ԹԱՏԵՐԿԱԿԱՆ ԵՐԿՀԱՏՈՐ Բարդ ու հակասական կերպար է Արբի Հովհաննիսյանը՝ մարդ, որն ապրելով Իրանում, Ֆրանսիայում, հանդգնում է սկզբունքային բանավեճի մեջ մտնել աշխարհի չորս ծագերում սփյուռքահայ կյանքը տնօրինողների, հայ գրականության ու արվեստի, թատերական գործիչների, բանասերների ու լեզվաբանների հետ։ Պրպտող, փնտրող, պարզաբանող, գեղեցիկն ու ճիշտը, ճշգրիտն ու մաքուրը փառաբանող, իր կյանքով ու գործով հայ մշակույթի ու արվեստի տաճարի քրմության քղամիդն իր ուսերին պատասխանատվության մեծ գիտակցությամբ կրողն այսօր Գրողների միության հերթական հանդիպմանը պարզ ու հստակ ներկայացնում էր իր բանասիրական 2-3-ամյա աշխատանքի ընթացքն ու արդյունքը։ Երկու գիրք՝ նշանակում է ծնունդ, երկունք, տքնաջան բանասիրական աշխատանք, բծախնդիր խմբագրական գործ ու տնտեսավարչական հարաբերություններ վարելու հմտություն ու կարողություն։ Հեռակա՝ Փարիզ-Երեւան անընդհատ կապի շնորհիվ, այսօր հայ գրասերների, թատերական գործիչների եւ ուսանողների սեղանին է դրված երկու հատոր հայ թատերկաշար (հատոր Ա եւ Բ)։ Գիրքը կազմել ու խմբագրել է Արբի Հովհաննիսյանը։ Հատորներում առաջին անգամ ի մի է բերված 1941-1914թթ. եւ 1915 -1953թթ. գրված հայ թատերկության ընտրանին, մեկ արարով ստեղծագործություններ։ Շարքը սկսվում է Խաչատուր Աբովյանի «Ֆեոդորա կամ որդիական սեր»-ով եւ ավարտվում Նշան Պեշիկթաշլյանի «Հուզումը» պիեսով։ Ի դեպ, Արբին երեկ ԳՄ նիստում բացատրեց, թե ինչու է դեմ պիես եւ դրամատուրգիա բառերին, որոնք այսօր ընդունված տերմիններ են հայ գրականության մեջ։ Հավաքին ներկա էին ՀԳՄ դրամատուրգիայի սեկցիայի անդամները։ Նիստը վարում էր գրող Նորայր Ադալյանը։ Ելույթով հանդես եկան Երվանդ Մանարյանը, Կարինե Խոդիկյանը, Վարուժան Նալբանդյանը եւ այլք։ Նրանք, բոլորն էլ շնորհավորելով Արբի Հովհաննիսյանին, նշեցին այդ հատորների կարեւորությունը հայ թատերկության ժամանակակից պրոբլեմների տեսական խնդիրներին անդրադառնալու, բանասերներին եւ թատերական ուսանողներին հայ թատերկության ընտրանին տրամադրելու, լուրջ ու առաջնահերթ կողմնորոշելու գործը։ «Գրական թերթ» եւ «Դրամատուրգիա» հանդեսների խմբագիր Կարինե Խոդիկյանն իր խոսքում նշեց, որ այն, ինչ ակնկալվում է պետական մի ինստիտուտից, կատարել է մի հոգի՝ իր նվիրվածության ու հավատի շնորհիվ։ Ոմանց զարմանալի է թվում, որ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր այդքան խորությամբ են ընկալում հայ գրականությունը, գրականագիտությունն ու բանասիրությունը։ Իսկ ի՞նչ կա զարմանալու, չէ՞ որ մշակույթն ու արվեստը ընկալելու համար վայրը երկրորդական է, առաջինայինը միշտ էլ օժտվածությունն է ու «Աստծո մատը ճակատին դիպչելու» շնորհը, որ գալիս է վերուստ ու աշխարհագրություն չի ճանաչում։ Արբիին ի վերուստ տրված է այդ շնորհը։ Նա Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ ղեկավարելով «թատրոնի ստուդիան», բեմադրել է Չեխովի «Բալենու այգին» եւ այլ թատերկեր, հրատարակել է «Արդ» հանդեսը, նկարահանել է «Հեղնար աղբյուրը», իսկ Ֆրանսիայում ծավալել է թատերական գործունեություն՝ իր շուրջ հավաքելով տասնյակ դերասանների։ Նա Լեւոն Շանթի, Վազգեն Շուշանյանի եւ Արշիլ Գորկու կյանքից ու արվեստից համադրողական մի ներկայացում է բեմադրել Փարիզում, Հայաստանում պարբերական այցերի ընթացքում շփվել է մշակույթի եւ գրականության գործիչների հետ։ Սունդուկյանի թատրոնում ներկայացրել է 60 էջանոց ծրագիր, որը կարող էր ընթերցումների միջոցով դերասաններին հնարավորություն ընձեռել՝ փոխելու հայ բեմի ու թատրոնի ընդունված մոտեցումը՝ հայ թատերկային գրականության հանդեպ։ Արբի Հովհաննիսյանը շարունակելու է հրատարակել հայ թատերկաշարը՝ բնագրային, հրատարակչական համեմատությունների բովից անցած հայ թատերկության ընտրանին հայ թատրոնի մարդկանց տրամադրելու համար՝ ի բարգավաճումն ու արդիականացումն հայ թատրոնի։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ