Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՍ ԴԱՐ ԲԵՄՈՒՄ

Հոկտեմբեր 09,2001 00:00

ԿԵՍ ԴԱՐ ԲԵՄՈՒՄ Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանի «Կես դար բեմում» խորագրով հոբելյանական երեկոն։ Հոբելյարը հրավիրել էր իր ունկնդրին, ինչպես ինքն է խոստովանում. «Իմ արվեստը այս տարիների ընթացքում գոյություն է ունեցել շնորհիվ նորին մեծություն ունկնդրի», բարեկամների, գործընկերների… Հակիրճ, ջերմ խոսք ասացին երգչուհու մասին Սիլվա Կապուտիկյանը, Արամայիս Սահակյանը, Գեղունի Չթչյանը, Դավիթ Ղազարյանը, Սիլվա Յուզբաշյանը, Ռուբեն Ալթունյանը… եւ նրանց խոսքում հնչում էր հետեւյալ միտքը. «Ինչ էլ որ կատարելիս լինի երգչուհին՝ պարզ ու վճիտ երգ, ռոմանս, թե հուզականորեն հագեցված այլ երկ, նա հավասարապես ցայտուն է դրսեւորում իր հմայիչ անկեղծությունը։ Երգչուհու արվեստը միշտ ներկայանում է իր նուրբ լիրիկայով, կյանքի ուրախություններով լի, մարդկային մաքուր իդեալներով, իսկական բանաստեղծական ներշնչանքով»։ Վարդուհի Խաչատրյանին այդ երեկո շնորհվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում, եղան անակնկալներ, իսկ մեծ անակնկալը իր ունկնդրին «շնորհեց» հոբելյարը։ Կայացավ երգչուհու երկու CD-երի եւ հեղինակած գրքերի՝ «Նիկոլ Գալանտերյան», «Ռոզան՝ Վարդուհու մասին», շնորհանդեսը։ Առաջին գիրքը, կարծում ենք, երգչուհին կնվիրի երաժշտական հիմնարկներին։ Այնտեղ ե՛ւ Գալանտերյան երգահանի կյանքն է, ե՛ւ ռոմանսների նոտագրությունը, որը իսկական ուսումնական ձեռնարկ է։ Իսկ երկրորդ գիրքը՝ հետադարձ հայացք է իր անցած ուղուն։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել