Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրերս Օղակաձեւ զբոսայգին, կարելի է ասել, հատվածաբար ծախվեց։ «Ծախվել» բառն, ընդ որում, ձեւավորվեց հեն

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՍԵՐՆ» ԱՌ ԱՅԳԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ Օրերս Օղակաձեւ զբոսայգին, կարելի է ասել, հատվածաբար ծախվեց։ «Ծախվել» բառն, ընդ որում, ձեւավորվեց հենց չորեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (այգիների) վարձակալության եւ օտարման մրցույթի ընթացքում։ Մրցույթը ղեկավարում էր Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, որը Օղակաձեւ զբոսայգու համար իր հղացած մանկական խաղատեղի-սրճարաններ ծրագիրը բացատրեց նրանով, թե երբ ծնողները գնում են սրճարաններ, երեխաները խաղալու տեղ չեն ունենում։ Ինչ խոսք, նշվեց, թե Օղակաձեւ զբոսայգու այդ հատվածների միայն 15%-ում է թույլատրվում սրճարան կառուցել, իսկ մնացած 85%-ում կլինեն խաղահրապարակներ, բայց հասկանալի է, որ թե՛ մանկական խաղահրապարակ-սրճարան ասվածը եւ թե՛ այդ տոկոսային չափումները վաղ թե ուշ, միեւնույն է, խախտվելու են։ Վարձակալության պայմանագրերը կնքվում են 25 տարի ժամկետով։ Մրցույթին ներկայացվել է 28 հայտ՝ Օղակաձեւ զբոսայգու 6 հատվածների համար՝ 780 քմ, 657 քմ, 1425 քմ, 670 քմ, 1124 քմ, 893 քմ մակերեսներով (ընդհանուր՝ 5549 քմ)։ Մրցույթի համար որոշված պայմաններն էին՝ ով մեկնարկային գնից ավելի շատ վարձավճար կառաջարկի, որքան շատ ներդրում կկատարի, որքան կարճ ժամկետներում կառուցապատումը կավարտի եւ որքան շատ գումար իբրեւ բարեգործություն կտա քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամին։ Մրցույթի մասնակիցները առաջնորդվում էին՝ ով ավելի շատ փող կասի կարգախոսով, քանզի բնավ խոսք չեղավ հայտատուների առաջարկած նախագծերի կամ գոնե իդեաների մասին։ Ընթերցվեցին բոլոր հայտերը, վերջում քվեարկեցին ըստ հողակտորների եւ վերջ։ Այդ միջոցառումը, որը «մրցույթ» չէր էլ հիշեցնում, կարծես լրատվամիջոցների ներկայությամբ արվեց՝ «թոզ փչելու» համար, բայց հայտարարված թվերը բազում կասկածների տեղիք տվեցին։ «Մրցույթում» 780 քմ եւ 893 քմ մակերեսներով երկու հողակտորների հաղթող ճանաչվեց հայտատու Կարո Բեսնելյանը, 780 քմ տարածքի մեկնարկային գինը 264.000 դրամ էր, որի դիմաց Կ. Բեսնելյանն առաջարկել էր տարեկան վարձավճարի 800% ավելացում՝ 2 մլն 876 հազար դրամ, 15 մլն դրամ ներդրում, 100.000 դրամ բարեգործություն։ Նույն անձը մյուս՝ 893 քմ տարածքի համար, որի մեկնարկային գինը 300.000 դրամ էր, առաջարկել է 700% ավելի վարձավճար, 11 մլն դրամ ներդրում, 300.000 դրամ բարեգործություն։ Իսկ, օրինակ, դեպքեր եղան, երբ մոտ 700 քմ տարածքի համար մոտ 250 հազար դրամ մեկնարկային գնի դիմաց առաջարկում էին 700-1400% ավելացումներ եւ բարձր ներդրումներ, բարեգործություններ, որ հսկայական թվեր են կազմում։ Հարց է ծագում, ո՞վ է «գժվել» այդքան գումարներ ծախսել, եթե այդ գումարները չի կարողանալու հետ բերել՝ հաշվի առնելով մրցույթի ծրագիրը՝ 15% սրճարան եւ 85% խաղատեղի։ Սրճարան-խաղատեղիի ապագա տերը կամ «տակ կտա» ու կհրաժարվի տարածքից, կամ քիչ-քիչ օբյեկտի բովանդակությունը կփոխի, կամ օրենքները կշրջանցի։ Կամ էլ քաղաքապետարանը ստիպված կլինի գների իջեցում կատարել. ի վերջո հետագայում խնդիր է առաջանալու այլ այգիների հատվածներ վարձակալողների ու վերջին այս վեց հաղթողների միջեւ, որոնք, ավելի քիչ են վճարումներ կատարում, քան այս 6-ը։ Եվ, ի վերջո, եթե այսօր «ԱրմենՏելի» հետ խնդիր է ծագել, թե արդյո՞ք իր խոստացածի չափով ներդրումներ կատարել է, ապա ի՞նչ երաշխիք, եւ ինչպես պետք է պարզեն այգիների հատվածների հաղթողները խոստացած չափով ներդրումներ կկատարե՞ն, թե՞… Թե՞ Ռոբերտ Նազարյանը պետք է հաշվի։ «Առավոտը» անդրադարձել էր մրցույթի հանված 6 հողակտորներից մեկին, որը գտնվում է համալսարանի (ԵՊՀ) գլխավոր մասնաշենքի դիմաց։ Վերջինս շատ լավ խնամված զբոսայգի է, ինչպես եւ մյուս հինգը։ Հիշենք, որ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը իր պաշտոնավարության առաջին օրերին այգիների ու կանաչ գոտիների պաշտպանության համար կուրծք էր ծեծում եւ մեղադրում նախկիններին, թե ծախել են ու սրճարանների վերածել։ Իսկ հիմա ինքն ի՞նչ է անում։ Ավելի վատ։ Նույնիսկ կարելի էր դրանք փրկելու համար եղած սրճարանատերերին պարտադրել խնամել, բարեկարգել, մշակել, բայց ոչ այս ձեւով անբովանդակ ու անհիմն ծախել։ Նշել էինք նաեւ, որ ԵՊՀ մոտակայքի տարածքը Ռ. Նազարյանը ցանկանում է վարձակալության տալ էներգետիկայի նախկին նախարար, այժմ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանման վարչության պետ Գագիկ Մարտիրոսյանին, որի նախարար եղած ժամանակ Ռ. Նազարյանը փոխնախարար էր եւ Երեւանի քաղաքային էլցանցի պետ։ Դեռ պարզ չէ, թե Գ. Մարտիրոսյանը ում անունով էր հայտ ներկայացրել եւ հաղթե՞ց, արդյոք։ Նման մրցույթից հետո արդեն կարեւոր էլ չէ հաղթող անձը։ Ըստ լուրերի, երկու տարածքներ հաղթող քաղաքացին հաղթելուց հետո հետ էր վերցրել իր հայտը, ինչը կնշանակեր, որ հաղթող դառնում է երկրորդ մեծ թիվ առաջարկողը։ Սա արդեն խորամանկ խաղ է. մեծ թիվ ասել, շահել, ապա հրաժարվել, որպեսզի ցանկալի թեկնածուն շահի։ Քիչ անց, սակայն, կրկին լուրեր ունեցանք, թե հաղթող քաղաքացին կրկին հետ է տվել իր հայտը, այսինքն՝ դարձյալ հաղթող է։ Սրանք լուրեր են, որոնք հաստատում են, թե քաղաքապետարանում այգիների գծով խաղեր են խաղում, որոնք կպարզվեն հետագայում։ Պետք է մտածել արդեն հետեւանքներից խուսափելու ձեւերի մասին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել