Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած կանխատեսումներին, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդե

Հոկտեմբեր 09,2001 00:00

ԱՇԽԱՐՀՆ ԻՆՔՆԱԹԻՌԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է Չնայած կանխատեսումներին, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդեցություն չի ունենա, այնուամենայնիվ, այդ ազդեցությունը, թեեւ աննկատ, աստիճանաբար, բայց սպառնում է ահագնացող դառնալ, մանավանդ՝ պատերազմը սկսվելուց հետո։ Առաջինը տուժեցին ավիաընկերություններն ու ավիացիայի հետ առնչվող ընկերությունները։ Օրինակ, գերմանական «Լուֆթանզան» ահաբեկչությունից անմիջապես հետո (CNN-ի հաղորդմամբ) չեղյալ հայտարարեց «Բոինգի» արտադրության վերաբերյալ իր նախօրոք արված պատվերը, պատճառաբանելով, թե «օդային ահաբեկչությունների» գերակշռող մասը տեղի է ունենում հենց այս մակնիշի ինքնաթիռներում։ «Բոինգն», իհարկե, տուժեց դրանից, մանավանդ որ, «հրաժարվելու» միտումը շարունակվում է։ Իսկ Եվրոպայում եւ ողջ աշխարհում մեծ կշիռ ունեցող «Swissair» (շվեյցարական ավիաուղիներ) ավիաընկերությունը, չնայած, ըստ փորձագետների, արդեն վաղուց խնդիրներ ուներ, այնուամենայնիվ, հատկապես ահաբեկչությունից հետո հայտարարեց, որ սնանկացման վտանգի առաջ է, եւ աշխարհի ֆինանսական հզոր կորպորացիաներին խնդրեց օգնել։ Օգնությունն, իհարկե (նաեւ Շվեյցարիայի կառավարության մակարդակով), չուշացավ, եւ «Swissair»-ն արդեն վերսկսել է թռիչքները, բայց աշխատում է ոչ նախկին ծանրաբեռնվածությամբ։ Այս ավիաընկերությունը ոչ միայն ամենախոշորներից է աշխարհում, այլ նաեւ՝ ամենահուսալիներից, եւ «Swissair»-ի արդեն գնված տոմսը նույնն է, ինչ ԱՄՆ-ի «Գրին քարտը»: Բավականին անսպասելի էր ստեղծված վիճակը, չնայած հայտնի էր, որ ընկերության ֆինանսական վիճակը, 2-3 տարի է, ինչ վատացել էր։ «Swissair»-ը եւ «Sabena»-ն (բելգիական ավիաուղիներ) դատական վիճաբանության մեջ են (միեւնույն անձն է կառավարում երկու ավիաընկերությունները)։ Այնուամենայնիվ, «Swissair»-ը, փորձագետների գնահատմամբ, շահավետ երթուղիներ էր սպասարկում, շատ լավ օդանավային պարկ ունի, անձնակազմը գրագետ է, թերությունը ֆինանսական մենեջերներն են թույլ տվել։ Կանխատեսումներ անելով, մասնագետները գտնում են, որ այս դեպքերից հետո հաճախորդների վստահությունը կպակասի ավիաընկերության նկատմամբ, ինչը երկար չի տեւի, «որովհետեւ կա մարդկանց մի որոշակի կոնտինգենտ, որն այլընտրանք չունի եւ, ելնելով բիզնեսի ու անձնական պահանջներից, անպայման պետք է օգտվի ինքնաթիռներից»։ Արդյոք «Swissair»-ի հետտեռորիստական թռիչքները ցուցադրական չէի՞ն, որ (ապացուցեն, թե ամեն ինչ կարգին է) եւ արդյոք դուրս չի՞ մղվի շուկայից, ինչի հետեւանքով կարող են վերադասավորումներ տեղի ունենալ։ Մասնագետները հակված չեն սրան հավատալ։ Միաժամանակ նկատենք, որ ավիաընկերությունների պրոբլեմը խորն է եւ 11-ի ահաբեկչությամբ չի սկսվել։ Որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան ձեռք ձեռքի տալու, երես առ երես պայմանագիր կնքելու, հետեւաբար՝ երկրից երկիր մեկնելու, անհրաժեշտությունը պակասում է։ Իսկ մեկնողների մեծ մասը գործարարներն են։ Փորձագետների դիտարկմամբ, «ավիաընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել նաեւ «աննորմալ մրցակցության» հետեւանքով։ Խոշոր ընկերությունների մրցակցությանը դիմանալու համար թռիչքների, ինքնաթիռների թիվն ավելացնում են եւ սկսում վնասով աշխատել։ Օրինակ, Երեւան-Փարիզ չվերթի տոմսը նախկինում արժեր 600 դոլար, այժմ 500-ի էլ չի հասնում, այնինչ, ծախսերը գնալով ավելանում են»։ Իհարկե, այս դեպքերը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաեւ հայկական ավիացիայի վրա։ ՀԱՈՒ-ի կոմերցիոն տնօրեն Արամ Մարությանից տեղեկացանք, որ մոտ 400000 դոլարի արդեն վաճառված տոմս հետ է վերադարձվել ԱՄՆ-ում (դեպի Երեւան)։ Ըստ նրա, «բազմաթիվ էին դեպքերը, երբ չգիտեինք՝ չվերթը կկայանա՞, թե՞ ոչ, ուղարկում էինք մարդկանց Եվրոպա, որտեղ այժմ մեծ են կուտակումները, ինչի պատճառով ուղեւորները չէին կարողանում մեկնել ԱՄՆ, ուստի ստիպված էինք լինում փոխհատուցել։ Կտրուկ պակասել է ուղեւորահոսքը»։ Ըստ պրն Մարությանի, անցած տարի ՀԱՈՒ-ն (իր բլանկով) ԱՄՆ-ում ամսական մոտ 70000 դոլարի տոմս էր վաճառում, այս տարի ամսական մոտ 500-600 հազար դոլարի։ Թե ինչքանով է պակասել իրենց ուղեւորների թիվը, հնարավոր չի պարզել։ «Սիբիրյան ավիաուղիների» ինքնաթիռի կործանման համար դեռեւս քննարկվում է ահաբեկչության վարկածը։ Երեկ էլ Միլանի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել։ Նոր «բախումները» ոչ ոք չի բացառում։ Ուստի ավիաընկերությունների խնդիրներն առաջիկայում ավելի կխորանան։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել