Լրահոս
Օրվա լրահոսը

Գարրի

Հոկտեմբեր 06,2001 00:00

Կրամնիկը վախենո՞ւմ է Կասպարովից Գարրի Կասպարովը, որ մեկ տարի առաջ Լոնդոնում պարտվել էր Վլադիմիր Կրամնիկին, համաձայն չէ իր ավելի երիտասարդ «ընդդիմախոսի» ռեւանշ-մրցամարտից հրաժարվելու որոշմանը՝ հայտարարելով, որ Կրամնիկը պարզապես վախենում է իրենից։ Դրան նախորդել էր Կրամնիկի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի պատրաստվում պրոֆեսիոնալների աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղալ Կասպարովի հետ՝ աշխարհի նախկին չեմպիոնին առաջարկելով մինչեւ ռեւանշ-մրցամարտը հաղթել հավակնորդների մրցամարտում։ Կասպարովը տրամագծորեն հակառակ համոզմանն է. նախ ռեւանշ, ապա միայն հավակնորդական նորմալ մրցապայքար։ Կրամնիկին պարտվելուց հետո Կասպարովը հաղթել է երեք գերմրցաշարերում՝ Վեյկ-ան-Զեեում, Լինարեսում եւ Աստանայում։ Իսկ վերջին երկու տարվա ընթացքում հավասարը չի ունեցել ինը մրցաշարում։ Տասներորդում էլ առաջին տեղը բաժանել է նույն Կրամնիկի հետ։ Կասպարովի կարծիքով, վերջին շրջանում Կրամնիկն առաջընթաց չի ունեցել, այսինքն՝ չի կարողացել ապացուցել, որ ինքն իրավամբ է կրում աշխարհի չեմպիոնի կոչումը։ «Իմ դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել,- ասում է Կասպարովն իր հարցազրույցներից մեկում։- Ռեւանշ-մրցամարտի մեխանիկական իրավունքի գաղափարը ճիշտ չէ։ Բայց հիմա ես համառորեն պաշտպանում եմ իմ այդ իրավունքը, քանի որ հաղթում եմ իմ մասնակցած բոլոր մրցաշարերում, նույնիսկ այնտեղ, որտեղ հանդես է գալիս Կրամնիկը։ Այնպես որ, նա ներկայումս նոր մրցակից որոնելու անհրաժեշտություն չունի»։ Շախմատիստները գուցե հիշում են, որ Լոնդոնում Կրամնիկը սեւ խաղաքարերով ընտրում էր «Բեռլինյան պատ» տարբերակը, պաշտպանական մի գերազանց ոճ, որն, ի դեպ, վատ պարտիաներ խաղալ չի թողնում։ Դրանից յոթ ամիս անց Կասպարովն Աստանայում վերջին տուրում հաղթահարեց այդ պատը։ «Ես այնպիսի զգացողություն ունեմ,- ասում է Կասպարովը,- որ Կրամնիկը չի ցանկանում ռիսկի դիմել։ Նա քաջ գիտակցում է, որ երկրորդ անգամ «Բեռլինյան պատ» չի լինի։ Նրա նպատակը իմ դեմ չխաղալն է։ Կրամնիկի ծրագիրը ժամանակ շահելն է։ Երկու տարի հետո ես 40 տարեկան կլինեմ, իսկ նա՝ 28։ Նա կլինի իր կարիերայի գագաթնակետին։ Իսկ մարդիկ կմոռանան տեղի ունեցածի մանրամասները։ Կրկնում եմ, ինքս էլ դեմ եմ ռեւանշին դեռ 1985 թվականից, երբ գահընկեց արեցի Անատոլի Կարպովին։ Կոչումը կորցրած չեմպիոնը չպետք է մեխանիկորեն այն վերադարձնելու հնարավորություն ունենա։ Բայց ես ունեմ, որովհետեւ հաղթում եմ ավելի շուտ, քան Կրամնիկը»։ Պատ.՝ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել