ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ… Եվ այսպես, ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարն ավարտվեց։ Բայց, ավաղ, այն հայ ֆուտբոլասերի հիշողության մեջ լուսավոր կետեր գրեթե չթողեց։ Խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելով Նորվեգիայի ընտրանուն 1։4 խոշոր հաշվով պարտություն կրեց՝ խոր հիասթափություն պատճառելով հանդիպմանը հետեւող իր բազմահազար երկրպագուներին, որոնք այդպես էլ կարոտ մնացին իրենց սիրելի թիմի գեթ մի հաղթանակի վկան լինելուն։ Արդարացման, մեղավորներին ամեն տեղ փնտրելու անհրաժեշտություն, կարծում ենք, չկա։ Մանավանդ, որ նման իրավիճակում հայտնվածները միշտ էլ պատճառներ գտնում են։ Օրինակ, «Dailyfootball.com»-ը հոկտեմբերի 6-ին գրում է, որ Նորվեգիայի հետ խաղին Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էին առանցքային խաղացողներ Երվանդ Սուքիասյանը, Անդրեյ Մովսիսյանը, Արմեն Շահգելդյանը, որոնք վնասվածք ունեին։ Ճիշտ է, կոլեկտիվ խաղում անհատը կարող է միայնակ լուծել առաջադրված խնդիրները, բայց մեր պարագայում այս թեզը չի անցնում, քանի որ մենք, պարզապես, չունենք, ասենք, Շեւչենկոյի նման վառ աստղ։ Այնպես որ, ենթադրում ենք, որ եթե հիմնական կազմում բացակա խաղացողներ էլ չլինեին, Նորվեգիայի հետ ցուցադրած խաղով գրեթե բացառվում էր հաղթանակ ակնկալելը։ Միայն ցանկությունով եւ էնտուզիազմով չես հաղթի։ Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր պաշտպանությունը չափից ավելի խոցելի էր, կիսապաշտպանությունը մի տեսակ մեկուսացած էր պաշտպանության ու հարձակման գծի արանքում, իսկ վերջինն էլ, ասես, մոռացել էր գրոհների բազմակողմանիության մասին։ Ինչեւէ, Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների ամփոփումը թողնենք ֆեդերացիային՝ հուսալով, որ տրվելիք գնահատականը կլինի անաչառ։ Միայն մարզասեր ընթերցողներին հիշեցնենք, թե մեր ընտրանին ինչպես է ընտրական մրցաշարում խաղացել 5-րդ խմբի իր մրցակիցների հետ։ 2000թ. Նորվեգիա-Հայաստան՝ 0։0, Հայաստան-Ուկրաինա՝ 2։3, Բելառուս-Հայաստան՝ 2։1։ 2001թ. Հայաստան-Ուելս՝ 2։2, Լեհաստան-Հայաստան՝ 4։0, Հայաստան-Բելառուս՝ 0։0, Հայաստան-Լեհաստան՝ 1։1, Ուելս-Հայաստան՝ 0։0, Ուկրաինա-Հայաստան՝ 3։0, Հայաստան-Նորվեգիա՝ 1։4։ Աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշար Ամփոփիչ աղյուսակ (ընտրական 5-րդ խումբ) Լեհաս. 10 6 3 1 21-11 21 Ուկրա. 10 4 5 1 13-8 17 Բելառուս 10 4 3 3 12-11 15 Նորվեգ. 10 2 4 4 12-14 10 Ուելս 10 1 6 3 10-12 9 Հայաս. 10 0 5 5 7-19 5 Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում հանդես գալու իրավունք նվաճած հավաքականները. Աշխարհի չեմպիոն Ֆրանսիա Առաջնության կազմակերպիչներ՝ Ճապոնիա եւ Հարավային Կորեա Եվրոպա. Ռուսաստան, Պորտուգալիա, Դանիա, Շվեդիա, Լեհաստան, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Անգլիա Հարավային Ամերիկա. Արգենտինա Աֆրիկա. Կամերուն, Թունիս, ՀԱՀ, Սենեգալ, Նիգերիա Կոնկակաֆի գոտի. Կոստա-Ռիկա։ … ԵՎ ԱՂՈՏ ԼՈՒՅՍ Այնուամենայնիվ, հայ ֆուտբոլասերները մխիթարվելու առիթ ունեն ի դեմս Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցող մեր երիտասարդական հավաքականի։ Անհաջող մեկնարկից հետո, երբ թիմի ղեկը հանձնվեց Անդրանիկ Ադամյանին, Հայաստանի երիտասարդականի տղաների խաղը զգալի դրական տեղաշարժ ունեցավ։ Նրանք սկսեցին իրենց ավելի վստահ զգալ, իսկ գործողություններում նկատվեց իմաստ ու նպատակամղվածություն։ Արդյունքը եղավ այն, որ մեր երիտասարդները ընդհանուր առմամբ տարան 4 հաղթանակ ու 14 միավորով (իսկ դա բավականաչափ բարձր արդյունք է) մրցաշարը եզրափակեց 5-րդ տեղում։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար ամփոփիչ աղյուսակ (ընտրական 5-րդ խումբ) Ուկրաի. 10 6 1 3 14-13 19 Նորվ. 10 6 0 4 21-12(+11) 18 Լեհաս. 10 5 3 2 20-14 18 Բելառուս 10 5 1 4 21-14 16 Հայաս. 10 4 2 4 10-15 14 Ուելս 10 0 1 9 4-22 1 1/8 եզրափակիչում պայքարը շարունակում են. Շվեյցարիա, Պորտուգալիա, Չեխիա, Թուրքիա, Ուկրաինա, Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Հունաստան, Լեհաստան, Խորվաթիա, Հոլանդիա, Ռումինիա, Իսպանիա, Շվեդիա։ Ա. Հ.