ՍԴ-ները ներկա էին «Սահմանադրական արդարադատության անկախության երաշխիքներն ու սահմանադրական դատարանի որոշումների ներազդեցությունը հասարակական պրակտիկայի վրա» թեմայով երեկ սկսվեց ավանդական դարձած երեւանյան 6-րդ միջազգային սեմինարը։ Այն կազմակերպել էին ՀՀ ՍԴ-ն եւ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը։ Կարճ ժամանակով այս ներկայացուցչական հավաքին ներկա գտնվեցին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ու զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Տեղեկացնենք, որ մասնակիցների մեջ էին ՌԴ ՍԴ նախագահ Մարատ Բակլայը, Իտալիայի ՍԴ դատարանի անդամ Անիբալե Մարինին, Ուկրաինայի, Բելառուսի ՍԴ նախագահների տեղակալները, Ուզբեկստանի ՍԴ նախագահ Բահոդիր Էշոնովը։ Եվրախորհրդի փորձագետ Ժան Պիեռ Մասիասի եւ Մարատ Բակլայի զեկուցումների ունկնդրմանը մասնակից եղանք սեմինարի առաջին մասում։ Վերջինիս շեշտադրումները կապված էին հատկապես դատական համակարգի անկախության եւ դրանց երաշխիքների հետ։ Պրն Բակլայը գտնում էր, որ ՍԴ դատավորը պետք է լինի քաղաքականությունից զերծ եւ միանգամայն տեղին հարցադրում կատարեց. այդ դեպքում ճշտվա՞ծ է, թե ի՞նչ քաղաքականություն է վարելու ՍԴ-ն։ Պրն Բակլայը տեղեկացրեց նաեւ, թե ինչ քանակի գործեր է լսել ՌԴ ՍԴ-ն, մասնավորապես բերվեց այն օրինակը, որ դատավորները 33 անգամ իբրեւ դիմող սուբյեկտ դիմել են ՍԴ։ Հետաքրքիր էր նաեւ լսել ՌԴ քաղաքական մարմինների գործունեության գնահատականը, ինչն արեց մեր հյուրը. «Ամբիցիաներ կան, ֆեդերալ իշխանությունը թույլ է, գոյություն ունի ցածր իրավական կուլտուրա»։ Երեկ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը սեմինարի ընդմիջմանը հրավիրեց մամուլի ասուլիս։ Նա կարեւորեց սահմանադրական արդարադատության իրականացման ճանապարհին ներքին ինքնապաշտպանական գործառույթների ուժեղացման անհրաժեշտությունն ու վերահսկողության դերի մեծացումը։ «Առավոտի» հարցին պատասխանելով, նա տեղեկացրեց, որ Իտալիայի Լեյդենի համալսարանի հրատարակած ամսագիրը բացվում է իր հոդվածով, որտեղ անդրադարձ կա անցումային հասարակությունում սահմանադրական արդարադատության երաշխիքների մասին։ Այսօր կշարունակվի սեմինարը։ Ռ. Մ.