Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարմանում է Վլադիմիր Նազարյանը

Հոկտեմբեր 11,2001 00:00

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԶԱՐՄԱՆԱԼԻ Է» Զարմանում է Վլադիմիր Նազարյանը Իրավագիտության դոկտոր Վլ. Նազարյանի գնահատականը ՀՀ նախագահի՝ «Պապլավոկում» կատարված դիտավորյալ սպանության առիթով արտահայտած մտքերին, միանշանակ է՝ նման վերաբերմունք արտահայտելը մարդու սպանությանը, «փարիսեցիություն է եւ ցավալին այն է, որ այդ բանը տեղի է ունենում քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների օրերին»։ Պրն Նազարյանը որոշեց զուգահեռ անցկացնել, որպեսզի իր խիստ գնահատականներն առավել ընկալելի լինեն. «Տես, «Հոկտեմբերի 27»-ի դեպքը։ Եթե նույնիսկ առօրեական մտածենք, «27»-ի գործիչների սպանության մեջ ինքը (նախագահը- խմբ.) շահ ուներ։ Օրինակի համար։ Ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը մերժել, բայց մի րոպե, ենթադրենք, ինքը մասնակից է եղել դրա կազմակերպմանը կամ դրդել է այդ անեն ինչ-որ ձեւով։ Բայց չէ՞ որ շահ ուներ, որովհետեւ իրեն, իրոք, դիմազրկել էին։ Օրինակ, «Միասնության» հաղթանակը, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի առկայությունը իրեն դիմազրկել էր։ Բայց՝ վերցնել միամիտ մարդու, այլ պետության քաղաքացու, ուսուցչի, հենց այնպես, ձեռքի հետ սպանել, որովհետեւ իրեն վիրավորե՞լ է։ Մարդուն դրա համար սպանե՞լ… Լավ, սպանելուց հետո դա անվանել քաշքշուկի ժամանակ մարդ մահացավ եւ դեռ հարցեր քննարկել, թե դեռ պետք է մեղքի աստիճանը որոշել։ Ո՞նց կարելի է այդպիսի գնահատական տալ»։ Վլ. Նազարյանի կարծիքով, եթե նախագահը նման գնահատական տվեց իր անպարտելիությունը փաստելու համար՝ «մեր դեմ խաղ չկա»-ի տարբերակով, ապա դա ոչ թե քաղաքակրթության, «այլ ավազակախմբի բարքեր են, ոչ թե պետականության։ Վերջին հաշվով, պետությունը, պետականությունը հենց տարբերվում է ավազակախմբից նրանով, որ բարձրագույն արժեքը մարդն է պետության մեջ։ Մենք ասում ենք՝ մարդու իրավունքներն ու ազատությունները նահապետական են, եւ մարդու բարձրագույն իրավունքը կյանքի իրավունքն է, գերապատվությունը մնացած ամեն ինչի նկատմամբ, հետեւաբար, նաեւ պետականության նկատմամբ»։ Նույնիսկ «գողական» այնպիսի «ճիշտ» չկա, որով արդարացվի պատահական մարդու սպանությունը. «Նույնիսկ գողական օրենքներով պատահական մարդկանց չեն սպանում։ Սա անթույլատրելի է նույնիսկ գողական օրենքներով։ Միայն օկուպանտը (զավթիչը) կարող է իրեն այդպես պահել։ Ասենք՝ զավթել է այդ պետությունը եւ դուրս է գալիս փողոց, մեկը դուրը չի գալիս, խփում է՝ դու վատ նայեցիր վըրես»։ Իր կոտայքյան խոսքում նախագահ Քոչարյանը հույս էր հայտնել, որ Պողոս Պողոսյանի սպանությունը կբացահայտվի՝ ինչպես մեզանում արվում է։ Վլ. Նազարյանը նկատեց, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախաքննության, հետո նաեւ դատաքննության ուղղորդում. «Հայտարարեց, թե ոնց որ անում են, այդպես էլ կանեն։ Գիտենք, թե ոնց են սովորաբար անում»։ Իշխանությունների, մասնավորապես երկրի թիվ մեկ դեմքի նման պահվածքը գիտնականը որեւէ այլ բանի հետ դժվարացավ համեմատել: Ըստ Վլադիմիր Նազարյանի. «Մեկ-մեկ Ստալինի հետ եմ համեմատում, բայց, ասենք, Ստալինը հետամնաց Ռուսաստանից, իր բոլոր Արշիպելագ-գուլակներով, կառուցեց աշխարհի գերհզոր պետություններից մեկը, հաղթանակ տարավ Հայրենական պատերազմում եւ դրա հետեւանքով, ասենք, խելռեց։ Բայց դուքի ինչի՞ վրա եք խելռել»,- հարցնում է գիտնականը եւ անմիջապես որոշում մեկ այլ զուգահեռ անցկացնել։ Նրա ասելով՝ նախորդ իշխանությունները եւս իր աչքի լույսը չեն, «բայց բոլոր դեպքերում, նրանք հաղթեցին Ղարաբաղյան պատերազմը։ Հաղթեցին եւ հսկայական տարածքներ գրավեցին։ 98-ից մինչ էսօր էդ ի՞նչ տարածքներ ենք գրավել, էդ ի՞նչ հաղթանակներ ենք տարել»։ Սահմանադրության հայրը առաջարկեց, որ նախագահ Քոչարյանը կարդա ՀՀ Սահմանադրության 55 հոդվածը, որի ընթերցումից պարզ կդառնա, որ նախագահը «որեւէ տնտեսական, երկրի ներքին կյանքի որեւէ բնագավառում որեւէ լիազորություն չունի։ Նա լիազորություններ ունի միայն երկրի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների բնագավառում։ Հետեւաբար, ինձ համար զարմանալի է նրա անհիմն, հակասահմանադրական մասնակցությունը երկրի տնտեսական կյանքին։ Սկսած 40 հազար տեղանոց բլեֆից, վերջացրած այն բոլոր խոսակցությունները, որ իր մոտ գործարաններ ծախելն ավելի լավ է ստացվում, քան ուրիշների մոտ»։ Վլ. Նազարյանը մի լավ, նազարյանական ոճով նախշեց նաեւ Պողոս Պողոսյանի սպանության պահին «Պապլավոկում» գտնված մտավորականներին։ «Ես 27-ից հետո ԱԺ պատգամավորներին էլ եմ ասել՝ էն մարդիկ, ովքեր 27-ին պառկել են եւ հետո չեն կարողացել իրենց վրեժը լուծել, մինչեւ հիմա այդպես պառկած էլ մնացել են։ Իրենց թվում է, թե քայլում են։ Իրենք հոգեպես պառկած են»։ «Պապլավոկում» գտնվողները, ովքեր շարունակում են խմբակային լռել, «դադարել են մարդ լինելուց, դրանց թոռներն էլ պիտի ամաչեն, որ այդպիսի պապիկներ ունեն։ Այ, թող էդ «Պապլավոկի» ժողովուրդը փորձի հայելու մեջ նայել, կտեսնի, որ ինքը չի երեւում։ Այն, ինչ-որ երեւում է, մարդ չի։ Այդպես հանձնվում եք, հա՞, հանձնվում եք ո՞ւմ, մի մարդու, որը մարդասպանությունը անվանում է՝ քաշքշուկի ժամանակ մարդ է մահացե՞լ։ Բա չե՞ք մեկուսացնում էս մարդուն հասարակությունից։ Հանգիստ թողեք պաշտոնանկությունը, նրան պետք է մեկուսացնել, ոչ միայն այն խոստումներով, որ պարբերաբար ինքը էլի մարդ է սպանելու, ոչ միայն նրանով, որ ասում է՝ ի՞նչ ենք արել որ, առաջին անգամ մարդ ենք սպանում, այլ հենց նրա համար, երբ մարդկության ամենածանրագույն հանցագործությունը՝ մարդասպանությունը, գնահատվում է որպես քաշքշուկի ժամանակ մահացած մարդ, ընդ որում, ակնհայտ է, որ ինքը տեղյակ է եղել։ Ակնհայտ է հենց թեկուզ նրանով, որ ասում է՝ «եթե մահացած չլիներ, կասեի, թե ինքը ինձ ի՞նչ է ասել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել