Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 11,2001 00:00

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Վաղը Երեւանում կմեկնարկի երրորդ հազարամյակում շախմատի անդրանիկ խոշորագույն իրադարձությունը՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ Չորս տարին մեկ անցկացվող այս առաջնության մինչեւ այժմ կայացած մրցաշարերը կազմակերպվել են Լյուցեռնում (Շվեյցարիա)։ Սակայն Շախմատի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով Հայաստանի շախմատային ձեռքբերումները, հնագույն եւ իմաստուն այս խաղի հայ վարպետների հեղինակությունը, այս անգամ ուժեղագույն հավաքականների մրցապայքարի կազմակերպումը վստահել է Հայաստանին։ Այն, ինչ տեղի է ունենալու Օպերայի եւ բալետի պետական թատրոնի դահլիճում, իրոք, մեծ տոն է, քանի որ մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն ու միայն հողագնդի ուժեղագույն հավաքականները։ Մասնավորապես, Երեւան են ժամանում շախմատի վերջին համաշխարհային օլիմպիադայի հաղթող Ռուսաստանը եւ մրցանակակիրներ Գերմանիան եւ Ուկրաինան, Ասիայի չեմպիոն Ուզբեկստանը, Ամերիկա աշխարհամասի ներկայիս թիվ մեկ հավաքական Կուբան, Եվրոպայի երկրորդ երկիրը՝ Հունգարիան (չեմպիոնը Հայաստանն է), Աֆրիկայի հավաքականը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի կողմից հատուկ հրավիրված Իրանը՝ որպես աշխարհի տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ մրցաշարի, եւ Մակեդոնիան՝ որպես Եվրոպայի առաջնության եզրափակիչի կազմակերպիչ։ Հայաստանը երրորդ անգամ է մասնակցում աշխարհի թիմային առաջնությանը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որպես առանձին երկիր, մեր հանրապետության նորամուտը ուժեղագույնների մրցապայքար՝ հաջող էր։ Ութ տարի առաջ (1993թ.) մեր հավաքականը գրավեց չորրորդ տեղը։ Չորս տարի անց (1997թ.) Հայաստանի ընտրանին ավելի վստահ հանդես եկավ՝ նվաճելով բրոնզե մեդալը։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ կոլեկտիվ խաղի, բայց նաեւ հատկապես Սմբատ Լպուտյանի փայլուն մասնակցության։ Հիմա էլ մեր թիմը ներկայանում է իր մարտական կազմով։ Հավաքականի գլխավոր մարզիչ, ճանաչված շախմատիստ Արշակ Պետրոսյանը թիմում ընդգրկել է միայն գրոսմայստերների՝ Վլադիմիր Հակոբյանին, Ռաֆայել Վահանյանին, Սմբատ Լպուտյանին, Կարեն Ասրյանին, Աշոտ Անաստասյանին եւ Արտաշես Մինասյանին։ Հուսանք, որ ահեղ պայքարում տան պատերը կօգնեն մեր տղաներին՝ նվաճելու ավելի ազնիվ մետաղից ձուլված մեդալներ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել