«Հոկտեմբերյան» շարժում ՀՀ առողջապահության նախարարությունը, Կանանց առողջության պահպանման ասոցիացիան, Հայ-ամերիկյան մշակութային միությունը, Երեւանի պետական բժշկական համալսարանը, Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը հոկտեմբեր ամիսը հայտարարում են «Զգաստություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ» միամսյակ եւ դիմում են ամբողջ հասարակությանը, կանանց, երիտասարդներին, հատկապես հետազոտություն անցած մարդկանց՝ մասնակից դառնալ այդ շարժմանը։ Շարժման հիմնական նպատակն է կանանց ուշադրությունը հրավիրել կրծքագեղձի հիվանդություններին։ Նրանք պետք է զգոն եւ զգաստ լինեն իրենց առողջության նկատմամբ եւ հատկապես ունենան տեղեկություն քաղցկեղի վտանգների մասին։ Ելնելով կենտրոնում կատարված չորս տարիների 24 հազարից ավելի հետազոտության արդյունքներից՝ մենք խոր մտահոգություն ենք հայտնում, որ Հայաստանում կանայք շատ քիչ են զբաղվում իրենց առողջությամբ, բժշկի դիմում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ցավոք, հանրապետությունում մեծ է կրծքագեղձի քաղցկեղից տառապող կանանց թիվը։ Հանրապետությունում ուսումնասիրված կանանց շուրջ 10 տոկոսը ունի չարորակ գոյացություն։ Նկատի ունենալով այս ծանր վիճակագրությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, Կանանց առողջության պահպանման ասոցիացիան, ուռուցքաբանները ահազանգում են, որ 40 տարեկանից հետո կինը տարին մեկ անգամ անպայման պետք է անցնի մամոգրաֆիկ հետազոտություն՝ իր եւ իր ընտանիքի հանգստության համար։ Իսկ եթե, Աստված մի արասցե, այդ դաժան հիվանդությունը բուն է դրել, ապա շատ կարեւոր է, որ հնարավորինս արագ կինը ձերբազատվի այդ վտանգավոր ախտից։ Մենք ունենք հնարավորություն նաեւ գինեկոլոգիական կաբինետում մասսայաբար հետազոտել արգանդի վզիկը, որը նույնպես չարորակության վտանգ է պարունակում։ Միայն մեկ քսուկային հետազոտությունը հայտնաբերում է արդեն սկսվող քաղցկեղը եւ կարող է կանխել վերահաս վտանգը։ Մենք ակնկալում ենք լրատվության բոլոր միջոցների օգնությունը եւ աջակցությունը այս անչափ կարեւոր գործում։ Մենք գտնում ենք, որ հատկապես հեռուստալրագրողի եւ լրագրողի մեկ խրախուսող խոսքը հազարավոր կանանց կարող է զորաշարժի ենթարկել։ Մենք կազմակերպելու ենք քայլարշավ, փնտրում ենք հովանավորներ, ֆոնդեր՝ գումարներ հավաքագրելու եւ անապահով կանանց հետազոտություններն անվճար կազմակերպելու համար։ Կենտրոնում փախստականների գերագույն հանձնակատարի հետ իրականացվում է «փախստական կանանց», իսկ Հայաստանի մանկատների հիմնադրամի (նախագահ՝ Ժենյա Ռզայե) հետ՝ զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ծրագրերը։ Կազմակերպվելու են դասընթացներ մարզերում, քաղաքներում, բոլոր հնարավոր ձեւերով փորձ կարվի կնոջը հասցնելու կրծքագեղձի ինքնազննման տեխնիկան, կանցկացվեն բարեգործական համերգներ, ձեռնարկներ։ Սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը բոլոր հետազոտությունները կիրականացվեն 50% զեղչով։ Դիմում ենք նաեւ բոլոր հասարակական կազմակերպություններին՝ մասնակցել այս շարժմանը, քայլարշավին, սիրով սպասում ենք մեզ միացող կազմակերպություններին, հիմնարկներին՝ միամսյակն առավել բովանդակալից անցկացնելու, հասարակական գիտակցության վրա ազդելու նպատակով։ Եթե առողջ է կինը, առողջ է ընտանիքը, ուրեմն առողջ է եւ հասարակությունը։ Գտնում ենք, որ կանանց առողջության պահպանումը բոլորիս սուրբ գործն է։ Օպերայի հրապարակում Հայ կանանց միջազգային միությունը (AIWA) կազմակերպելու է կանանց ձեռքով գործված գորգերի ցուցահանդես-վաճառք։ Միամսյակի կազմակերպիչներ