Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Հոկտեմբեր 09,2001 00:00

«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ» Ինչպես «Առավոտի» թիվ 184-ում խոստացել էինք, Սայաթ-Նովա 4 հասցեում գտնվող «Solo» սրճարանի շուրջ ստեղծված իրողությունների մասին մեզ պարզաբանումներ տվեց սրճարանի տնօրեն, փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Նա դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Վերջինս հասցրել է մամուլի ասուլիս հրավիրել, մեղադրել «անհաղթ» Ռշտունուն, որը «հրաժարվում է վերադարձնել տարածքը», որ «նա 7 ամիս ձգձգում է դատը», որ «Ռշտունին ավելի հեռահար նպատակ ունի՝ ցանկանում է զավթել տիկնիկային թատրոնի ողջ տարածքը»։ Բաբայանը խոստացել էլ էր. «Մենք ցույց կտանք, որ նրանց դեմ խաղ կա», եւ հայտնել, որ «Solonn»-ի փայատերեր են եղել Նունե Եսայանն ու Նադեժդա Սարգսյանը։ Պրն Ռշտունու զայրույթն այս պահին սահման չի ճանաչում։ Ի պատասխան Ռ. Բաբայանի հնչեցրած մեղադրանքների, նա ասաց. «Ոչ մի իրավիճակ էլ չի ստեղծվել։ «Solon»-ն պայմանագրով վարձակալել է տիկնիկային թատրոնի միջսյունային տարածքը եւ անկյունային մեկ սենյակ, որը չի օգտագործվել։ Դրանք թաղապետարանի սեփականությունն էր, Ռ. Բաբայանն անազնիվ խաղ է վարում։ Մոռանանք, որ ես փաստաբան եմ։ Իմ անձը նշանակություն չունի։ Ես քաղաքացի եմ, ստեղծել եմ լիակատար ընկերություն, որը, ի դեպ, հրատարակել է 1994թ. ազատ Հայաստանի առաջին իրավաբանական գիրքը՝ քրեական օրենսգիրքը»։ Ըստ Ռ. Ռշտունու, 10 տարով կնքված իրենց պայմանագիրը օրինական է։ Ոչ թատրոնը, ոչ թաղապետարանը այդ ժամանակ գումար չունեին ձեւակերպումներ անելու, թատրոնի համար սեփականության վկայագիր հանելու։ «Վկայագիրը հանել ենք մեր ծախսերով»: «Ակնհայտ սուտ է այն,- ասաց պրն Ռշտունին,- թե իբրեւ ես գործը ձգձգում եմ։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել 7.12.2000թ.։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանն էլ 29.01.2001թ. նշանակել է դատական նիստը, որին կողմերը չեն մասնակցել։ Ծանուցագիր է տրվել կողմերին, մարտի 27-ին պետք է տեղի ունենար նիստը։ Ներկայացել ենք։ Պատասխանող կողմը՝ Կենտրոնի թաղապետարանի ներկայացուցիչ Արուսյակ Լալայանը խնդրել է գործի քննությունը հետաձգել լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու եւ հակընդդեմ հայց կազմելու համար։ Նույն դատական նիստում ես դեմ էի, իսկ դատարանը բավարարեց այն»։ Հավելենք, որ մարտի 26-ի թվով հակընդդեմ հայց է մտնում դատարան, այն դեպքում, երբ 27-ի նիստում հակընդդեմի համար ժամանակ էր խնդրել թաղապետարանը։ Նիստը տեղափոխվել է հոկտեմբերի 15-ին։ Ինչ վերաբերում է փաստաբանի տարածքային նկրտումներին, Ռ. Ռշտունին հայտնեց. «Այդպիսի հայտարարություն անողին անհրաժեշտ է շատ շտապ դիմել հոգեբույժի, այն էլ՝ փորձված։ Աշխատանքիս բերումով ծանոթներ ունեմ ե՛ւ Աղի հանքում, ե՛ւ Սովետաշենի հոգեբուժարանում…»։ Պրն Ռշտունին տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ին (2000թ.) թաղապետը որոշում է կայացրել Սայաթ-Նովա 4 շենքի 2376,1 քմ տարածքը հատկացնել տիկնիկային թատրոնին՝ անհատույց օգտագործման իրավունքով եւ «թույլատրել թատրոնին ենթավարձակալության պայմանագիր կնքել իր ծախսերը հոգալու համար»։ Ինչը նշանակում էր, որ թաղապետարանն իրավունք չուներ ամբողջ տարածքը տալ անհատույց, քանզի 111 քմ վերաբերյալ արդեն կնքված էր 2 պայմանագիր՝ մեկը սենյակի, մյուսը՝ միջսյունային տարածքի համար։ Ըստ ակնարկված որոշման, չէր էլ լուծարվում որեւէ պայմանագիր, մանավանդ թաղապետը գրել էր. «Չեղյալ համարել 111,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը «Solon» ՍՊԸ-ին վարձակալության հանձնելու մասին 30.03.2000թ. որոշումը»։ Թաղապետարանը ինքն էր կնքել պայմանագիրը եւ ինքն էլ գումարը ստանում էր։ «Այստեղ շարունակվում է այն թալանի քաղաքականությունը, որը թատրոնը վարել է մեր նկատմամբ»։ Չեղյալ համարելուց հետո հանձնարարվում է իրավաբանական բաժնի պետ Ա. Լալայանին «դատական կարգով լուծել թաղապետարանի եւ «Solon»-ի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրն ու օգտագործման վկայականը»։ Պրն Ռշտունին տեղեկացրեց, որ սենյակի ներքեւում շենքի աղբատար խողովակն էր, ինչը հանվել է, մաքրվել։ «Մենք ոչ մի բան չենք նկարել, գովազդել, բողոքի գիրք էլ չենք պահել, երբ 200 դրամի համար երեխաներին կարող էին թատրոն չթողնել այդ նույն բաբայանները»,- հայտնեց պրն Ռշտունին։ Ինչ վերաբերում է կատարված աշխատանքների դիմաց փոխհատուցման պահանջին, պրն Ռշտունին ընթերցեց մի որոշում. «Solon» ՍՊԸ-ին թույլատրվել է կատարել կապիտալ շինարարական աշխատանք, որը եւ իրականացվել է։ Ի՛ր թույլտվությամբ։ «Եթե իր թույլտվությամբ է եղել,- գտնում էր պրն Ռշտունին,- ապա բոլոր ծախսերը թատրոնը պետք է վերականգնի։ Մինչեւ չվերականգնի, տարածքը ազատող չկա»։ Պրն Ռշտունին ընթերցեց Բաբայանի անունից արված հայտարարությունը, ըստ որի, նա խոսել է մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Ռազմիկ Աբրահամյանի, մշակույթի փոխնախարարը խոսել է գործը վարող դատավոր Էդուարդ Ավետիսյանի հետ եւ «շատ հնարավոր է հոկտեմբերի 15-ին նշանակված դատական նիստի ժամանակ հարցը լուծվի թատրոնի օգտին»։ Պրն Ռշտունին նշեց, որ արդեն վկա Բաբայանը հայտնում է դատախազությանը («իսկ հանցագործության մասին թերթում հայտնելը հիմք է քրեական գործ հարուցելու մասին»), որ փոխնախարարը միջամտել է դատական գործի լուծմանը։ Այսինքն, կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրօրի 191 պրիմ հոդվածով։ Պրն Ռշտունին մեր թերթի միջոցով դիմում է գլխավոր դատախազին՝ այդ փաստի առթիվ հարուցել քրգործ։ Ինչ վերաբերում է Ռ. Բաբայանի հայտարարությանը, թե «մենք ցույց կտանք, որ նրանց դեմ խաղ կա», փաստաբանը դուրս եկավ ափերից. «Գողակա՞ն է գնում։ Փողոցի որ անկյունից է այդ ժարգոնը ընդօրինակել»։ Իսկ Նունե Եսայանը եւ Նադեժդա Սարգսյանը իրենց փայատեր լինելու մասին Ռ. Բաբայանից լսելով, փաստաբան Ռ. Ռշտունու խորհրդին էլ թող միանան՝ քահ-քահ ծիծաղելով… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել