Քաղաքակրթությունը մեկն է 2001թ. հոկտեմբերի 6-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Քաղաքակրթության նոր շրջադարձը» հոդվածը մտածելու տեղիք է տալիս։ Լրագրող Լուսինե Պետրոսյանի՝ առաջին հայացքից արտասովոր վերլուծությունը համաշխարհային ահաբեկիչ Oսամա բեն Լադենի մասին է, որին վերագրվում է արեւելյան «մարդկային» քաղաքակրթության պաշտպանի դերը՝ ընդդեմ աշխարհիս հզորների, ընդդեմ մարդու հորինած մեխանիստական համակարգ-պետությունների։ Հեղինակը պնդում է. «Վերացարկվելով Օսամա բեն Լադենի անձից՝ միանգամայն ճիշտ է մոտեցումը, թե Americas New War-ի տեսքով մենք ականատես ենք քաղաքակրթությունների բախման»։ Պարզվում է, որ Արեւմուտքին հակադրվում է Մերձավոր Արեւելքը, որտեղ «քիչ են արհեստածին ու մարդու կողմից հորինված արժեքները»։ Քիչ անց կարդում ենք. «Սեպտեմբերի 11-ից տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո, երբ գոյություն չեն ունենա ո՛չ մարդկային ցավը՝ զոհերի համար, ո՛չ էլ զայրույթը՝ իրագործողների դեմ, կատարվածը կգնահատվի մարդու կողմից հասարակական ինստիտուտներին նետված մարտահրավեր։ Մարդը իր կշռով հավասարվեց ամենակատարյալ համակարգին՝ պետությանը։ Այլ կերպ չէր էլ լինի»։ Անողոք, անվերապահ, հիացական այս գնա հատականը տրվում է մարդասպանին, որի դեմ, ցավոք, պետություններն այսօր սպանությունից բացի այլ զենք չունեն։ Եվ «վերացարկվելով» Օսամա բեն Լադենից եւ ամերիկյան պատերազմից՝ փորձենք վերը նշված տեսակետները վիճարկել մեր՝ հայկական հողի վրա։ Որպես ելակետ ընտրենք 10 պատվիրաններից մեկը՝ «մի՛ սպանիրը», որովհետեւ մարդկությունը ցայսօր սրան չի անսացել։ Ուրեմն՝ մարդասպանը արժեւորում է մարդ արարածին։ Իսկ ի՞նչ է արժեւորում մարդասպան Նաիրի Հունանյանը՝ ձեռք բարձրացնելով Հայաստան պետության իշխանավորների վրա, ի՞նչ են արժեւորում բոլոր այն ոճրագործները, ովքեր իրենց հարցերն ուզում են լուծել ուրիշներին կյանքից զրկելով։ Դժբախտաբար, սպանությունն ու ահաբեկչությունը աշխարհի ստեղծման օրվանից մնում են «ամենաարդյունավետ» միջոցները քաղաքական եւ հատկապես տնտեսական հակառակորդներից ազատվելու համար։ Համոզված եմ, թե՛ բեն Լադենի, թե՛ Նաիրի Հունանյանին ղեկավարողների «դրդիչ ուժը» մեկն է՝ միանձնյա իշխանությունը, որն, անշուշտ, տնտեսական լծակներին լիարժեքորեն տիրելու երաշխիքն է։ Ի՞նչ «քաղաքակրթությունների բախում է» ժամանակակից Հայաստանում, ուր գործում են «Ուժն է ծնում իրավունք», «Մահ կամ ազատություն» կարգախոսները։ Մեր խիստ ազգային կուսակցականները կտան հետեւյալ պատասխանը՝ ազգային եւ հակազգային։ Ազգայինն իրենք են, իրենց համար ազգային, ավանդական արժեքները նույնքան «մարդկային» են, որքան իսլամինը՝ բեն Լադենի համար, իսկ հակազգայինների երազած Հայաստան պետություն համակարգը՝ նույնքան անհասկանալի եւ անընդունելի, որքան Արեւմուտքը՝ Թալիբանի։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ Արեւմուտքը խանգարում է բեն Լադենի բիզնեսին (անձնական), իսկ Հայաստանի պետականությունը հօդս է ցնդեցնում ազգայինների միֆը եւ խոչընդոտում նրանց բիզնեսին (նույնպես՝ անձնական)։ Ես ուզում եմ, որ իմ հայրենիքը դառնա պետություն-համակարգ, որտեղ իշխանավորը որեւէ իրավունք չի ունենա իրեն մոլլա Օմարի անսխալականությունը վերագրելու, հանրապետության նախագահը կենթարկվի Սահմանադրությանը, նրա թիկնապահները հրապարակավ ծեծելով մարդ չեն սպանի, ինքն էլ մեռածի հետ «ՐՈջոՏՐՍՈ» անելու ցանկություն չի ունենա։ Իսկ այսօր մեր կեղծ «ազգայինները» երկիրը գլորում են դեպի մերձավորարեւելյան-խանական-թալիբական «քաղաքակրթությունը»։ Արեւմուտքի «անմարդկային» համակարգի հիմնական արժեքն, այնուամենայնիվ, մարդ անհատի ապահովությունն է։ Այնտեղ մարդը ենթարկվում է օրենքին եւ ոչ խանին կամ մոլլային, այնտեղ մարդն օգտվում է իր բնական իրավունքներից, ազատ ընտրության, խոսքի, հավատքի ազատության, ապրելու, արարելու հավասար պայմանների իրավունքից։ Իմ կարծիքով, հենց դա՛ է մարդկայինը։ ՄԻՔԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ