Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՎԵԼՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 11,2001 00:00

ՀԱՎԵԼՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից բխող մեր հարցադրումներին պատասխանում է նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ – Խոսելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին նախագահի անվտանգության ծառայության հնարավոր մասնակցության մասին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր անվտանգության ծառայության պատմության մեջ նախկինում նման դեպք երբեւէ չի եղել, եւ ասաց, որ ծառայության համբավը չի կարելի համեմատել նախկինում այդ ծառայության համբավի հետ։ Արդյո՞ք նախագահին հայտնի են դեպքեր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության աշխատակիցները մեղադրվել կամ կասկածվել են սպանության մեջ։ – Քաջ գիտեք, որ նախագահի խոսքերից ձեր ասածը չի բխում։ Խոսքն ընդհանրապես նախկինում այդ ծառայության վարվելակերպի եւ համբավի մասին է, որին, վստահ եմ, անդրադարձած կլինի նաեւ ձեր թերթը, քանի որ դա հասարակության կողմից լայնորեն քննարկվող մի այնպիսի թեմա էր, որը դժվար էր շրջանցել անգամ այդպիսի ցանկության պարագայում։ – Քոչարյանն ասաց, որ մարդաշատ վայրերում նախագահի հայտնվելը կապված է որոշ ռիսկերի հետ, եւ այդ ռիսկը կարող է նման դեպքերի հանգեցնել 50-100 տարին մեկ անգամ։ Նրան հայտնի՞ են դեպքեր, երբ որեւէ երկրում նախագահի հասցեին ռեպլիկ անող անձը դրա համար զրկվի կյանքից։ – Ձեր ձեւակերպումն արդեն իսկ պարունակում է որակում, ինչից ես ձեռնպահ կմնայի մինչեւ քննությամբ կհստակեցվեն միջադեպի մանրամասները, եւ դատարանի կողմից կորակվի կատարվածը։ Իսկ տարբեր երկրների նախագահների անվտանգության ծառայությունների հետ կապված զանազան, այդ թվում նաեւ՝ դժբախտ ավարտով, միջադեպերի մի մասի վերաբերյալ մամուլում հաղորդումներ պարբերաբար հայտնվում են։ Քանի որ որեւէ մեկը նման հարց չի ակնկալել, նմանատիպ դեպքերը հաշվառելու մտադրություն չի ծագել։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել