Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կալանավայրերի

Հոկտեմբեր 11,2001 00:00

ԻՆՉՈՒ Է ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը երեք լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցում երեկ նոր մանրամասներ հայտնեց ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի, ե՛ւ իր նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Բայց նախ ներկայացրեց որոշ փաստեր՝ հիմնավորելու համար, թե ինչու չի վստահում զինվորական դատախազությանը եւ չի ցանկանում նրանց փոխանցել «Հոկտեմբերի 27»-ի գործի առնչությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքները։ Մուշեղ Սաղաթելյանը պնդեց, որ դեռ 2000-ի սկզբին էր իր մտահոգությունները հայտնել գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին, վարչապետ Արամ Սարգսյանին եւ այլոց ու ասել, որ գործի նախաքննությունը նպատակադրված կերպով տապալվում է, չեն քննվում օպերատիվ այլեւայլ տվյալներ. «Ես փաստ գիտեի, որ քննիչներից մեկը ոճրագործներից մեկի հարցաքննության ընթացքում թղթի վրա գրել էր. «Այստեղ մեզ լսում են։ Մի բան գրի՝ թողնեմ-գնամ»։ Հաջորդը. քննիչներից մեկը ներկայացավ Ջհանգիրյանին՝ պլակատի նման մի մեծ թղթի կտոր ձեռքին։ Առավոտյան ավտոտնակը բացելիս այդ թուղթը տեսել էր դռան վրա։ Վրան գրված էր. «Այ տղա, դու քիթդ շատ ես խցկում։ Չե՞ս վախենում՝ երեխաներ ունես»։ Սրանք լուրջ փաստեր են քննիչներին ահաբեկելու վերաբերյալ, որոնք պարտադիր պիտի կցվեին քրգործին»։ Սակայն դա չարվեց՝ անհասկանալի պատճառներով։ Առանձնապես վստահելու հիմքեր չկան նաեւ գլխավոր դատախազությանը։ Մուշեղ Սաղաթելյանը հիշեցրեց, որ հենց 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը հարուցված քրեական գործը վարող քննչական խումբը կազմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Բայց 21 փորձառու քննիչներից բաղկացած այդ խումբն, ըստ պրն Սաղաթելյանի, մինչեւ հոկտեմբերի 30-ը, երբ քննությունը հանձնարարվեց զինդատախազությանը, որեւէ քննչական գործողություն չէր կատարել, «որի արդյունքում մինչեւ այսօր չգիտեն, թե ո՛ր հրազենն ԱԺ-ի դահլիճում ո՛ր ոճրագործի ձեռքից է վերցվել»։ Ի դեպ, բացթողումներից մեկն էլ նա համարեց այն, որ չի ձայնագրվել Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի զրույցը։ Թեեւ որպես իրավապահ համակարգի երկար տարիների աշխատակից բացառում էր, թե այդ զրույցը չի գաղտնալսվել. «Այն ժամանակ շշուկներ կային, որ ամեն ինչը ձայնագրված է։ Բացի այդ՝ ինձ, որպես համապատասխան ծառայություններում աշխատածի, տեղեկատվություն էր փոխանցվել, որ Նաիրի Հունանյանն է ձայնագրել նախագահին։ Եվ այդ ձայնագրությամբ հետագայում շանտաժ է արել քննչական մարմնին. «Այ, ես էլ սա կհրապարակեմ, թե նախագահն ինձ ինչ խոստացավ»։ Ի դեպ, այն մասին, որ, ասենք, Նաիրի Հունանյանի գործակալական գործը ԱԱՆ-ն նախ չէր տրամադրել նախաքննության մարմնին, իսկ հետո հաջողվել էր այն ստանալ կիսատ վիճակում, ըստ Մուշեղ Սաղաթելյանի, տեղյակ է ոչ միայն ինքը։ Ե՛վ վերոհիշյալ, ե՛ւ նման բազմաթիվ այլ փաստերի մասին տեղյակ են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Հայկազ Բաղմանյանը, Վազգեն Սարգսյանի քեռին՝ Սուրիկը. «Բոլորն էլ լսել են այս ամենի մասին։ Ինչո՞ւ են այժմ լռում»։ Սակայն «Հոկտեմբերի 27»-ի գործի առնչությամբ Մուշեղ Սաղաթելյանի դատողություններից անցնենք դրանց հետեւանքներին, այսինքն՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործերին. «5 գործ է հարուցվել իմ նկատմամբ՝ միայն նրա համար, որ պահանջում եմ հիմա միայն այս հարցերի պատասխանը, թեեւ գոյություն ունեն շատ այլ հարցեր»։ Հարուցված գործի մի դրվագը վերաբերում է «նախագահի հասցեին հերյուրանքներ» տարածելուն։ Հաջորդը «կեղծ դիպլոմի» վերաբերյալ դրվագն է, որի առնչությամբ պրն Սաղաթելյանն ասաց. «Ես 1991-ին եմ աշխատանքի ընդունվել ՆԳՆ եւ գրել դիմում, որ ունեմ միջնակարգ մասնագիտական կրթություն, ավարտել եմ Ստեփանավանի «զոովետ» տեխնիկումի մեխանիկական բաժինը։ Դիմումիս եւ դիպլոմիս պատճենի հիման վրա ինձ նշանակել են թիվ 1 մեկուսարանի պետ։ Իմ բոլոր կոչումները եւ հետագա պաշտոնները ստացել եմ միջնակարգ մասնագիտական կրթությամբ։ Թե ոնց է այդ կեղծ դիպլոմը հայտնվել այնտեղ՝ տեղյակ չեմ։ Թեեւ ես 1986-ին ընդունվել էի Բելգորոդի Գրիշմանովի անվան շինարարական-տեխնոլոգիական ինստիտուտը, բայց 1988-ի Շարժումից հետո էլ չեմ գնացել։ Համապատասխան փաստաթուղթն էլ կա։ Սա մի կողմ։ Եթե փաստաթուղթ եմ կեղծել, որպեսզի պաշտոն ու կոչում ստանամ ու դա դեր չի խաղացել՝ ինչի՞ համար են գործ հարուցում»։ Մուշեղ Սաղաթելյանը նաեւ նշեց, որ այդ համակարգում բազմաթիվ կեղծ դիպլոմներով մարդիկ կան, որոնց մի մասին ՆԳ եւ ԱԱ նախարար եղած ժամանակ բացահայտել էր Սերժ Սարգսյանը. «Ինչո՞ւ նա նրանց բոլորին պատասխանատվության չենթարկեց»։ Նույն կերպ վարվել էր նաեւ Սուրեն Աբրահամյանը, բայց նման մարդիկ մինչ օրս էլ աշխատում են. «Իհարկե, եթե նրանցից մեկը փորձի ասել, թե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպիչներ ունի կամ որեւէ այլ բան ասի իշխանությունների հասցեին, էլի՛ քրգործ կհարուցեն, համոզված եմ»։ Երրորդ գործը «պետական գաղտնիք հրապարակելն է»։ Իբրեւ այդպիսիք են ներկայացվում մեր թերթին տրված հարցազրույցում Սաղաթելյանի այն արտահայտությունները, թե ՆԳՆ-ում 20 հազար աշխատակիցներ կան կամ թիվ 1 մեկուսարանում կատարվում են ձայնագրություններ։ Առաջինի առնչությամբ քննիչներին առաջարկել է. «Ուղիղ հարց տվեք ՆԳ նախարարին, թե իր համակարգում քանի աշխատակից կա։ Եթե նա կարողանա պատասխանել, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել։ Եվ կարող եմ նաեւ այլ բազմաթիվ վկաներ բերել, որոնք կհաստատեն՝ այդ մեկուսարանում ե՛ւ աուդիո, ե՛ւ տեսաձայնագրություններ են կատարվում ռեժիմային կարգ ու կանոնի պաշտպանության համար։ Ի՞նչ մի գաղտնիք կա, եթե խցից միջանցք դուրս գալով՝ կալանավորը տեսնում է, որ երկաթյա վանդակների վերեւը մի սիրունիկ էկրան է դրված»։ Չորրորդ գործը Միսակ Մկրտչյանին «անպատվելը եւ ԱԱՆ մեկուսարանի իր խցում ռեզինե մահակով ծեծի ենթարկելն է»։ Մուշեղ Սաղաթելյանը պնդեց, թե նախաքննության ընթացքում միայն մեկ անգամ է կարճ ժամանակով եղել այդ մեկուսարանում՝ Գագիկ Ջհանգիրյանի եւ բազմաթիվ այլ անձանց ուղեկցությամբ։ Բայց պետի՝ Համլետ Խլղաթյանի առանձնասենյակից բացի ուրիշ տեղ չի եղել. «Թող նրան կանչեն հարցաքննության եւ հարցնեն՝ արդյոք որեւէ մեկին խցում ծեծե՞լ եմ»։ Եվ վերջապես, 5-րդ գործի՝ 1996-ի սեպտեմբերին ընդդիմադիր մի քանի գործիչների բռնությունների ենթարկելու առնչությամբ Մուշեղ Սաղաթելյանն ասաց. «Այդ ժամանակ ես Քրեական վարչության պետն էի։ Նրանք պնդում են, թե ծեծը եղել է 6-րդ վարչության հերթապահ մասում։ Թող Հայկ Հարությունյանը ծառայողական քննություն անցկացներ, պարզեր՝ ով է գտնվել այդ մասում, ու նոր քրեական գործ հարուցեին։ Բայց հարուցում են ի՛մ նկատմամբ եւ ոչ թե՝ փաստի առթիվ ու հայտարարության հիմքերի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել