Լրահոս
Օրվա լրահոսը

90-ական թվականների սկզբներից ԶԼՄ-ները, հատկապես հեռուստատեսությունը դարձել են գորշության, միջակությա

Հոկտեմբեր 06,2001 00:00

Դիլետանտների հաղթարշավը 90-ական թվականների սկզբներից ԶԼՄ-ները, հատկապես հեռուստատեսությունը դարձել են գորշության, միջակության ջատագով։ Քիչ թե շատ ծանոթախնամիական, դոլարադրամական հնարավորություն ով ունի, կարող է հայտնվել հեռուստաէկրանին եւ հեռուստադիտողին պարտադրել անճաշակ, անգրագիտությամբ աչք ծակող հաղորդումներ, որոնք զուրկ են ճանաչողական, բարոյական եւ դաստիարակչական նշանակությունից։ Անժխտելի է, որ կա խոսքի ազատության որոշակի միտում, որը, ցավոք, հաճախ համեմվում է ցինիզմով եւ բանսարկությամբ։ Թերեւս, ինչ-որ չափով ԶԼՄ-ների մասին օրենքի անկատարությամբ է պայմանավորված լրագրության բնագավառում առաջացած խոտանը։ Ամենեւին էլ մտադիր չեմ, անհամեստ մերկությամբ, ձեռք բերածն անգոսնելով, քննադատել մի ողջ համակարգ, այնուհանդերձ, չեմ կարող մտահոգությունս չարտահայտել հատկապես իրավական լրագրության ոլորտում առկա բացթողումների եւ մասնագիտական խոսքի պակասի մասին։ Խոսք, որն ուղեկցվում է օրենքի ոչ ճիշտ մեկնաբանումներով՝ բոլորովին չփայլելով վերլուծական մտքի պայծառությամբ եւ իրավական բառամթերքով։ Վերջին տարիներին զբաղվելով իրավական լրագրությամբ՝ «Հեռուստատեսային հետաքննություն» եւ «Օրենք» հաղորդաշարերի միջոցով ջանացել եմ նպաստել քաղաքացիների իրավական կուլտուրայի, իրավագիտակցության, օրենքի իմացության եւ նրա նկատմամբ հարգանքի բարձրացմանը, ինչպես նաեւ գործող օրենսդրության շրջանակներում արդարադատության իրականացմանը։ Որքանով է այն ինձ հաջողվել, կասի հեռուստադիտողը։ Խրախուսելի է, որ իրավական լրագրությունը փորձում է ամրակայվել տեղեկատվական համակարգում։ Այսօր դատարանների դահլիճները հեղեղված են ձայնագրիչներով եւ տեսախցիկներով զինված, բայց իրավական գիտելիքներից զուրկ լրագրողներով։ Իհարկե, պարտադիր չէ, որ նրանք ունենան նաեւ իրավաբանական բարձրագույն կրթություն, սակայն իրավական բավարար գիտելիքներ պարտավոր են ունենալ։ Լրագրողական հետաքննությամբ բացահայտելով իրավախախտումների եւ հասարակական վստահության չարաշահումների փաստերը՝ լրագրողը պետք է ազատ լինի իր իրավունքներում։ Արդյոք իրավունքի ազատությունը կախված չէ՞ նաեւ ներկայացված նյութի իմացության չափից։ Կարծում եմ՝ այո։ Թվում է, թե՛ մամուլը, թե՛ հեռուստատեսությունը լինելով հասարակական կարծիքի ձեւավորման հզոր միջոցներ, հարկ է, որ կարողանան նպաստել արդարադատության իրականացմանը։ Իրավական լրագրության առաքելությունն է նաեւ բարձրացնել հասարակության ստվար զանգվածների իրավագիտակցությունը։ Այդպես կլիներ, անշուշտ, եթե սույն լրագրության «նվիրյալները» տնաբույս գիտելիքների մակերեսային հոսհոսությամբ զբաղվելու, առավել եւս պամֆլետի ժանրում հմտանալու փոխարեն փոքր-ինչ մտահոգվեին իրենց իսկ իրավագիտակցության բարձրացմամբ, իրավական գիտելիքների հարստացմամբ՝ երբեմն հիշելով անտիկ աշխարհի վսեմագույն իմաստասերի՝ Սոկրատեսի համեստ ինքնագնահատականը. «Այն գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Անտարակույս, դատարան-լրագրող պատշաճ համագործակցությունը կնպաստի օրինականության ապահովմանը։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ դատարանն իր համար ոչ ցանկալի նյութերը արգելում է նկարահանել, կամ էլ լրագրողը, չհարգելով լրագրողական էթիկայի նորմերը, երբեմն նաեւ օրենքը, առանց թույլտվության սկսում է աշխատանքը, որի արդյունքում կոպտորեն ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները (խոսքը վերաբերում է քաղաքացիական գործերին)։ Որպես կանոն՝ դատավորները հազվադեպ են արգելում նկարահանումները այն պարզ պատճառով, որ լրագրողի կողմից չշահարկվի եւ կասկածի պաստառին չհայտնվի իրենց անաչառությունը։ Մինչդեռ, եթե կիրառվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114 հոդվածը («կարգը դատական նիստում»), դատարան-լրագրող կանոնակարգված փոխհարաբերությունները, անշուշտ, կաջակցեն պետության ամրապնդմանը, մեկը՝ արդարադատությամբ, մյուսը՝ անկողմնակալ լրատվությամբ, որով եւ տեսանելի կդառնան այն ընդունելին կամ խոտելին, ինչն առկա է դատական համակարգում։ Անթաքույց է, որ վերջինս կախված է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կամքից, հաճախ էլ գործի ելքով շահագրգիռ քաղաքացիների գրպանի պարունակությունից, որն, ի դեպ, այլ խոսակցության նյութ է։ Անցումային փուլում, երբ կայացման ճանապարհին են դատական եւ տեղեկատվական համակարգերը, սողանցք է բացվում հասարակական չարիք եւ բարոյական արատ ծնող միջակության համար։ Ակնհայտ է, որ նոր հազարամյակը դիմավորում ենք արժեզրկման շուրջկալի մեջ հայտնված արհեստավարժներով, որոնց գործունեության ծիրը կարելի է ընդլայնել՝ անհանդուրժողականության պատնեշ ստեղծելով հիշյալ երեւույթի դեմ։ Ասելիքի խորության եւ մատուցման արվեստի պակասը փաստում է ոչ մտնհաս հեռուստալրագրողի ապազորությունը, որին եթե գումարվում է նաեւ անբարետեսությունը, եթերը դառնում է նվազ տանելի։ Ո՛չ կինոաստղի գեղեցկություն, ո՛չ էլ առավել եւս բեմական խոսքի վարպետություն են պահանջվում, բայց հեռուստադիտողի աչքն ու ականջը չարհամարհող եթեր, ինչ խոսք, պահանջվում է։ Եվ բոլորովին էլ պետք չէ ակն ի խոնարհ, մատաղացու գառան նման ծամել այն, ինչ տալիս են քեզ եւ հոգեհմա ու հարազատ դարձնելով երեսպաշտությունն ու սովորութամոլությունը՝ հանդուրժել դիլետանտների հաղթարշավը նոր հազարամյակ։ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Իրավունքների եւ լրագրողների միություն» հ/կ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել