Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխարենը կաճի գործազուրկների բանակը

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿՐՃԱՏՎԻ Փոխարենը կաճի գործազուրկների բանակը «Առավոտի» երեկվա համարում գրել էինք, որ նախարարությունների «կառուցվածքային բարեփոխումների» արդյունքում, մասնավորապես ԿԳՆ-ի աշխատակազմը 30%-ով պիտի կրճատվի։ Երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է լինելու այդ փոփոխությունների արդյունքում աշխատանքից զրկված մարդկանց հետ, ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը հաղթահարելու այն սոցիալական լարվածությունը, որ կծագի նախարարությունների աշխատակազմերի կրճատման արդյունքում։ Ներկայացնում ենք վարչապետի պատասխանները այս եւ «Առավոտի» մյուս հարցերին։ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ կառուցվածքային փոփոխությունները ոչ թե առանձին նախարարություններին են վերաբերում, այլ՝ ողջ կառավարման համակարգին։ «Արդեն երկու տարի է կառավարությունում աշխատում են բարեփոխումների ծրագրի վրա եւ պահը եկել է, որպեսզի կարողանանք դա իրագործել։ Սա ոչ միայն սոսկ կրճատումներ են, նաեւ՝ նախարարությունների ֆունկցիաների հստակեցում՝ իրենց կառավարման ֆունկցիաները կատարելու համար։ Այն բոլոր օղակները, որոնք այդ գործառույթները չունեն, ունեն գործադիրի գործառույթներ, կառանձնացվեն, կստեղծվեն գործակալություններ։ Կրճատումներ, որ ասում են, դա ուղղակի նախարարության ապարատից են դուրս գալիս եւ ստեղծվում են, իհարկե, ոչ բոլորի համար, գործակալություններ կամ տեսչություններ»։ Ըստ ՀՀ վարչապետի՝ կրճատումների անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ «պետական բյուրոկրատական ապարատը շատ էր ուռճացել, մոտ 12 հազար, որը, ըստ ցուցանիշների, ԱՊՀ-ում ամենաբարձրերից մեկն էր։ Այն բոլոր համապարփակ ծրագրերը, որ ունի կառավարությունը՝ հակակոռուպցիոն, կառավարման բարեփոխումների միջոցառումները, գործարարության համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու քաղաքականությունը, իրականացնելու համար անհրաժեշտ է պետական չինովնիկների քանակը կրճատել»։ Դրա շնորհիվ, ըստ Ա. Մարգարյանի, կազատվենք գործարար աշխարհի, բնակչության համար չինովնիկների առաջացրած ավելորդ խոչընդոտներից, դժվարություններից։ Ա. Մարգարյանի հավաստմամբ՝ «յուրաքանչյուր աշխատատեղի համար կա նկարագրությունը, թե ինչ պետք է անի աշխատողը, որքան ծանրաբեռնվածություն պետք է ունենա։ Երկու տարի միջազգային կազմակերպությունների հետ աշխատելով այս ուղղությամբ՝ որոշեցինք գնալ այդպիսի կտրուկ քայլերի։ Սա կենթադրի նաեւ մնացած պետական պաշտոնյաների աշխատավարձի որոշակի բարձրացում»։ Այսինքն, հերթական անգամ մեր պաշտոնյաները խոստովանեցին, որ միջազգային կազմակերպություններն են որոշում, թե ի՞նչ պիտի անենք։ Մինչ օրս ՀՀ վարչապետը դեռ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության նոր պետ չի նշանակել։ Մեր հարցին՝ չե՞ք գտնում արժանավոր թեկնածու, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Տեղի են ունենում գործընթացներ, կա պաշտոնակատար, մոտ ժամանակներս նշանակումը կլինի»։ Սակայն հավանական թեկնածուի անունը Ա. Մարգարյանն առայժմ չհայտնեց։ Վերջինս նաեւ խոստացել էր ամփոփել բուհերի ընդունելության քննությունների արդյունքները եւ գնահատել հանձնաժողովների աշխատանքը։ ՀՀ վարչապետը դրական գնահատական տվեց, քանի որ «ոչ մի արտակարգ, արտասովոր դեպք չի պատահել, քրեական գործեր չեն հարուցվել, բողոքների թիվը շատ քիչ էր, թափանցիկ է անցել ամբողջ ընդունելության քննությունների գործընթացը։ Բնականաբար, ցանկացած քննությունից հետո դժգոհներ լինում են եւ չի կարելի բոլորի պահանջները եւ ցանկությունները բավարարել»։ ՀՀ վարչապետի այս խոսքից կարելի է ենթադրել, որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը «կրճատման տակ» չի ընկնի՝ թեեւ դժվար է գլխի ընկնել, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա են այս պետությունում պաշտոնի նշանակում կամ ազատում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել