Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ դատարանը հրաժարվեց փոխել Ազատ Արշակյանի խափանման միջոցը։

Հոկտեմբեր 11,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ դատարանը հրաժարվեց փոխել Ազատ Արշակյանի խափանման միջոցը։ Ելնելով այն հանգամանքից, որ դատարանը անհնար համարեց գրավի դիմաց փոխել պարոն Արշակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը այն դեպքում, երբ պաշտպանությունը ներկայացրեց հիմնավոր փաստարկներ դրա վերաբերյալ, իսկ մեղադրող կողմը չկարողացավ պարոն Արշակյանին կալանքի տակ պահելը հիմնավորող բավարար փաստարկներ առաջադրել, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ մարդասիրությունն ու անկանխակալությունը դեմոկրատական դատական համակարգի հիմնական չափանիշներն են։ Դրա դրսեւորումներից մեկը նախաքննության ընթացքում խափանման միջոցը մեղմելն է։ Մենք մեկ անգամ եւս հաստատում ենք մեր կողմնակցությունը օրենքի գերակայությանը ամենքի հավասարությունը վերջինիս առջեւ։ Հենց այդ պատճառով խնդրում ենք ոչ թե Ազատ Արշակյանի հանդեպ ներողամտություն ցուցաբերել, այլ հետամուտ լինել մարդասիրական նորմերին, որոնք ամրագրված են օրենսդրությամբ։ Համոզված ենք, որ վերոհիշյալ մարդասիրական նորմերի ոտնահարումը խորացնում է հասարակության մեջ առաջացող կարծիքը այս կամ այն գործի պատվիրված լինելու կամ ոչ օբյեկտիվ քննության վարման վերաբերյալ։ Դա էլ իր հերթին խթանում է հասարակության աչքում ինչպես դատական, այնպես էլ քաղաքական համակարգի վարկաբեկումը։ Հուսով ենք, որ Ազատ Արշակյանի գործը չի հայտնվի այդ շարքում։ Քրիստոնեա-դեմոկրատական միություն *** Հանրապետության տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական վիճակը հասել է վտանգավոր եզրի, որից հետո անխուսափելի է երկրի փլուզումը։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարում ենք. – երկիրը ճգնաժամից դուրս բերելու անհրաժեշտ եւ առաջնահերթ պայմանը Ռ. Քոչարյանի եւ նրա վարչակարգի իշխանությունից հեռանալն է, – մենք քաջ գիտակցում ենք, որ հարցն անձերի մեջ չէ, այլ հարկավոր է ստեղծված կլանային համակարգի ապամոնտաժում եւ իշխանությունների ձեւավորում՝ բոլորովին այլ սկզբունքների հիման վրա, – անցած տասը տարիներն ապացուցեցին լիբերալիզմի ողջ կործանարարությունը, երկրի կայուն զարգացումը մենք տեսնում ենք միմիայն սոցիալիստական ուղիով, – մենք, ինքներս լինելով օրենքի մարդ, ջանք չենք խնայի երկրում կարգուկանոնի հաստատման համար, գործելու ենք միմիայն օրենքի սահմաններում եւ անողոք պայքար ենք մղելու անօրինականության ցանկացած դրսեւորումների դեմ, – մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իրոք լծված են երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերելու գործին։ Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆ («Սպայի Պատիվ»), Գ. ՍԱՐԳՍՅԱՆ («Փառապանծ Մարտիկներ»), Խ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ («ՄՀՕՋ-ի Վետերանների միություն»), Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Լույս» գնդի կոմիսար), Դ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ («Պահեստի եւ պաշտոնաթող Սպաների միություն»)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել