Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանք,

Հոկտեմբեր 06,2001 00:00

Սովորական հրաշք Նրանք, ովքեր երեխա ունենալուց մի քանի օր անց նորածնի խանձարուրը գրկում, տուն են գնում, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում, երբ երեխադ ծնվում է ոչ առողջ։ Այս դեպքում նորածինը տեղափոխվում է, ասենք, մանկական 1-ին համալսարանական (քաղաքային) հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք (ինչպես դա եղավ իմ դեպքում), որտեղ բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանը, Իգոր Նալչաջյանը եւ եզակի պրոֆեսիոնալիզմի տեր այլ բժիշկներ սկսում են պայքարել փոքրիկիդ կյանքի համար։ Այն, ինչի ականատեսը եղա բաժանմունքում անցկացրածս մեկուկես ամիսների ընթացքում, դժվար է նկարագրել։ Անառողջ ծնված հինգ երեխաներից չորսից ծնողներն անմիջապես հրաժարվեցին։ Բժիշկների հորդորները, թե դեռ ամեն ինչ կորած չէ, փոքրիկի կյանքի համար պետք է պայքարել, ծնողներին չհամոզեցին։ Մի զույգն իր նորածին աղջնակին տեսնելուց հետո որոշեց, թե իրենք ջահել են, առողջ երեխա դեռ կունենան։ Իսկ Աշտարակի շտապօգնության բժշկուհիներից մեկն անգամ հարկ չհամարեց տեսնել իր երեխային՝ լուր ուղարկելով, թե նրա բուժման համար դեղամիջոցներ գնելու փող չունեն։ Արատներով ծնված լքված երեխաները հիմնականում մահանում են։ Նրանց անկենդան մարմինները ստվարաթղթե տուփերով տեղափոխվում են դիահերձարան։ Ու վերջ… Ըստ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանի՝ վերջին տարիներին ավելացել է լքված նորածինների թիվը. «Անգամ չնչին արատների դեպքերում ծնողներ են եղել, որ լքել են իրենց երեխաներին։ Եվ հակառակը։ Դեպքեր են եղել, երբ ծանրագույն արատների դեպքում ծնողները մեզ ստիպել են կանգ չառնել եւ ոչ մի միջոցի առաջ ու մինչեւ վերջ պայքարել երեխայի կյանքի համար»։ «Երեխայից հրաժարվելուց առաջ ծնողները՝ ընդունված կարգի համաձայն, հրաժարական են գրում, ոստիկան ենք բերում, որ հարցը օրենքով կարգավորվի, ապա բուժելուց հետո երեխային հանձնում ենք մանկատուն»,- պատմում է պրն Կալենտերյանը։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ բուժքույրերը հիմնականում երիտասարդ աղջիկներ են, հազվադեպ են լքված նորածիններ ուղարկում մանկատուն։ Ըստ բաժանմունքի վարիչի, երբ արատներով ծնված եւ լքված մի երեխայի իրենք փրկել են, եւ հարց է բարձրացել նրան մանկատուն ուղարկելու, բուժքույրերը միահամուռ որոշել են իրենց միջոցներով պահել երեխային… մինչեւ ծնողները խելքի գան ու վերցնեն փոքրիկին։ Այդպես էլ եղել է։ Վերջերս երիտասարդ ծնողները լքել էին թեթեւ ճողվածք ունեցող իրենց տղային։ Նրան վիրահատելուց, հիվանդանոցում չորս ամիս խնամելուց հետո բժիշկները որոշել են հենց վիրաբույժի՝ պրն Վալադյանի մեքենայով փոքրիկին տանել ծնողների թողած հասցեով։ Չեմուչում անելուց հետո ծնողները ի վերջո տեր են կանգնել իրենց արդեն «պատրաստի», առողջ տղային։ Ըստ Նորքի մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանի, այս տարի իրենց մանկատուն ընդունված երեխաների թիվը պակասել է։ Այս տարի մանկատունն ընդունել է 44 երեխա, որոնց առողջությամբ, ըստ տիկին Կարապետյանի, զբաղվում են մանկական 1-ին հիվանդանոցի պաթոլոգիայի եւ սոմատիկ բաժանմունքները։ Մանկատուն ընդունված երեխաների թվում կա մեկը, որին գտել են լքված՝ գնացքի ռելսերի վրա (երեխայի մայրը հավանաբար կարծել է, թե շրջափակված Հայաստանում ամենաապահով տեղը դա է)։ Բնական է, որ լքված նորածինները, որոնց ծնողներն անհայտ ժամանակով հրաժարվում են նրանցից, կարիք ունեն լուրջ բուժման ու խնամքի։ Առողջապահական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանից ճշտեցի, որ նշված հիվանդանոցը պետբյուջեից ստանում է 30 մլն դրամ։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանն այս գումարը պարզապես ծիծաղաշարժ համարեց։ Ըստ նրա՝ մեկ հիվանդ նորածնի մեկ ամսվա բուժման համար մեր բյուջեով նախատեսված գումարով, օրինակ, ԱՄՆ-ում նախատեսված է երեխայի բուժման մեկ ժամը։ Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչ միջոցներով են իրենք կազմակերպում հիվանդ նորածինների խնամքն ու բուժումը, ի պատասխան պրն Կալենտերյանը նշեց իրենց ներքին խոհանոցի մեկ-երկու նրբություն. աշխատում է բժիշկների հեղինակության գործոնը։ Եվ հետո, բժիշկներն ունեն չգրված օրենք՝ նման հիվանդներին փոխադարձ անվճար բուժօգնություն են ցուցաբերում։ Իմ ներկայությամբ, օրինակ, շատ բժիշկներ իրենց արյունն էին տալիս նորածիններին, իրենց գրպանից մանկական սնունդ ու դեղամիջոցներ էին գնում։ Մեր մանկաբույժներն, ըստ պրն Կալենտերյանի, չունեն ոչ գիտելիքների, ոչ ինտելեկտի խնդիր։ Միակ պրոբլեմը փողն է։ Եվ գուցե թե անհավանական կամ ֆանտաստիկ հնչի, սակայն գրում եմ այն, ինչի ականատեսն ինքս եմ եղել. մանկական 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներն ու քույրերն իրենց մասնագիտական պարտքը կատարում են առանց նյութական ակնկալիքի։ Նրանց համար շնորհակալությունը հիվանդ նորածիններին առողջացնելն է։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել