Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե

Հոկտեմբեր 12,2001 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ» Եթե միապետն իշխանության է գալիս ժողովրդի օգնությամբ, ապա նա պարտավոր է ամեն կերպ ձգտել պահպանել ժողովրդի բարեկամությունը։ Սա այնքան էլ դժվար բան չէ, քանի որ ժողովուրդը, սովորաբար, շատ քիչ բան է ուզում՝ որ իրեն չճնշեն ու չշահագործեն։ Եթե ղեկավարը իշխանության է գալիս բարձր դասի օգնությամբ, հակառակ ժողովրդի կամքին, միեւնույն է, նրա առաջին գործը պետք է լինի ապահովել իր եւ ժողովրդի բարեկամությունը։ Սա եւս դժվար չէ, եթե երկրի ղեկավարը ժողովրդին վերցնի իր պաշտպանության ներքո։ Ըստ էության, մարդն այնպես է ստեղծված, որ զգալով բարիություն եւ նվիրվածություն նրանց կողմից, որոնցից միայն չարն է սպասվում, առանձնահատուկ սիրով եւ նվիրվածությամբ է լցվում բարերարի հանդեպ։ Մեր երկրի պարագայում, թերեւս, որոշ դասագրքային ճշմարտություններ հատուկ ներդրման կարիք ունեն։ Ժողովուրդն այսօր ի՞նչ վերաբերմունք ունի իշխանությունների նկատմամբ՝ սիրո՞ւմ է, թե՞՝ ոչ այնքան։ Հանրապետության տարբեր շրջաններ կատարած այցերը հիմք են տալիս նկատելու, որ այնքան էլ չի սիրում։ Ժողովուրդն այսօր պատրաստ է ժամերով խոսել իր հոգսերից, դժգոհություններից, իր ծանր կյանքից, եթե տեսնի, որ իրեն լսում են եւ, եթե թեկուզ մի քիչ հավատա, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Ալավերդի կատարած այցի ժամանակ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ «Իշխանությունները վախենում են ժողովրդից։ Իշխանություններն ընդդիմադիր են մեր երկրին եւ ժողովրդին։ Ժողովրդին, որին նրանք արհամարհում են, ժողովրդին, որից միաժամանակ վախենում են։ Այս ջղաձիգ շարժումները, որի մասին խոսեցինք, ոչ միայն այստեղ է։ Ամեն գնով խոչընդոտում են այս հանդիպումները։ Սա ցույց է տալիս, որ մեր իրավապահ մարմիններն ի վիճակի են աշխատել։ Այս ջանասիրությամբ որ աշխատեին մինչեւ հոկտեմբերի 27-ը, «Հոկտեմբերի 27»-ն էլ միգուցե չլիներ»։ Ստեփան Դեմիրճյանի եզրակացությունը հետեւյալն էր՝ քանի որ իշխանությունը վախենում է ժողովրդից, ուրեմն չի կարող երկրի համար լավ բան անել։ Ի դեպ, բազմիցս առիթներ եմ ունեցել լուսաբանել ՀԺԿ ղեկավարների այցերը հանրապետության տարբեր մարզեր, սակայն Թումանյանի տարածաշրջան կատարած վերջին այցն առաջինն էր, որում անթաքույց նկատվում էր իրավապահ մարմինների (իշխանությունների) ակտիվ մասնակցությունը։ ՀԺԿ Ալավերդիի տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանի ներկայացմամբ, հանդիպման համար նախօրոք տրամադրված Ալավերդիի Մշակույթի կենտրոնի հսկա դահլիճը վերջին պահին փոխարինվել է Ալավերդիի քաղաքապետարանի «Սանմաքրում» ԲԲԸ-ի 200 տեղանոց դահլիճով։ Իսկ Թումանյանի շրջանի հեռավոր Լոռուտ գյուղում ՀԺԿ նախագահից եւ նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանից ավելի շուտ հասել էին հատուկ հանձնարարություն կատարող իրավապահները։ Որոշ գյուղացիների հավաստմամբ, համապատասխան «բացատրական» աշխատանք էր տարվել, որ գյուղացիները չմասնակցեին հանդիպմանը։ Թերեւս, սա էր պատճառը, որ հանդիպմանը մասնակցում էին գյուղի տղամարդիկ եւ մի քանի կին։ Այնուամենայնիվ, մարդիկ համարձակվեցին խոսել իրենց հոգսերից, չվախեցան ասել, որ դժվար են ապրում եւ ակնկալում են փոփոխություններ։ Ալավերդի քաղաքում հանդիպման էին եկել ոչ միայն ալավերդցիները, այլեւ Ճոճկան, Օձուն եւ այլ գյուղերի բնակիչներ։ Իշխանությունների եռանդուն միջամտությանն անդրադառնալով, Ստ. Դեմիրճյանն ասաց. «Եկել ենք՝ հանդիպենք մարդկանց, խոսենք, լսենք նրանց։ Ի՞նչ են սարսափահար եղել։ Ուրեմն իրենք մեզնից լավ գիտեն, թե ինչի համար են մեղավոր։ Ուրեմն պատճառ ունեն, որ սարսափահար են եղել։ Եվ շատ լավ էլ գիտեն, որ ժողովրդի համբերությունը սպառվում է։ Շատ լավ էլ հասկանում են, որ ինչքան էլ ճնշումները շարունակվեն, միեւնույն է, կոտրելու ենք այս վախի մթնոլորտը։ Մենք էլ շատ լավ հասկանում ենք, որ նույն այս իրավապահ մարմիններն էլ արդեն հոգնել են նրանց հրահանգներն աներկբա կատարելուց»։ ՀԺԿ նախագահի եզրակացությունն այն էր, որ ժողովրդից վախեցող իշխանությունը ոչ մի հեռանկար չի կարող ունենալ։ Հանդիպմանը ներկա թումանյանցիները շարունակ իրենց խնդիրներից էին խոսում, արտագաղթից, աշխատատեղերի պակասից, կենսաթոշակի եւ աշխատավարձի ուշացումից եւ ասում էին, որ արդեն դանակը ոսկորին է հասել։ ՀԺԿ նախագահը ներկաներից չթաքցրեց, թե ինչու իրենք դարձան ընդդիմություն, եւ ասաց, որ քանի դեռ չի բացահայտվել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, ժողովրդի վիճակը չի լավանա. «Ստացվել է այնպես, որ ով խոսում է «Հոկտեմբերի 27»-ի մասին, ով կասկածի տակ է դնում, որ այս հինգ մարդասպանները միայնակ են, դառնում է ընդդիմություն։ Բայց շատ քչերն են հավատում, որ այս հինգի ետեւում ուժեր չկան։ Բոլորն են տեսնում, որ իշխանությունները հովանավորում են ահաբեկիչներին։ Եվ եկել է ժամանակը, որպեսզի ամեն մեկն ինքն իր համար որոշի՝ ինքն ում հետ է՝ մարդասպաններին հովանավորող իշխանությունների հե՞տ է, թե՞ այս երկրի ու ժողովրդի հետ։ Հարցն այսպես է դրված։ Մնացածը դատարկ խոսակցություններ են»։ Ստեփան Դեմիրճյանն անընդհատ շեշտում էր, որ իրենք գործելու են Սահմանադրության շրջանակներում եւ, որ իրենց համար ոչինչ ինքնանպատակ չէ. «Եթե իշխանությունն ի վիճակի է ինչ-որ դրական քայլեր անելու, մենք կգնահատենք»։ Երկրի իրավիճակի գնահատականը տալով, ՀԺԿ նախագահն ասաց, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ, կարծես թե, գոյություն ունի երկու երկիր՝ երեւակայական (վիրտուալ) եւ իրական. «Մի երկիր, որտեղ ստեղծվում են աշխատատեղեր, շահագործման են հանձնվում գործարաններ եւ այլն։ Իհարկե, առանձին դեպքեր կան (լինենք օբյեկտիվ), բայց, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական իրավիճակը մնում է ծանր եւ ավելի վատանում է»։ ՀԺԿ նախագահի եզրակացությունը (որին միահամուռ արձագանքեցին նրա հետ հանդիպման եկած թումանյանցիները) հետեւյալն էր՝ այսպես շարունակելն անհնարին է, եւ «Ժողովուրդը պետք է ձեւավորի արդար իշխանություն»։ Վերադառնալով սկզբին, պարզապես հուշենք, որ նախաբանի հեղինակային իրավունքը խլել ենք Վերածննդի եւ Լուսավորության ժամանակաշրջանի մեծ մտածող Նիկոլո Մաքիավելուց, որի համար ետին թվով հեղինակից ներողություն ենք հայցում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել