ՀՀ վարչապետի այցը «Տիր» հանրապետություն «Ախր ի՞նչ եք ուզում ինձանից»,- վերջում արդեն խեղճացավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ թիվ 27 դպրոցում իր համար նախատեսված բոլոր փորձությունները երեկ հերոսաբար հաղթահարելուց հետո։ Տնօրեն Անահիտ Բախշյանի ուղեկցությամբ դպրոցում շրջելուց, դպրոցի հրապարակում կազմակերպված տոնական շքերթը կես ժամից ավելի կանգնած դիտելուց, ողջույնի ելույթ ունենալուց հետո Ա. Մարգարյանը հասցրեց լուսանկարվել դպրոցի «Տիր» աշակերտական հանրապետության ղեկավար այրերի՝ նախագահի, վարչապետի, նախարարների (նրանց թվում գովելիորեն շատ էին աղջիկները) հետ եւ նույնիսկ հանձնարարեց իրենից ինչ-որ բան խնդրող մի տարեց հաշմանդամ տղամարդու տվյալները գրանցել, որպեսզի օգնեն։ Շքերթի դասական կանոններին հավատարիմ՝ դպրոցի դասարանները առանձին-առանձին, հանդիսավոր քայլերգի եւ տվյալ դասարանի լավագույն աշակերտների անունների թվարկման ներքո տեղավորվեցին դպրոցի հրապարակում։ Հատկապես ամենափոքրերի խրոխտ քայլքը անկեղծ ուրախություն պատճառեց ՀՀ վարչապետին եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձանց, նաեւ հավաքված ծնողներին ու ուսուցիչներին։ Անահիտ Բախշյանի հարցին՝ պատրա՞ստ են Գարեգին Նժդեհի երազած պետությունը կառուցել, երեխաները միահամուռ «այո՛» գոչեցին։ «Դուք հավատո՞ւմ եք Վազգեն Սպարապետի…»,- տիկին Բախշյանի խոսքը կիսատ մնաց երեխաների բարձր «այո՛»-ի պատճառով։ «Ես գիտեմ, որ հավատում եք, բայց սպասեք ասեմ,- ծիծաղեց դպրոցի տնօրինուհին ու շարունակեց:- Հավատո՞ւմ եք Վազգեն Սպարապետին, որ երկու տարի առաջ ասաց՝ «21-րդ դար՝ հաղթանակած, պատվով մտնելու մեր միա՛կ երաշխիքը միասնությունն է»։ Երեխաները միասին ու բարձր «այո» գոչեցին։ Նույնպիսի ոգեւորությամբ ողջունեցին նաեւ «Տիր» հանրապետությունում հայտարարված համաներումը, որի արդյունքում 9-րդ ա դասարանը եւ 10-րդ դասարանցի Կամոն ազատվեցին նախապես հայտարարված պատժի կրումից։ ՀՀ վարչապետի ու «Տիր» աշակերտական հանրապետության վարչապետի անձնական ծանոթությունից հետո, վերջինս Անդրանիկ Մարգարյանից թույլտվություն ստացավ ամիսը մեկ անգամ մասնակցել ՀՀ կառավարության նիստերին։ Գուցե Ա. Մարգարյանը լավատես է, որ «Տիր»-ի երիտասարդ վարչապետը սովորելու լա՞վ բան կգտնի մեր կառավարության անդամներից։ Իր ելույթում ՀՀ վարչապետը, առիթից օգտվելով, շնորհավորեց բոլոր մանկավարժներին Ուսուցչի օրվա առթիվ։ Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի առաջին կիրակին պաշտոնապես ճանաչեց որպես Ուսուցչի մասնագիտական տոն։ Ուսուցիչներին ՀՀ վարչապետը մաղթեց «իրենց ծանր աշխատանքում հաջողություններ, համբերություն ու առողջություն»։ Ա. Մարգարյանը տեղեկացրեց, որ «այս միջոցառումն ընդգրկված է կառավարության կողմից հայտարարված նժդեհյան տարվա միջոցառումների ցանկում եւ սա առաջին դպրոցը չէ, որ նման տոնակատարություններ է կատարում։ Հունվարից սկսած, հանրապետության բոլոր դպրոցներում նշվում է Մեծն Նժդեհի ծննդյան 115-ամյակը եւ մեր Լեռնային Հայաստանի պետության հայտարարման 80-ամյակը։ Մենք շեշտը դրեցինք հենց դպրոցների վրա, որովհետեւ ձեզանից է կախված մեր պետության ապագան»։ ՀՀ վարչապետը հատկապես կարեւորեց երիտասարդների զինվորական պատրաստվածության հարցը՝ հրահանգելով հանդիսությանը ներկա ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանին եւ կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանին՝ զենքով ապահովել դպրոցի ռազմագիտության դասասենյակը։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ