Իրավիճակը շիկանում է Իրավիճակն աշխարհում շիկանում է եւ վտանգ կա, որ ի սկզբանե Աֆղանստանի «Թալիբան» շարժման եւ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Oսամա բեն Լադենի դեմ ուղղված ռազմական գործողությունների արդյունքում պատերազմական վիճակում կարող են հայտնվել նաեւ այլ պետություններ: Այն, որ հնարավոր են հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկվեն նաեւ այլ պետություններում, ավելի քան հավանական է, եւ այդ մասին հայտարարում են հենց հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրները: Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի Ռազմաօդային ուժերը ձեռնարկել են Աֆղանստանի տարածքում տեղակայված թալիբներին պատկանող օբյեկտների հրթիռային ռմբակոծումների երկրորդ փուլը: Արեւմտյան գործակալությունների տեղեկությունների համաձայն, ռմբակոծության են ենթարկվելու թալիբների ռազմական կառույցների կարեւորագուjն ենթակառուցվածքները: Այդ ակցիային մասնակցող հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրներն առաջնահերթ են համարում «Թալիբան» շարժման հակաօդային պաշտպանության միջոցների ոչնչացումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, երեկվա դրությամբ, ոչ մի տեղեկություն չի տվել մինչ այդ իրականացված ռմբակոծությունների արդյունավետության մասին: Սակայն, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, նախնական տվյալներով, թեւավոր հրթիռներով եւ ռումբերով հնարավոր է եղել ոչնչացնել նվազագույնը 7 նախանշված թիրախ, այդ թվում՝ Քաբուլում թալիբների պաշտպանության նախարարությունը, Քաբուլի, Կանդագարայի եւ Գերաթեի օդակայանները: Պայթեցվել է նաեւ թալիբների նավթաբազան: Քաբուլում կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, որոնց թիվը տակավին ճշտված չէ: Մյուս կողմից, Պելավարում թալիբների հյուպատոսը հայտարարել է, թե իրենք նոր Սրբազան պատերազմ՝ Ջիհադ, են սկսում բոլոր այն պետությունների դեմ, որոնք աջակցում են ԱՄՆ-ին: Այդ համատեքստում վտանգ կա, որ «Թալիբան» շարժման ռազմական կազմավորումները Աֆղանստանից կարող են ներխուժել Ուզբեկստան: Թալիբներն արդեն հասցրել են մեղադրել այդ պետությանը ԱՄՆ-ին աջակցելու մեջ: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկությունների համաձայն, Ուզբեկստանի սահմանին այսօր կենտրոնացված է շուրջ 3 հազար եւ լավ զինված գրոհային: Ադրբեջանական «Զերկալոն» իր հերթին հայտնում է, որ աֆղանցի փախստականների մի մեծ բանակ անցել է նաեւ Ադրբեջանի սահմանը: Պատրաստեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ