ՄԿԱՆ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳՆ Է Ազգային երեսփոխաններն ավելորդ անգամ փաստեցին, որ իրենցից շատերի սկզբունքայնությունը դատարկ փուչիկ է, իսկ ճռճռան, վերամբարձ արտահայտությունները սոսկ քողածածկույթ են՝ անձնական նկրտումները քողարկելու համար։ Անկեղծ ասած, մոտ մեկ ամիս առաջ, երբ Շավարշ Քոչարյանին հաջողվեց հավաքել բավարար քանակի ստորագրություններ՝ ՍԴ դիմելու համար, շատերս զարմացանք, ոմանք նույնիսկ մտածեցին՝ «ճպՎ փԴՐՑ վպ ՔցՑՌՑ», մեկ էլ տեսար, իսկապես, ՍԴ-ն ուրիշ ճար չունենալով, ունկնդիր լինի օրենսդիրների ներկայացրած փաստերին եւ որոշում կայացնի, որ «ԲԷՑ-երի մասնավորեցման մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի քվեարկությունը տեղի է ունեցել կոպիտ խախտումներով։ Եվ ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքը չընդունված համարվի։ Ինչպես միշտ՝ ուրբաթն ավելի շուտ եկավ։ Մեր թերթն անդրադարձել էր սույն խնդրին, փաստելով, որ որոշակի տնտեսական լծակներ ունեցող որոշ պատգամավորների արդեն սկսել են ճնշել՝ պահանջելով ետ վերցնել ՍԴ ներկայացրած ստորագրությունները։ Ուրիշների պարագայում օգտագործվել էր կուսակցական կոշտ բացատրական աշխատանքը։ Ակնհայտորեն, լայնածավալ «աշխատանք» էր իրականացվում, քանի որ, ի զարմանս մեզ, ստորագրություները ետ վերցրին ոչ թե մեր նկատած պատգամավորները, այլ՝ բոլորովին ուրիշ մարդիկ։ Նպատակն իրականացված է, մյուսներին թողեցին մեկ այլ առիթով կրկին «թափ տալու» համար։ Իսկ ստորագրությունը ետ վերցրած վեց պատգամավորը (երեկվա դրությամբ մեզ այդքանն էր հայտնի), մեկը մեկից «համոզիչ» փորձում էր բացատրել իր քայլը։ Ցուցակում մեծ թիվ են կազմում կոմունիստները, ավելի կոնկրետ՝ նախկին կոմունիստները կամ այդ կուսակցությունից պատիժ ստացածները. Յուրա Մանուկյան, Հրանտ Ոսկանյան, հաջորդը՝ Պերճ Բոշնաղյան։ Հետո գալիս են «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս եկած Սամվել Ավետիսյանը, անկախ պատգամավորներ Գագիկ Կոստանդյանը եւ Արամ Հարությունյանը։ Պարզապես մանկական բացատրություն կարելի է համարել գրեթե բոլորի բացատրությունները։ «Մանկական» բառն այստեղ գործածված է «թեր» իմաստով։ Գագիկ Կոստանդյանը եւ Սամվել Ավետիսյանն առանց վարանելու խոստովանեցին, որ իրենք, ոչ ավել, ոչ պակաս, ստորագրել են՝ առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում։ Տեսնո՞ւմ եք, թե եվրոպական չափանիշներին ձգտելն ինչի է հասցնում՝ եթե Եվրախորհրդի նախագահը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ ստորագրել մի փաստաթղթի տակ, որն, իր ասելով, չի էլ կարդացել (հիշեցնեմ, խոսքը ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրինականության մասին էր), ապա մերոնք ումի՞ց են պակաս։ Գագիկ Կոստանդյանը նույնիսկ հոնքը չշարժեց, երբ ասում էր. «Ստորագրությունը ես եմ վերցրել, ոչ մեկն ինձ չի ստիպել, որովհետեւ անհեթեթ բանի տակ էի ես ստորագրել։ Ստորագրել էի, որ պատգամավորներից մեկը մեկի փոխարեն քվեարկել է, էն դեպքում, երբ ես էդ օրը չէի եղել դահլիճում»։ Ըստ Գագիկ Կոստանդյանի՝ իրեն հարցն այլ կերպ է ներկայացվել, որ, իբր թե, ստորագրությունները հավաքվում են ԲԷՑ-երի մասնավորեցմանը դեմ։ Չենք կարծում, որ պրն Կոստանդյանը կամ Սամվել Ավետիսյանը, մյուսները եւս միամիտ են, եւ չեն հասկանում, որ եթե քվեարկության օրինականությունը չհաստատվեր, օրենքը չէր կարող ընդունված լինել։ Ինչեւէ։ Բոլոր «ետ ողորմեա»-ները տեղի են ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, իրար ետեւից։ Հասկանալի է, երբ բոլոր զրուցակիցներին հարցնում էինք՝ իրենց ճնշել կամ ստիպել են ստորագրությունը ետ վերցնելու համար, չէինք էլ սպասում, թե ազնվորեն կխոստովանեն հնարավոր ճնշումների մասին։ Սամվել Ավետիսյանը, այնուհետեւ՝ նաեւ Պերճ Բոշնաղյանը եւ Հրանտ Ոսկանյանը հետաքրքիր բացատրություն տվեցին. բոլորը միաձայն փաստեցին՝ սկզբունքորեն դեմ են ԲԷՑ-երի մասնավորեցմանը, բայց եթե ռուսական ընկերություն է մասնավորեցնելու՝ կողմ են եւ նաեւ դրա համար են ստորագրությունները ետ վերցրել։ Սամվել Ավետիսյանը բառացիորեն նույնն ասաց, ինչ-որ Գ. Կոստանդյանը, միայն հավելեց. «Հավատացի ներկայացնող գործընկերոջս խոսքին, բայց երբ որ կարդացի, տեսա, որ մեղադրական եզրակացություն է մեր գործընկերների հանդեպ, որի տակ ես չէի կարող ստորագրել, որովհետեւ ականատես չէի եղել այդ խախտումներին»։ Պերճ Բոշնաղյանն ավելի հեռուն գնաց եւ բացատրեց, որ «չի կարելի ատոմային էլեկտրակայանի շահագործումը, տեխնոլոգիական սպասարկումը եւ էլէներգիայի արտադրանքը մեկին հանձնարարել, իսկ մյուսին ասել՝ գնա այդ արտադրանքը վերցրու-ծախիր»։ Պրն Բոշնաղյանը եւս մեկ շաբաթ առաջ է ստորագրությունը ետ վերցրել։ Իսկ ինչո՞ւ էր ստորագրել, եթե հետո փոշմանելու էր. «Ո՞ւմ ինչ գործն է, ինչո՞ւ եմ ստորագրել եւ ինչո՞ւ եմ ետ վերցնում»։ Գուցե պրն Բոշնաղյանը եւս չի իմացել, թե ինչ է ստորագրում. «Չէ, շատ էլ լավ իմացել եմ, ինչո՞ւ չեմ իմացել»։ Ընկեր Բոշնաղյանի սկզբունքայնությունը եւս (Հրանտ Ոսկանյանի նման) տեղի է տվել Վլ. Պուտինի հայաստանյան այցից հետո։ Հրանտ Ոսկանյանը հանդարտորեն հիշեցրեց Կոմկուսի դիրքորոշումը՝ հանրապետության ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները չպետք է մասնավորեցվեն. «Դրա համար մենք միշտ դեմ ենք քվեարկել։ Իսկ Պուտինի գալուց հետո մեզ մոտ շատ բան փոխվեց։ Մարդիկ սկսեցին ավելի սթափ գնահատել վիճակը։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանին վաճառելը չարիքի փոքրագույնն է»։ Իսկ եթե ռուսական ընկերությունները ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթում պարտվե՞ն. «Իսկ եթե այդպես լինի, նորից դեմ կքվեարկենք»,- հանդարտ ու խիստ «սկզբունքային» հայացքով բացատրեց Հրանտ Մուշեղիչը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ