Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի

Հոկտեմբեր 09,2001 00:00

Ամենաշատը երեւանցիներն են լքել երեխաներին Գավառի մանկատան մեկ օրը Գավառ դեռ չհասած, ՆԳ պետավտոտեսուչները կանգնեցնում են մեր երկու «Ռաֆ»-երը։ Կանգնում ենք եւ քանի որ կանգնում ենք, հետեւաբար նրանց տրամաբանությամբ՝ նորեկներ ենք։ Պետավտոտեսուչները կանգնած են բենզալցակայանների դիմաց, որոնց վրա գրված է. «Բարձր որակ եւ սպասարկում»։ Եվ բարձր «սպասարկում են» մեզ, երբ իմանում են, որ «Ռաֆ»-երի մեջ… մեղա, մեղա… լրագրողներ կան։ Ուսուցչի օրվա կապակցությամբ «Ավանգարդ» երիտասարդական թերթն ու ՀՀ մշակույթի նախարարությունը համատեղ ծրագրել էին այցելել Գավառի մանկատուն։ Այցելում ենք մանկատուն, որը գործում է 1936թվից։ Երեխաների հետ նաեւ դիմավորում էր 1946թ. մանկատանն աշխատող Նինա Աղեկյանը։ Նա նախնական պատկերացում է տալիս մինչ 50-ականները մանկատան գործունեության մասին, ուր երեխաների թիվը ավելին էր, քան այսօր, եւ դա կապված էր հետպատերազմյան ծանր տարիների հետ։ Հիմա էլ է հետպատերազմյան տարի եւ հայ ծնողները, մայրերն իրենց երեխաներին հանձնում են մանկատուն։ Զրուցում եմ 8-րդ դասարանում սովորող Դավիթ Ավագյանի, նրա քրոջ՝ Գեղեցիկի հետ։ Նա ասում է, որ սիրում է թենիս, եւ իմ հարցին, թե ինչպես է սովորում, պատասխանում է կարճ՝ «հարմար եմ սովորում»։ Մանկատան երեխաները սովորում են Գավառի թիվ 5՝ Ավ. Իսահակյանի անվան եւ թիվ 4՝ Հովհ. Թումանյանի անվան դպրոցներում։ Գնում են դպրոց, ապա վերադառնում էլի դպրոց՝ մանկատուն անվամբ, ուր պատրաստվում են հաջորդ օրվան։ 1985-ից դպրոցի տնօրենն է Նիկոլայ Նալբանդյանը։ Նա սիրահոժար մեզ ուղեկցում է կառուցված նոր շենքը՝ համակարգիչներով, հարմարավետ դասասենյակ-ննջարաններով։ Տնօրենը տեղեկացնում է, որ իրենց հովանավորել են «Թյու Բինգեն-Հայաստան նախաձեռնություն» կազմակերպությունը, ԱՄՆ արեւելյան թեմն ու կանադահայ Ժիրայր Թորիկյանը (Թորիկյան եղբայրները)։ Համակարգիչներով նրանց ապահովել է ՀՕՖ-ը։ Մենք խնդրեցինք մեզ տրամադրել մանկատան վիճակագրությունը։ «Առավոտին» տրամադրվեց երեխաների թիվը ըստ խմբերի, ըստ դասարանների, սոցիալական-ազգային կազմի եւ երեխաների բաշխվածությունն ըստ քաղաքների։ Կա 1 ընկեցիկ, միակողմանի 25 որբ, անհայտ ծնողների 15, միայնակ մայրերի 22, ծնողներ ունեցող 70 երեխա։ Երկկողմանի ծնողազուրկը մեկն էր։ Այս երեխաներից 127-ն են հայ, ռուս՝ 2-ը, եզդի՝ 2-ը։ Ամենաշատը իրենց երեխաներին լքել են երեւանցիները. նրանք՝ մերժվածները, 32-ն էին։ Ետ չի մնացել եւ ԼՂՀ-ն՝ 12, Բաքվից 4-ն էին, Սումգայիթից՝ 2-ը։ Եվ Գավառը՝ 3։ Այս երեխաների հետ 60 աշխատողներից 20-ը մանկավարժներ են, որոնք հայտնեցին մեզ, որ ստանում են 18 հազար դրամ աշխատավարձ։ Այցելեցինք ընդհանուր բաղնիքը՝ ճերմակ մարմարով պատված, այն սպասարկում է 8 երեխայի։ Զուգարաններն ու լվացարանները փայլում են մաքրությունից։ Գորգագործության սենյակ հասանք այն պահին, երբ Համեստ Օհանյանն իր «Էջմիածին» գորգն էր գործում, իսկ Սոնա Գաբրիելյանը՝ «Երեւան» աշխատանքը, նա ասաց, թե 2 շաբաթում կավարտի։ Նորից զրուցում եմ երեխաների հետ, Դավիթ անունով տղան իմ ծոցատետրում նկարում է ջրահարս, կրծքին՝ արեւ, Արմանից պարտվում եմ՝ թենիսի հրապարակում։ Մանկատան ամենափոքրը 1997թ. ծնված է, ամենա«տարեցը»՝ 1978թ.։ Մանկատան սաներից ամենանշանավորը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն է, որի հետ անցնում եմ իր մանկության սենյակներով։ Նա 12 տարի եղել է այդտեղ, եւ նրան ընդունում են հարազատի պես։ Այս տարի մանկատան 7 սաներ ընդունվել են բուհեր եւ տնօրենի մտահոգություններից մեկն է լուծել նրանց հանրակացարանի, տրանսպորտի հարցը։ ՀՕՖ-ը 10 հազար դրամ թոշակ է տալիս նրանց, սակայն ամենահամեստ հաշվարկներով 4 հազար դրամ կարող է գնալ միայն տրանսպորտի վրա։ Հանդիպման վերջում «Ավանգարդն» ու մշակույթի նախարարությունը, ապա ՊՆ աշխատակիցները գրենական պիտույքներ, փոքրիկ ռադիոմագնիտոֆոններ, շրջազգեստներ, ֆեներ են նվիրում բարձր դասարանցիներին։ Պարում են բոլորը։ Սակայն պարի մեջ տխրություն կա. մի տղա նվերը ձեռքին լալիս է։ Չարենցավանի մի ընտանիքից 4 երեխա մանկատանը «նվիրած» փոքրիկներից՝ տղան շփոթվել է եւ ցանկացած մեկիս մոտենալով, հարցնում է. «Դու իմ մամա՞ն ես»։ Իսկ արցունք չկա։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել