ՑԱՎԱԼԻ ԲԱՑԹՈՂՈՒՄ Դարասկզբին հայ ժողովրդի համազգային ողբերգության մասին բավականին գիտական, գեղարվեստական աշխատություններ են հրատարակվել։ Սակայն դեռեւս ուսումնասիրելու եւ հրատարակելու շատ նյութեր կան։ Կան անհարկի մոռացված եղելություններ, նաեւ պատմական անճշտություններ։ Այդ տեսակետից չափազանց գովելի քայլ է կատարել Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը, հնարավորինս ի մի հավաքելով Հայկական հարցին առնչվող հիմնական եղելությունները, դեպքերը, դեմքերը եւ այլն։ («Հայկական հարց», Հանրագիտարան, Երեւան, 1996թ.)։ Մեզ զարմանք է պատճառում այն իրողությունը, որ գրքի 21, 44, 213, 235, 282, 338, 340, 369, 391 էջերում բազմակի հիշատակելով «Շարուր» (ընդգծումն իմն է) անունը, նրա մասին ոչ մի տեղեկություն չի տրվում։ Պատմահայր Մովսես Խորենացին իր «Պատմությունում» Շարուրը հիշատակում է մ.թ.ա. 180թ. Արտաշատ քաղաքի կառուցման առթիվ։ «Արտավազդը, Արտաշեսի քաջ որդին մի փոքր տարածք չգտնելով, անցավ, ասում են, գնաց եւ Մարաց մեջ շինեց Մարակերտը, որը գտնվում է Շարուր կոչված դաշտում»։ Շարուրը կամ Շարուրի դաշտը (հարթավայրը) գտնվում է Արաքս գետի միջին հոսանքի երկու ափերին, Փոքր Մասիսի դեմ-դիմաց։ Այն կազմում է Արարատյան դաշտի շարունակությունը։ Շարուրը եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի 22-րդ գավառը, իսկ նրանից հարավ՝ Նախիջեւան գավառը՝ Վասպուրական աշխարհի 35-րդ գավառը։ Մինչեւ 1921թ. մարտի 16-ի Ռուս-թուրքական հակահայկական պայմանագրի կնքումը, Շարուրը կազմում էր Երեւանի նահանգի 5 գավառներից մեկը, ամենախոշորը։ Առաջին Հանրապետության տարիներին կազմավորվեց Շարուր-Դարալագյազի գավառ-ույեզդը, որի վարչական տարածքների մեջ էին մտնում Զանգիբասարի շրջանը (Մասիսի), Դարալագյազը (Վայք), ինչպես նաեւ հարակից այլ տարածքներ, նաեւ Նախիջեւան գավառի սահմանակից որոշ տարածք։ Այդպես էլ Շարուրը ներկայացվել է 1919թ. Փարիզի կոնֆերանսին։ Հանրաճանաչ լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը «Շարուր» բառը համարում է զուտ հայկական եւ իմաստավորում «հնարագետ», «ճարպիկ»։ Շարուրցիների կոտորածները զարհուրելի չափերի եւ ձեւերի հասան 1915թ. սկսված հայերի զանգվածային կոտորածների, ցեղասպանության տարիներին եւ քիչ անց։ Չնայած շարուրցիների հերոսական ինքնապաշտպանական կռիվներին, թուրքերը, տեղական ազ-թաթարները կարողացան 1918-20թթ. բնաջնջել շատ շարուրցի հայերի, իսկ մի մասը՝ մազապուրծ թուրքական արնածոր յաթաղանից, դարձավ թափառական, գաղթական։ Այսպես, Շարուրը բռնազավթվեց եւ տրվեց նույնպես բռնազավթված Նախիջեւանին։ Սակայն, մոռանալով անցյալը, Շարուրը նույնացնել Նախիջեւանին՝ որպես նրա տարածք, ոչ միայնպատմական սխալ է, նաեւ՝ իրավաբանական, դիվանագիտական։ Սա նսեմացնում է շարուրցիների ժառանգների զգացմունքները։ Նախիջեւանը Նախիջեւան է, Շարուրը՝ Շարուր։ Շարուրցիների խոսակցականը, կենցաղը եւ այլն տարբերվում են նախիջեւանցի հայրենակիցներինից։ Պետք է ցույց տրվի, որ 1921թ. Հայաստանից անջատեցին ոչ միայն Նախիջեւանի գավառը, այլ դրա հետ նաեւ՝ բուն Շարուրի տարածքը։ Շարուրցիների ժառանգները, որոնք համախմբվել են «Շարուր» հայրենակցական միության մեջ, ճշմարտությունն են ցանկանում լսել, կարդալ։ ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ «Շարուր» հայրենակցական միության հիմնադիր, պատվավոր նախագահ, «Շարուր» պատմաազգագրական մենագրության հեղինակ