Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկա՞։

Հոկտեմբեր 11,2001 00:00

Փող չկա Չկա՞։ Կա՛։ Օդո՛ւմ, բանավոր պայմանավորվածությամբ։ Թղթի վրա չկա, թղթի վրա եղածներն էլ չկան, ուր մնաց օդում խոստացածները։ Մեկ ամսից ավելի փոշու եւ քրտինքի մեջ կորած երկու տասնյակից ավելի քանդակագործ-արվեստագետները Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված քանդակներն են արարում, «Կենաց ծառ» կազմակերպության եւ, կոնկրետ, Սարո Սարուխանյանի հետ պայմանավորվածության համաձայն։ Սակայն հոկտեմբերի 10-ի դրությամբ, երբ 2-րդ անգամ այցելեցի նրանց, հանդիպեցի պրն Խոսրով Հարությունյանին եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, այդպես էլ չկարողացա պարզել՝ ստանալո՞ւ են քանդակագործները իրենց խոստացված 700-ական դոլարը, թե՞ ոչ։ Պրն Սարգսյանը խորհուրդ տվեց այդ հարցով չդիմել Խ. Հարությունյանին, իսկ իմ հարցին՝ որտե՞ղ պիտի տեղադրեն արձանները, պատասխանեց, որ նախատեսված է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքը, բայց կոնկրետ եւ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Առայժմ նախնական ընտրություն է կատարվում, թե որ գործերն են արժանի տեղադրվելու։ Բոլոր քանդակագործները, որոնք այդ օրն աշխատում էին, դժգոհում էին չտեսած, բայց լսած պայմանագիրը խախտելուց։ Նրանք աշխատանքի ընթացքում ոչ մի լումա ավանս չեն ստացել, նույնիսկ տրանսպորտի փող չունեն, ուտելիքը սկզբում վատ էր, հետո բողոքեցին՝ լավացավ։ Հետո, երբ գնաց անգլիացի քանդակագործը, նորից սնունդը վատացավ։ Խոսք էր գնում քանդակները հոկտեմբերի 19-ին հանձնելու մասին, իսկ այժմ Խոսրով Հարությունյանը խոսում է հոկտեմբերի 15-ին սիմպոզիումն ավարտված համարելու մասին։ Քանդակագործները, 700 դոլարը չստանալու դեպքում, իրենց իսկ խոսքերով, ոչ մի աշխատանք էլ չեն հանձնելու։ Հենց այդպես։ Նույնիսկ ավելի վատ՝ «բունտ կանենք, կկատաղենք ու արձանները կջարդենք»։ Հույս ունենք, որ «Կենաց ծառ» կազմակերպության ներկայացուցիչը, որը միջնորդ է քանդակագործների ու 1700-ամյակի գրասենյակի միջեւ, թույլ չի տա բանը «դիվանբաշուն» հասնելու եւ կբավարարի շոգից ու ծանր աշխատանքից հոգնած ստեղծագործողների պահանջները։ Ի դեպ, ուկրաինացի, հայաստանցի, վրացի եւ արցախցի վարպետների կողքին աշխատում էր մի անգլիացի քանդակագործ, որի «Սեղան» մոդեռն աշխատանքը գնահատվեց որպես «արվեստի արժեք չներկայացնող գործ» եւ չի տեղադրվելու ոչ մի տեղ։ Շ. Ա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել