Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽՍՀՄ-ում մի քաղաք կար՝ Իվանովո անունով։ Թեթեւ արդյունաբերության բազմաքանակ ձեռնարկություններում հիմնականում կանայք էին աշխատում, քաղաքը բնակեցված էր հարսնացուներով։ Անբնական այդ վիճակը հիվանդագին հետեւանքներ ուներ, որոնք վերացնելու համար հատուկ միջոցառումների անհրաժեշտությունն առաջացավ, որպեսզի երկսեռ բնակչության հավասարակշռություն ստեղծվի։ Ողջ Հայաստանն այսօր այդ Իվանովո քաղաքն է հիշեցնում։ Տղամարդիկ գնացել են փող աշխատելու, իրենց տղամարդկային պարտականությունը կատարելու։ Տղամարդու առաքելությունը նեղացել, տեղավորվել է միայն տուն փող բերելու մեջ, որից այն կողմ շատ թանձր ստվերում թաքնվել, մոռացվել են քնքուշ, հոգատար ամուսին եւ հայր լինելու ոչ պակաս կարեւոր ու բնատուր կոչումները։ Տղամարդիկ գնացել են ու ողջ երկիրը կիսատ-պռատ է։ Տղամարդիկ հեռացել են, կվարժվեն հեռու լինելուն։ Կանայք մենակացել են, կվարժվեն մենակ լինելուն։ Կա նաեւ չվարժվելու պահը։ Այդ դեպքում հիմնականում կորցնում ենք գնացած տղամարդու վերադառնալու հավանականությունը եւ մնացած կնոջ համբերատար առաքինությունը։ Մի խումբ տղամարդիկ այնուամենայնիվ մնում են։ Կանանցով լիքը մի ողջ հանրապետություն ու մի բուռ տղամարդիկ։ Շտապ՝ հավասարակշռության հարցն է պետք լուծել։ Դրա համա՞ր են 2-րդ հայկական պետությունից Երեւան գալիս։ Առաջինից գնացել են, երկրորդից գալիս են։ Հարցն, անշուշտ, անչափ շատ է լուրջ։ Ուր ասես գնացել են, տունն անտեր ու անսեր թողել, բայց իբրեւ թե տան համար են գնացել։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել