Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերներիցս

Հոկտեմբեր 11,2001 00:00

Ընդհանուր թշնամի՝ պետության փոխարեն Գործընկերներիցս մեկը վերջերս առաջին անգամ լինելով Ղարաբաղում, վերադարձին հայտարարեց. «Դա հրաշք հող է։ Ես կգնամ ու կկռվեմ այդ հողի համար, եթե ուզենան մեզնից խլել այն»։ Երկու օր առաջ այս նույն արտահայտությունը՝ գրեթե բառացի, արտասանեց ադրբեջանցի մի լրագրող, որին Ղարաբաղում առաջին անգամ լինելու հնարավորությունը մի քանի օր առաջ ընձեռել էին ԵԱՀԿ-ն եւ ՀՀ արտգործնախարարությունը։ Մեր ադրբեջանցի գործընկերներն արդեն Հայաստանում պատմում էին, որ Ղարաբաղում հանդիպել են գրեթե բոլոր կարեւոր դեմքերի հետ։ Ամենաշատը նրանց դուր է եկել Արկադի Ղուկասյանը։ Եվ հասարակ ժողովուրդը։ «Շատ բարյացակամ էին, շատ հյուրասեր։ Բացառիկ հյուրասիրության արժանացանք»,- ասում էին հյուրերը։ Նրանք գնահատել էին նաեւ այն, որ այնտեղ «կար խոսելու հնարավորություն», թեեւ շատ հարցերի շուրջ են եղել տարաձայնությունները։ Իսկ որպես «ամենադժվարը»՝ որակեցին ԼՂ արտգործնախարարությունում կայացած հանդիպումը։ Արդեն ՀՀ արտգործնախարարությունում հայ լրագրողներիս հետ կլոր սեղանի ժամանակ ադրբեջանցի լրագրողները ձեռքները «հուսահատ» տարածելով նախ հարցնում էին. «Եթե կոնֆլիկտի խաղաղ լուծման բոլոր տարբերակները սպառվել են, եթե ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները ոչինչ չեն տալիս, ի՞նչ ելք եք առաջարկում»։ Հետո մեզանից չլսելով «պատերազմ» բառը, իրենց «հարցն» այսպես էին ձեւակերպում. «Եթե… եւ այլն, եւ այլն, ուրիշ ի՞նչ ելք եք առաջարկում, եթե ոչ պատերազմը»։ Վերջին բառի հաճախակի գործածությունը, իհարկե, հայերիս ստիպեց պատասխանել, որ իմանալով հանդերձ պատերազմն ինչ բան է կամ, գուցե, հենց այդ պատճառով մենք պատրաստ ենք ու կկռվենք, եթե հարկ լինի։ Մինչ այդ իր ազգակիցների ռազմաշունչ արտահայտություններին ականջ չդրած մի ադրբեջանցի հեռուստալրագրող ոգեւորված արձագանքեց. «Ես ձեզանից (հայերից- Ա. Գ.) երեք հոգուց արդեն լսեցի՝ դուք պատերազմ եք ուզում»։ Հետո մեր գործընկերներն իրենց հակասում էին. «Դուք մեր տարածքները կռվով վերցրել եք, հիմա ինչո՞ւ պիտի պատերազմ ուզենաք որ»։ Իսկ իրենց մոտ, ինչպես «ճշտեցին», պատերազմ պահանջում են «մեկ միլիոն փախստականները, որոնք վրանային քաղաքներում են ապրում, որոնց չի բավարարում այդ վիճակը», «Աստված մի արասցե, որ լինեք այդ քաղաքներում ու տեսնեք՝ նրանք ինչպես են ապրում»։ Կլոր սեղանի շուրջ այս կապակցությամբ «նոր ռազմաճակատ» բացվեց՝ փախստականների իրական թվի, Ադրբեջանում նրանց որպես հաղթաթուղթ պահելու, իսկ Հայաստանում նրանց վիճակը հնարավորինս թեթեւացնելու ջանքերի վաղեմի թեմաների շուրջ։ «Խոշոր հրաձգություններն», իհարկե, «հիմնական ռազմաճակատում» էին՝ ի՞նչ, եթե ոչ՝ պատերազմ։ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ հայ եւ ադրբեջանցի լրագրողներին միացան հայ եւ օտարերկրյա դիվանագետները, ԵԱՀԿ ներկայացուցիչներ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ։ Բայց այս երկրորդ մասը՝ «Աշտարակի ձորում», ինչպես եւ պատշաճում է ժողովրդական դիվանագիտությանը։ Վերջինս այդ երեկո հսկայական առաջընթաց էր ապրում՝ միայն թե կենացներ ասելիս, անեկդոտներ պատմելիս, շախով պարելիս, իսկապես ջերմ-ջերմ զրուցելիս։ Հերիք էր քաղաքականության մասին մեկ հիշատակություն եւ գրողի ծոցն էր գնում «ձեռք բերված առաջընթացը»։ Երկու կողմերը փոխադարձաբար խորապես համոզված իրենց ճշմարտացիության մեջ, չզիջելու նույն համառ պատրաստակամությամբ, իսկապես, հաճախ «փակուղի էին մտնում»։ Պատկերացրեք, թեմայի շուրջ կատակներ էլ էին արվում. մեր սեղանակիցներով (կազմված հետեւյալ սկզբունքով՝ երկու ադրբեջանցի, երկու հայ, մեկ ԵԱՀԿ ներկայացուցիչ)՝ Անջեյ Կասպրչիկի գործուն մասնակցությամբ որոշեցինք Կովկասով մեկ ջնջել սահմանները եւ եվրոյի օրինակով ներմուծել ընդհանուր տարադրամ՝ կավրո։ Այդ երեկո, առայժմ միակ անգամ, գերագույն հաճույքով վայելում էի ՀՀ պետական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի թանձր պետական քարոզչությունը ՀՀ տնտեսական աճի, գերհզոր բանակի, ամրակուռ սահմանների մասին, որով նա լցնում էր իր ադրբեջանցի գործընկերոջ ականջը։ Վերջինս ծնունդով Հայաստանից էր, մաքուր հայերեն էր խոսում եւ ոչ մի կերպ չէր ընդունում, թե այդ ինչպես Ադրբեջանում մնացել է ընդամենը 4-4,5 մլն բնակչություն, իսկ Հայաստանում՝ 3-3,5 մլն։ Կարեւորը՝ նա մտահոգ լսում էր գործընկերոջս հավաստիացումները հայկական կողմի՝ պատերազմ չցանկանալու եւս մեկ պատճառի մասին. ախր ստիպված կլինենք դարձյալ անհաշիվ հարեւանների կոտորելու ու այդ արյան բեռը մեր սերունդների վրա թողնելու։ Մեր գործընկերների երեկվա եւ այսօրվա ծրագիրը եւս հարուստ է՝ հանդիպումներ ՀՀ ԱԳ, պաշտպանության նախարարների, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ, այցելություն Մատենադարան, Տավուշի մարզ, Հաղարծին։ Փոխադարձ այցելություններ եւ հետագա հանդիպումներ՝ կազմակերպիչները նախատեսում են։ Դրանք շատ հետաքրքիր են, իսկ նախաձեռնությունը՝ գովելի։ Միայն թե դրանց ընթացքում ավելի է աճում երկուստեք համոզվածությունը՝ իր ճշմարտացիության մեջ։ Մեկ ելք, թերեւս, մնում է։ Ինչպես ԵԱՀԿ մի փորձագետ ասաց, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ստեղծվող ալյանսները, որոնք մինչ այդ, մեղմ ասած, անհավանական էին, «լավատեսություն» են ներշնչում նաեւ Լեռնային Ղարաբաղի առիթով հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծման համար։ Իսկ ի՞նչ, եթե ընդհանուր պետություն չենք ուզում, գուցե փնտրենք, գտնենք ու երկու ազգերով պայքարենք մեկ ընդհանուր թշնամու դե՞մ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել