Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Լ. Ղազարյան, մեղադրող՝ Գ. Պիվազյան) շարունակեց Աշոտ Մանուկյանի եւ Լյովա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Առաջինը մեղադրվում է ՀՀ քրօրի 232 հոդվածի 1-ին մասով, երկրորդը՝ ՀՀ քրօրի 17-232 հոդվածի առաջին մասով։ Տեղեկացնենք, որ Ա. Մանուկյանը գտնվում է նախնական կալանքի մեջ, իսկ Լ. Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին։ Ա. Մանուկյանը, որը մինչեւ կալանվելն աշխատում էր Գուգարքի անտառտնտեսությունում որպես փոխտնօրեն, նախաքննության ժամանակ իրեն մեղավոր էր ճանաչել այն առումով, որ հայտնաբերված զենքի մի մասը ժամանակին չի հանձնել պաշտպանության նախարարություն։ Իսկ Լ. Ասատրյանը դատարանին հայտնեց, որ չի իմացել զենքի մասին, այլ կատարել է Մանուկյանի խնդրանքը՝ զենքով արկղերը տեղափոխելով իր հարազատի բնակարանը։ Ա. Մանուկյանի հավաստմամբ՝ միայն երկու մեքենա զինամթերք 92-93 թթ. հանձնվել է իր ջանքերով ստեղծված Վանաձորի գնդին, եւ այդ ժամանակ ձեւավորվել էր հայկական բանակը ու կարիք չկար պահել զենքը։ Իր պաշտպանական խոսքում նա խնդրեց որեւէ միտում չտեսնել զենքը պահելու մեջ, քանի որ ինքը՝ հայոց պետականության կերտողներից մեկը, ամեն ինչին ձգտել է հասնել օրինական ճանապարհով եւ ոչ թե զենքով։ Զենքի հանձնելը հետաձգել է, քանի որ ՀՀՇ-ի, որի անդամ է եղել ինքը, հանդեպ առկա է եղել իշխանության կողմից նեգատիվ վերաբերմունք, եւ, որ ինքը սպասում էր, որ այդ վերաբերմունքն անցներ՝ ՀՀՇ-կառավարություն հարաբերությունները կարգավորվեին։ «Իսկ եթե չլավանայի՞ն»,- հեգնեց մեղադրող Գ. Պիվազյանը։ Ա. Մանուկյանը նշեց, որ մի քանի վագոն զենք-զինամթերք բաժանվել է նաեւ Ղարաբաղում եւ սահմանամերձ գոտիներում։ Մեղադրող Պիվազյանը միջնորդեց Ա. Մանուկյանին ՀՀ քրօրի 232 հոդվածի առաջին մասով դատապարտել 4 տարի ազատազրկման, իսկ Լ. Ասատրյանին՝ ՀՀ քրօրի 17-232-ի առաջին մասով 3 տարի ազատազրկման, սակայն վճռի կիրառումը հետաձգել 2 տարի ժամանակով։ Ա. Մանուկյանի պաշտպան Ա. Հակոբյանը խնդրեց հաշվի առնել, որ մեղադրողի միջնորդած պատիժը անհամեմատ խիստ պատիժ է, քանի որ հոդվածը չի դասվում ծանր հանցագործությունների թվին։ Բացի դրանից, Ա. Մանուկյանը բնութագրվում է դրականորեն՝ իբրեւ ղարաբաղյան շարժման մասնակից։ «Այն, որ այսօր մենք նստած ենք այստեղ եւ հանգիստ դատական նիստ ենք անում՝ նման մարդկանց շնորհիվ է»,- նշեց փաստաբանը։ Ի դեպ, մինչեւ մեղադրական ճառը՝ պաշտպան Ա. Հակոբյանը դատարանին ներկայացրեց միջնորդություններ, որոնցից մեկը տրված էր ԵԿՄ Վանաձորի նախագահ Կամո Հովհաննիսյանի կողմից։ Միջնորդագիրը, որն ուղղված էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանին, միջնորդում էր Աշոտ Մանուկյանի պատիժը չկապել ազատազրկման հետ. «Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Ա. Մանուկյանը եղել է շարժման ազատամարտիկներից եւ ակտիվ նախաձեռնողներից մեկը, իրականացրել է սահմանամերձ շրջանների պաշտպանական միջոցառումներ, աշխարհազորային ջոկատների կազմավորումից մինչեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների հսկողությունն ու պաշտպանությունը զենք-զինամթերքով»։ Միջնորդագրեր կային նաեւ Վանաձորի «Վրեժ» ջոկատի հրամանատար Սարիբեկյանից, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի եւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վազգեն Սարգսյանի խոսքերը պատգամավորության թեկնածու առաջադրված Ա. Մանուկյանի մասին։ Լ. Ասատրյանի պաշտպանն իր պաշտպանական ճառում ներկայացրեց բժշկական տեղեկանք պաշտպանյալի առողջական վիճակի մասին, ըստ որի, վերջինս գտնվում էր ստացիոնար բուժման մեջ։ Քանի որ իր վերջին խոսքը չհասցրեց երեկվա դատական նիստում ասել ամբաստանյալ Ա. Մանուկյանը, նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 10-ը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել