Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 2-ին Հայաստան ժամանեց եվրոպացի գրողների մի պատկառելի խումբ (քանակի եւ որակի առումով), որի

Հոկտեմբեր 06,2001 00:00

Ճեպընթացը հասավ տապանին Հոկտեմբերի 2-ին Հայաստան ժամանեց եվրոպացի գրողների մի պատկառելի խումբ (քանակի եւ որակի առումով), որի հայաստանյան 12-օրյա այցի ծրագիրը խորհրդանշական «Գրական տապան-2001» անունն է կրում։ Այս ծրագիրն ինչ-որ առումով շարունակում է դեռ նախորդ տարի իրականացված «Գրական ճեպընթաց-2000» միջազգային ծրագիրը, որի ընթացքում շուրջ 40 երկրների 104 գրողներ 45 օր ճեպընթացով ճամփորդեցին եվրոպական մայրցամաքով՝ մասնակցելով թեմատիկ բանավեճերի, կոնֆերանսների, գրական ընթերցումների։ Այս այցի արդյունքում ծնվեց «Եվրոպայի մասին» անվանումով մի ծավալուն գիրք, որում ամփոփված են բոլոր մասնակից գրողների էսսեները կամ պատմվածքներն՝ այդ ուղեւորության, Եվրոպական ընտանիքի ձեւավորման խնդիրների շուրջ։ «Եվրոպայի մասին» գրքի շնորհանդեսը կայացավ եվրոպացի գրողների Երեւան ժամանելու հաջորդ օրն իսկ՝ ԱՕԿՍ-ում։ Տեղին է հիշատակել, որ «Գրական տապան-2001»-ի գլխավոր կազմակերպիչը հենց ԱՕԿՍ-ն է։ Ծրագիրն իրականացվում է գերմանական «Լիտերատուրվեկշտատ» գրական կազմակերպության հետ համատեղ։ Ծրագրի նպատակները բազմազան են՝ զարգացնել եվրոպացի եւ հայ մտավորականների փոխհարաբերությունները, հնարավորություն տալ ծանոթանալու հայ հին ու նոր մշակույթին, պայմաններ ստեղծել՝ Հայաստանին եւ հայ իրականությանը նվիրված ստեղծագործություններ գրելու նպատակով, եւ ծրագրի արդյունքում եվրոպացի գրողների ստեղծած գործերը հրապարակել մեկ գրքով։ Նախատեսվում է նաեւ ստեղծել «Գրական տապան-2001»-ը Հայաստանի մասին» ինտերնետ-ալմանախ։ «Գրական տապան-2001» ծրագրի շնորհանդեսի ժամանակ Դավիթ Մուրադյանը, որ մեկն էր «Գրական ճեպընթաց-2000»-ին մասնակցած հայ ներկայացուցիչներից (նրանք երեքն էին՝ Լեւոն Խեչոյանը, Դավիթ Մուրադյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը) նկատեց, որ մշակույթի լեզուն մեկն է տարբեր լեզուներով խոսող ազգերի համար։ Իսկ Թոմաս Վոլֆարդը, որ «առաջնորդել էր Եվրոպայով սլացող ճեպընթացը», ներկայացրեց «Եվրոպայի մասին» գիրքը՝ մեկական օրինակ նվիրելով ճեպընթացում եղած հայ մտավորականներին։ «Այս գիրքը, որ գրվել էր 57 լեզուներով, 100-ից ավելի հեղինակների կողմից, թարգմանվեց մեկ լեզվով՝ անգլերեն»,- ասաց պրն Վոլֆարդը։ Եվրոպացի գրողներն արդեն հասցրել են լինել Մատենադարանում, Խոր Վիրապում, Գեղարդում, Փարաջանովի տուն-թանգարանում, Ծիծեռնակաբերդում, Մանկական եւ Ազգային պատկերասրահներում, Գառնիում (նաեւ՝ Գառնիի տիեզերագիտության ինստիտուտում), Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Առջեւում եւս մեկ շաբաթ կա՝ նույնքան հագեցած ծրագրով: Իսկ առայժմ ցնցված են արդեն ստացած տպավորություններից։ Եվ եթե ոմանց ապշեցրել է Մատենադարանում ամփոփված հարստությունը, մեկ ուրիշին՝ հայ ժողովրդի մտավոր ներուժը, մի երրորդին՝ փարաջանովյան մասունքները, ապա գրողներից մեկին էլ զարմացրել էին մեր… բենզալցակայանները։ Նրա խոսքերով, գիշերվա խավարում հանկարծակի հայտնվող բենզակայանները՝ իրենց շողշողուն լույսերով հիշեցնում էին այլ մոլորակներից իջած «թռչող ափսեներ»։ «Առավոտը» դեռ կանդրադառնա եվրոպացի գրողների հայաստանյան այցելությանը, ինչն, անշուշտ, անգնահատելի երեւույթ է մեր մշակութային կյանքում։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել