Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՅՔԱՐ

Հոկտեմբեր 11,2001 00:00

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՅՔԱՐ Հայաստանում աֆղանական պատերազմի մոտ 3500 մասնակից կա, եւ նրանցից շատերն այս օրերին ցանկություն են հայտնել կռվել Աֆղանստանում, թալիբների դեմ, բայց կարծես ցամաքային կռվի ժամանակը դեռ չի եկել։ ԱԺ պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանի մասին հանգիստ խղճով կարելի է ասել, որ նա էն կողմերում (Աֆղանստանում) կռված մարդ է եւ կարող է կարծիք հայտնել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի սկսած ռմբակոծությունների, թալիբների երկրի, ընդհանրապես՝ համաշխարհային այս շփոթի մասին։ Արմեն Մխիթարյանի ասելով, Աֆղանստանը միշտ պատերազմների մեջ է եղել եւ միշտ հաղթանակած է դուրս եկել. «Համենայն դեպս, չեն կարողացել այդ երկրին ծնկի բերել՝ սկսած Մակեդոնացուց մինչեւ բրիտանական իշխանությունները։ Նույնիսկ Խորհրդային Միության պես հզոր երկիրը չկարողացավ Աֆղանստանին հաղթել»։ Արմեն Մխիթարյանը գտնում է, որ իմաստ չունի այսօր գնալ Աֆղանստան եւ կռվել այնտեղ, քանի որ մենք մեր թշնամիներն ունենք եւ մեր հայրենիքը, եւ ավելի լավ կլինի մեր հայրենիքը պաշտպանելուն պատրաստ լինենք։ Արմեն Մխիթարյանը վստահ է, որ եթե ԱՄՆ ռմբակոծությունների նպատակն իրոք զուտ ահաբեկչության օջախի եւ պարագլխի վերացումն է, ուրեմն կարելի է շարունակել այդ ձեւով։ Սակայն, եթե այս ամենը կհասցնի ցամաքային զորքերի միջամտության, ապա դժվար է ելքը գուշակել. «Ցամաքային զորքերի մասնակցության դեպքում պատերազմի ելքն էական փոփոխություններ կկրի, քանի որ Աֆղանստանի աշխարհագրությունն այնպիսին է, որ հնարավոր չէ նրա լեռնային բնաշխարհում կռվել եւ հաղթել։ Տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը կա, նաեւ՝ կանոնավոր զորքի եւ տեխնիկայի համար դժվար կլինի լեռնային նման պայմաններում կռվել։ Պետք է հաշվի առնել, որ Աֆղանստանը մոտ 20 տարի պատերազմների մեջ է եղել եւ մարտական վիճակում գտնվող զորքեր ունի։ Այնտեղ ցեղեր, ցեղապետեր կան, որ ծնված օրից պատերազմների մեջ են եւ իրենց համար ավելի հեշտ կլինի եւ, զուտ պարտիզանական կռվով, լուրջ կվնասեն ամերիկյան զորքերին»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել