Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ Լուսիկ Գրիգորյանը՝ հ

Հոկտեմբեր 06,2001 00:00

Ծառերը չորանում են Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն էր եկել Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ Լուսիկ Գրիգորյանը՝ հետը, կարծես իր խոսքերի ապացույց, բերելով մի քանի թերհաս, բայց արդեն սմքած, չորացած մրգեր։ Տարեց կինը բողոքում էր, որ իր տնամերձ հողամասը այս տարի գրեթե չի ոռոգվել, ինչի հետեւանքով բոլոր ծառերը չորացել են, իսկ բերքն էլ չհասունացած՝ փչացել է։ Լ. Գրիգորյանն իր հետ խմբագրություն էր բերել նաեւ ամիսներ առաջ ՀՀ նախագահին եւ Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին հղած դիմումների պատասխանները, որում մասնավորապես ասվում եւ խոստացվում էր, որ «Լ. Գրիգորյանի կողմից մարզպետարան հասցեագրած դիմումի կապակցությամբ տեղում կատարվել է ուսումնասիրություն, որից պարզվել է, որ, իրոք, տնամերձ հողամասը չի ոռոգվում, ոռոգիչներ չլինելու պատճառով, հողատարածքը հնարավոր է ոռոգել Մխչյանի ջրանցքից ինքնահոս եղանակով, եւ որ գյուղապետարանը կօգնի Լ. Գրիգորյանին արտեզյան հորի հորատման հարցում նույնպես»։ Այդ առիթով Արարատի մարզպետ Ա. Սարգսյանը հանձնարարել էր Բուրաստան գյուղի գյուղապետին եւ ՋՍԿ-ի նախագահին՝ ապահովել այդ կնոջ ոռոգման ջուրը։ Դիմումի պատասխանում նաեւ ասվում էր, որ Լ. Գրիգորյանն իր հերթին պիտի վերականգնի այգու ոռոգիչները, որպեսզի կարողանա ոռոգել ծառերը։ Սակայն, ինչպես ասաց Լ. Գրիգորյանը՝ «մինչ օրս ոչ ոք այդ հարցով չի զբաղվել (նկատենք, որ, եթե երբեւիցե զբաղվեն էլ, խմբագրություն եկած այդ ծեր եւ ինչպես ինքն ասաց՝ միայնակ կինը թե՛ նյութապես, թե՛ ֆիզիկապես, ի վիճակի չէ վերականգնել ոռոգիչները- Լ. Բ.), իսկ այգու ծառերը չորացել են։ Ես էլ առողջություն չունեմ դույլով ջրելու, որ այս տարի դիմանան, չչորանան, մինչեւ մյուս տարի այս հարցը կլուծվի»,- ցավով ասում էր նա։ Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին։ Պրն Սարգսյանը հայտնեց, որ «այդպիսի դիմումներ բազմաթիվ կան մարզպետարանում, ինչի առիթով ստեղծվել է հանձնաժողով, որը տեղում ուսումնասիրում է խնդիրը՝ հնարավոր լուծումներ տալու համար։ Մենք Լ. Գրիգորյանին ասել ենք, որ համբերի։ Այդ հարցերը վերջնականապես կլուծվեն մինչեւ նոյեմբերի 5-7-ը»։ Իսկ ի պատասխան «Առավոտի» այն դիտարկմանը, թե այդ կնոջ ծառերն արդեն չորանում են… պրն Սարգսյանը խոստացավ, որ հաջորդ օրը մարզպետարան կկանչի Լ. Գրիգորյանին եւ հետն էլ ավելացրեց «որ հիմա ջրեն, ծառերը կծաղկե՞ն»։ Իսկ ի՞նչ է, որ վաղը կանչեիք, այգին կջրվե՞ր։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել