Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՅՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ»

Հոկտեմբեր 09,2001 00:00

«ՆԱՅՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ» ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն իր գործընկերների անսկզբունքայնությունից ամենեւին զարմացած չէ։ ԱԺ 6 պատգամավոր ՍԴ ներկայացրած իրենց ստորագրությունները ետ վերցնելով, փաստորեն, կողմ քվեարկեցին ԲԷՑ-երի մասնավորեցմանը, թեպետ հրապարակավ հայտարարում են, թե դեմ են մասնավորեցմանը։ Պրն Զաքարյանի գնահատմամբ. «Ես չէի ասի, որ այդ մարդիկ դիրքորոշում կամ կարծիք ունեն որեւէ հարցի վերաբերյալ։ Նրանք նայում են քաղաքական շահը, քաղաքական խաղերը։ Մենք ինչո՞ւ երեք կուսակցություններով կոչով դիմեցինք ժողովրդին. որովհետեւ գիտեինք, թե ովքեր են պատգամավորները։ Մեր խնդիրն այն է, որ այսօր ՀՀ նախագահը չի ներկայացնում որեւէ քաղաքական ուժ: Քաղաքակիրթ աշխարհում սա բացառություն է։ Միայն Հայաստանում է հնարավոր, որ նախագահը ոչ թե քաղաքական հենարան ունենա, այլ՝ բյուրոկրատական ապարատ։ Այս պայմաններում մարդկանց հոգեբանությունն էլ է խաթարված»։ Ստեփան Զաքարյանը վստահ է, որ իրենք ճիշտ են վարվել նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելով. «Սկսել ենք ժողովրդի միջոցով։ Շատերը հարցնում են, ինչո՞ւ ԱԺ-ում ստորագրահավաք չենք սկսում։ Մենք հիանալի գիտենք պատգամավորներին եւ գիտենք, որ նրանք առանց ճնշման ոչնչի ընդունակ չեն։ Շատ դժվար է լինելու այն քաղաքական գործիչների համար, որոնք զեփյուռը (ես քամի էլ չէի ասի), որ ուղղությամբ որ փչում է, փոխում են իրենց դիրքորոշումը 100%-ով»։ Ստեփան Զաքարյանի կարծիքով, եթե մենք «փոքր-ինչ քաղաքակիրթ երկիր լինենք, ապա նախագահի կատարած խախտումների 10%-ն էլ բավական էր, որ պաշտոնանկության գործընթաց սկսվեր»։ Կոտայքի մարզ կատարած իր այցից հետո, նախագահ Քոչարյանը իր իսկ առաջարկով փորձեց խոսել որոշ քաղաքական խնդիրներից (քանի որ լրագրողները, հավանաբար, «ցուցմունք» էին ստացել քաղաքական հարցեր չշոշափել), անդրադարձավ նաեւ «Պապլավոկում» կատարված սպանությանը եւ, որքան էլ ցավալի է, որեւէ ցավակցական խոսք չասաց սպանված Պողոս Պողոսյանի հարազատներին։ Փոխարենը՝ զարմացավ՝ ի՞նչ է, ուրեմն նախագահը պետք է կինո, թատրոն եւ սրճարան չգնա՞։ Ստ. Զաքարյանը այստեղ, կարծես թե, համաձայն է նախագահի հետ. «Ես ասում էի՝ որտեղ Ռ. Քոչարյանն է, այնտեղ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում։ Երեւում է, նախագահն ինքն էլ է դա խոստովանում, որովհետեւ եթե նա ասում է՝ ի՞նչ է, ոչ մի տեղ չգնա՞մ, ուրեմն նշանակում է, որ եթե գնա, մարդկանց կյանքին վտանգ կսպառնա»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել