Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավ-արեւմտյան

Հոկտեմբեր 09,2001 00:00

Մեր բակն էլ է մեր տունը Հարավ-արեւմտյան Ա-1 թաղամասի Գուսան Շերամի փողոցի թիվ 103 շենքը շրջակա 6 բարձրահարկերի հետ շահագործման է հանձնվել 20-22 տարի առաջ։ Ժամանակին բակում եղել է խաղահրապարակ, կանաչապատ տարածք՝ հանգստի տաղավարներով։ Այսօր այդ բակի հետքն էլ չի մնացել՝ կիսաչոր ծառեր, այս ու այնտեղ կուտակված շինարարական աղբ, մեքենաներ ու ավտոտնակներ։ Երեք տարի առաջ բնակիչներից մի քանիսը որոշեցին բարեկարգել բակը. ծառեր տնկեցին, կասեցրին նորակառույց ավտոտնակների շինարարությունը։ Օգնեց նաեւ Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Աղվան Գրիգորյանը՝ բարեկարգման համար հատկացնելով 600 հազար դրամ։ Այս տարվա մայիսին գումարը ստանում է հիշյալ 7 շենքերի «Շերամ» համատիրության նախագահ Վոլոդյա Ազատյանը, եւ ամեն ինչ սկսվում է հենց այդ պահից։ – Այդքան փողը վերցրեց ու ոչինչ չարեց,- մեզ բողոքեցին բակում պատահած առաջին իսկ բնակիչները,- խաղահրապարակի «բորդյուրները» տեղահան արեց, տարավ՝ իբր ճանապարհ սարքեց, դրա վրա էլ փող դուրս գրեց։ Բողոքում ենք, ասում է, թե՝ լավ եմ անում, ես եմ էս տարածքի կառավարիչը։ Բա էս բակն ո՞ւմ համար է։ Բնակիչները ցույց տվեցին ոռոգման համար անցկացված խողովակաշարը, որի մեծ մասն, ըստ իրենց, հին էր, անհամապատասխան տրամագծով, ջուրն էլ տեղ չի հասնում, ինչի պատճառով նորատունկ ծառերը ստիպված են ջրել տնից բերված խմելու ջրով, դույլ-դույլ։ Կիսատ է մնացել խաղահրապարակի կառուցումը, նստարանների մասին լսել են, բայց դրանք չեն տեսել, իսկ ճոճանակների համար նախատեսված տեղում բեռնատարներ են կանգնած։ – Ախր էլ մեզ ո՞վ փող կտա, որ բակ բարեկարգենք,- նեղսրտեց հին բնակիչ Դանիել Ազոյանը,- հազիվ էինք համոզել համայնքապետին, նույնիսկ օրինակելի բակ էինք ուզում դարձնել, էն էլ խնդրեմ՝ քոռուփուչ արեց մեր «ոչ բարով» համատիրության կառավարիչը։ Մեր զրույցի պահին անսպասելի բակ մտավ «Շերամ» համատիրության նախագահ Վոլոդյա Ազատյանը։ Նախ՝ տհաճությամբ, հետո արդեն ստիպված նա արձագանքեց մեր հարցերին։ Ըստ նրա, շինարարական բոլոր աշխատանքները հիմնավորված են համապատասխան ակտերով, համայնքապետարանի մասնագետները եղել են տեղում եւ հավանություն տվել կատարված աշխատանքին՝ ընդունելով ակտերն ու հաշվետվությունները, որոնցով էլ հիմնավորվել է «չարաբաստիկ» 600 հազար դրամի ծախսը։ Համատիրության պետը չժխտեց, որ ժողով չի արել ու բնակիչների հետ չի քննարկել կատարվելիք աշխատանքները, հարցը լուծել են իրենց վարչության անդամներով։ Իսկ որ բնակիչները դժգոհ են (մեղմ ասած), պրն Ազատյանը չի նեղվում՝ «2000 բնակիչ կա, այդքանին գոհացնել կլինի՞»։ Այն, որ գումարը ծախսվել է տեղին, առանց սեփական ու պետական գրպանները «շփոթելու», հաստատեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի Կոմունալ բաժնի պետ Գեւորգ Ասատրյանը։ – Ի՞նչ եք կարծում, մենք այնքան հարուստ ենք, որ այդքան փող տանք ու չհետեւենք, թե ո՞ւր գնաց,- ասաց նա,- պարզապես այդ բակում անելիք շատ կար, փորձեցինք ամեն ինչ անել հնարավորինս էժան ծախսերով, սրան-նրան խնդրելով։ Իսկ բնակիչներից ոչ մեկն էլ մոտ չեկավ, մատը մատին էլ չխփեց։ Պրն Ասատրյանը նաեւ խոստովանեց, որ կիսատ գործեր դեռ կան, եւ համայնքապետարանն աչքաթող չի անելու այդ բակը. հետեւելու է, որ բարեկարգումն արվի մինչեւ վերջ։ Վերջում, կրկին անդրադառնալով մեր ստացած գրավոր բողոքին, ասենք, որ նամակի հեղինակը՝ թիվ 103 շենքի բնակիչ Մարիամ Ավագյանը, մեր զրույցի ժամանակ «խոստացավ», որ մինչեւ բակը չբարեկարգվի այնպես, ինչպես սահմանված է եղել նախահաշվարկային ծրագրով, «ինքն Ազատյանին հանգիստ չի թողնի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել