Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը երեկ հրավիրված էր Մամուլի ազգային ակումբ՝ խոսելու, իր

Հոկտեմբեր 11,2001 00:00

Հաշտեցման հանձնաժողովի անհաշտ ընկալումը ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը երեկ հրավիրված էր Մամուլի ազգային ակումբ՝ խոսելու, իր որակմամբ, «հիստերիկ ու անհասկանալի» արձագանքի արժանացած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մասին։ Ու թեեւ թվում էր, թե թեման այս բավականին «ծեծված» է, լրագրողները բազմաթիվ, հաճախ՝ նախկինում արդեն պարզաբանված, հարցեր ունեին, ու հանդիպումն էլ անցավ փոքր-ինչ լարված մթնոլորտում՝ մեկ անգամ եւս վկայելով, որ կրքերն այս առնչությամբ չեն հանդարտվել։ Հանձնաժողովի անդամ Ալիկ Արզումանյանը չհամաձայնեց այն գնահատականին, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ «դրսից էլ այդ արձագանքները միայն բացասական էին»։ Ինքը հարյուրավոր արձագանքներ է ստանում դրսից՝ հայերից ու ոչ հայերից, ովքեր «ողջունում են, մաղթում են հաջողություններ եւ առաջարկում են աջակցություն այս կամ այն ձեւով»։ Այնուամենայնիվ, թուրքական կողմն էլ է արձանագրել, որ «Հայաստանում այս հարցը շատ ավելի սուր է ընկալվում, շատ տարբեր մոտեցումներ կան, բայց գերակշռողը բացասականն է»։ Կարեւորելով հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը՝ Ա. Արզումանյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը հասարակական նախաձեռնություն է, «ուր անդամագրվել են մարդիկ՝ իրենց անհատական պարագայով։ Հայ անդամներից որեւէ մեկը հավակնություն չունի ներկայացնել ողջ հայ ժողովուրդը», եւ, բնականաբար, պետությանը, ժողովրդին որեւէ որոշում պարտադրելու լծակներ չունի։ Նրանք միայն կարող են առաջարկներ անել, որոնք «կարող են օգտագործվել կամ աղբի զամբյուղը նետվել»։ Այլ խնդիր է, որ, ասենք, հանձնաժողովում թուրքական կողմը ներկայացնող Թուրքիայի նախկին արտգործնախարարի առաջարկները լսելու ու քննարկելու հարցում այդ երկրի իշխանությունները շատ ավելի ուշադիր են, քան՝ Հայաստանում։ Մինչդեռ Ա. Արզումանյանը համաձայնել է դառնալ հանձնաժողովի անդամ միայն այն բանից հետո, երբ ճշտել է, որ մեր երկրի ղեկավարները տեղյակ են այս ամենին։ Հանձնաժողովի աշխատանքը Ալիկ Արզումանյանը ճիշտ համարեց գնահատել նրա գործունեության մեկ տարին լրանալուց հետո. «Եթե գտնենք, որ գոնե չնչին առաջընթաց արձանագրվել է, ապա, հավանաբար, կշարունակենք։ Եթե ոչ՝ կարծում եմ, հանձնաժողովի անդամներից ոչ ոք պարապ չէ, ամեն մեկը կշարունակի իր գործով զբաղվել, եւ կհամարենք, որ չհաջողված փորձ էր, որը նույնպես հաջողություն է, քանի որ ինչ-որ բանով գործընթացն առաջ է տանում»։ Ա. Արզումանյանի բնորոշմամբ, հանձնաժողովի անդամները մենամարտի չեն դուրս գալիս իրար դեմ՝ փոխադարձաբար իրար պահանջներ ներկայացնելով։ Դրանք պետական հարաբերություններ չեն, որ պաշտոնական տեսակետներ փոխանակեն։ Ի պատասխան այն մեղադրանքին, թե ինչպե՞ս կարելի է հանձնաժողովում Ցեղասպանությունից չխոսել, Ա. Արզումանյանն ասաց. «Քանի որ Հայոց ցեղասպանության իրողությունն անհերքելի փաստ է հայկական կողմի համար, ապա այդ փաստի վերաբերյալ որեւէ բանակցություն, քննարկում բացառվա՛ծ է։ Եթե քննարկենք, կասեք՝ ուրեմն հակառակ տեսակետն էլ ենք ընդունում։ Սակայն հայ-թուրքական հաշտեցումը միայն եւ միայն Ցեղասպանության իրողությունից է գալիս։ Մեր քննարկած հարցերի 90-95%-ը Ցեղասպանության հարցի հետեւանքների հարցից ստեղծված իրողությունների վերաբերյալ է։ Այդ առումով ամբողջը Ցեղասպանության ճանաչման շուրջ է պտտվում»։ Ստամբուլում հասարակության տարբեր շերտերի կարծիքը լսելու հնարավորություն ունենալով, Ա. Արզումանյանը նկատում է, որ Ցեղասպանության թեմայի քննարկման հարցում «թուրքական հասարակությունը կամաց-կամաց ավելի բաց է դառնում», ինչի անհրաժեշտությունը շեշտում են հանձնաժողովի հայ անդամները։ Ինչ վերաբերում է հանձնաժողովում Արցախյան հարցի քննարկմանը, ՀՀ նախկին արտգործնախարարը վստահեցնում է. «Այն օրը, երբ Արցախի հարցն արծարծվի, ես հանձնաժողովից անմիջապես դուրս կգամ»։ Իր եւ հանձնաժողովի մյուս երեք հայ անդամների այս սկզբունքային մոտեցումը Ա. Արզումանյանը հիմնավորում է նրանով, որ «հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են միայն Հայաստանին ու Թուրքիային եւ նրանց ժողովուրդներին։ Մեր այլ պրոբլեմները, երրորդ երկրների, հայկական համայնքի կամ հայկական պետական կազմավորումների հետ կապված խնդիրները մենք այդ հանձնաժողովում չենք քննարկում, ինչպես չենք քննարկում Զիմբաբվեի խնդիրը կամ Կիպրոսի հարցը»։ Նրանք, ովքեր պահանջում են քննարկել այդ հարցը, ըստ Ա. Արզումանյանի, ջուր են լցնում թուրքական կողմի ջրաղացին, որն իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ պայմանավորում է ղարաբաղյան հարցով։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել