնդումների հակառակն ապացուցելու համար։ Ի դեպ, Մուշեղ Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ մամուլում ժամանակին հրապարակված իր առանձնատան լուսանկարին. «Այնպիսի՜ բաներ էին ինձ վերագրել՝ էլ իտալական կահույք (մինչեւ այսօր շենքն էլ չեմ սվաղել), էլ նոր մուլտիմիլիոնատեր… Երեւի Սերժին էին նմանեցրել»։ Մամուլում հրապարակվել էր նախագահի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը, ըստ որի՝ հավաստի չեն «Ալֆա» ջոկատի ժամանման հանգամանքների վերաբերյալ Մուշեղ Սաղաթելյանի բացահայտումները, քանի որ նա այնտեղ չի եղել՝ «Ինչ գործ կարող էր ունենալ նախագահի սենյակում»։ Սրան ի պատասխան ասվեց. «Ինձ ոչ ոք չէր կարող արգելել. պաշտոնիս բերումով՝ ես բոլոր սենյակներն ազատ մտնում էի։ Երբ Սերժ Սարգսյանը կեսգիշերին մոտ եկավ ԱԺ՝ մի պահ մենք առանձին նստած էինք Կարեն Դեմիրճյանի սենյակի մի անկյունում»։ Մուշեղ Սաղաթելյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն լուրերը, թե զինդատախազությանն ուղղված իր մեղադրանքների իրական պատճառն այդ կառույցի հետ նախկինում եղած բախումներն են։ Մասնավորապես՝ հիշատակվում է մի դեպք, երբ քննչական մեկուսարաններից մեկում իր ենթակաների կատարած սպանությունը փորձ է արվել բարդել զինվորական ոստիկանության եւ դատախազության վրա։ Մեր զրուցակիցը հաստատեց, որ զինկոմ Արտյուշա Ղազարյանի սպանության առնչությամբ իրոք եղել են ինչ-ինչ հակասություններ. «Բայց սա երկար պատմություն է։ Հիմա կան մարդիկ, ովքեր դրանով հետաքրքրվում են (փաստաբան, քննիչ) եւ որոնք գիտեն իրականությունը։ Ես դրա վերաբերյալ էլ կարող եմ շատ լուրջ փաստեր հրապարակել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել