Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ»

Հոկտեմբեր 06,2001 00:00

Միտո՞ւմ, թե՞ անտեղյակություն «Առավոտ» թերթը (05.09.2001թ.) մեղադրական հոդված էր տպագրել թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի, այսինքն՝ իմ մասին։ Իմ պահանջով հոդվածագիրը 2001թ. սեպտեմբերի 7-ին եղավ դպրոցում, որտեղ նրան ցույց տրվեցին մատյանը, հրամանագիրքը եւ արձանագրությունների գիրքը, այլ փաստաթղթեր՝ տվյալ գործի վերաբերյալ՝ հաստատված կնիքով եւ ստորագրությամբ, եւ, ով զարմանք, գրվեց 2-րդ հոդվածը (8.09.2001թ.), որի մեջ, իմիջիայլոց, արդեն ներկայացված մեղադրանքը հերքելու փոխարեն… հաստատվել է։ Այդ պատճառով, վկայակոչելով փաստաթղթերը եւ հայցելով ընթերցողի տրամաբանությունը, կփորձեմ հերքել երկու անվարժ հոդվածներում ներկայացված մեղադրանքները։ Իրական փաստն այն է, որ Արտաշես Համբարձումյանը 2000թ. օգոստոսին ընդունվել է թիվ 56 դպրոց եւ 2000-2001 ուսումնական տարում ունեցել է. 1. տարեկան 290 ժամ բացակայություն (տես 9-րդ «բ» դաս. մատյանի 6-10 էջերը), 2. 10.05.2001թ. թիվ 13 հրամանով նրան թույլ է տրվել հանձնել քննություններ (տես հրամանագրքի 59-րդ էջը), 3. քննությունների ընթացքում նա «2» է ստացել ռուսաց լեզու, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա առարկաներից (տես 9-րդ «բ» դասարանի մատյանի 24, 36, 56, 64 էջերը), 4. նշված առարկաներից գնահատվելով «2», մայիսի 30-ին կայացած մանկավարժական խորհրդի թիվ 3բ որոշմամբ, Արտաշես Համբարձումյանը մնացել է նույն դասարանում։ Արտաշես Համբարձումյանը դպրոցից հեռացված չէ, այլ մոր՝ Ռուզաննա Համբարձումյանի դիմումի համաձայն (24.08. 2001թ.), ազատված է դպրոցից (հրաման թիվ 33, 25.08.2001թ.)։ Աշակերտներից հավաքած դրամի (1400 դրամ, որը նույն օրն իսկ վերադարձվել է աշակերտներին) համար մեղադրված աշխարհագրության ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանի հարցը լսվել է ավագների խորհրդի նիստում (18.04.2001թ.) եւ նրան արվել նախազգուշացում (արձանագրություն թիվ 2)։ Այս փաստերն են, որոնց հավաստիությունը ստուգել է երիտասարդ լրագրող Աննա Դաբաղյանը եւ, ի զարմանս մեզ, գտել, որ ծնողի բանավոր եւ ցցունորեն աչառու խոսքն ավելի հավաստի է։ Երկրորդ հոդվածում ես մեղադրվում եմ նաեւ փաստաթղթում վրիպակ թույլ տալու մեջ։ Ցավով նշում եմ, որ լրագրողն այստեղ էլ ճիշտ չէ. փաստաթղթերը կնքվում եւ ստորագրվում են, իսկ ծնողի ներկայացրած թուղթը ոչ ստորագրված է, ոչ էլ՝ կնքված, թեեւ, նույնիսկ այդ «վրիպակով» թղթով իսկ (երեք «2») աշակերտը մնում է նույն դասարանում։ Այսքանը։ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել