Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ԲԱՆԿԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Երեկ մեր իշխանության ներկայացուցիչները հերթական ժապավենը կտրեցին։ Այս անգամ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ բարձր տեխնոլոգիաների «Ինֆոտեկ» ցուցահանդեսինը։ Հետո կազմակերպիչների եւ մասնակիցների հետ խոսակցություններից վարչապետը պարզեց, որ Հայաստանում եղած այս ոլորտի ընկերությունների 30-40%-ն է ներկայացված. «Մնացածը չեն վստահում»։ Վարչապետն անհանգստացավ «չվստահելուց» եւ Զարգացման հայկական գործակալության ղեկավար Վ. Մովսիսյանին հանձնարարեց զբաղվել։ Անդրանիկ Մարգարյանը հերթով շրջեց սրահներով ու կազմակերպությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե, օրինակ, ո՞վ է գնում «Cit ltd.co»-ի ծրագրերը, ընկերությունում քանի՞ աշխատող կա եւ այլն։ Իսկ «Cit ltd.co»-ն, որ նաեւ հրատարակչական աշխատանքով է զբաղվում, ցուցասեղանին դրված տեղեկագիր-բրոշյուրի այն էջն էր բացել, որում պատկերված էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Բրոշյուրն, ի դեպ, ուշուի մասին էր։ «Armenia Gateway»-ի ներկայացուցիչը նշեց, որ սեպտեմբերի 15-ից մինչ օրս արդեն 3700 այցելու են ունեցել։ Ա. Մարգարյանն ուզում էր ճշտել, թե ընկերությանը տեղեկատվություն տրամադրելու մասին վարչապետի որոշումը կատարո՞ւմ են, արդյոք, պետական գերատեսչությունները։ «Տեղեկատվություն տրամադրում են, բայց նայած՝ ինչ որակի»,- պատասխանեց «Armenia Gateway»-ի աշխատակիցը։ Իսկ «Hi Tech Gateway»-ից պրն Մարգարյանը հետաքրքրվեց, թե արդյոք չե՞ն մտածում ներսի շուկայում էլ սպառել իրենց ծրագրերը (հիմնականում ամերիկյան ձեռնարկություններն են օգտվում այս ընկերության ծրագրերից)։ «Ներսի շուկայում չենք մտածում։ Ճիշտն ասած, եթե ավելի կայուն տնտեսություն լինի, կաշխատենք»,- աշխատակցի այս ասելն ու վարչապետի բարկանալը մեկ եղավ. «Կայունը ո՞րն է, պետք է աշխատեք, որ կայունանա։ Պիտի սպասեք՝ ուրիշներն աշխատեն, կայունանա, հետո՞»։ Բայց տնտեսության անկայունության մեջ ո՞րն է մասնավոր, սեփական ֆինանսական շահը հետապնդող տնտեսվարողի մեղավորությունը՝ պարզ չէ։ Հայրենասիրությունը, նկատենք, տնտեսական կատեգորիա չէ։ Վարչապետի շքախումբն այլեւս նրան մոտենալու հնարավորություն չտվեց, եւ ամեն ինչ չէր, որ հետո կարելի էր լսել պրն Մարգարյանի եւ «Ինֆոտեկում» ներկայացված ընկերությունների ներկայացուցիչների խոսակցությունից։ Բայց նա հետո, հերթով մոտեցավ ցուցասրահներին, հետաքրքրվեց պրոբլեմներով եւ հանձնարարություններ տվեց իր հետ ժամանածներին։ «Bi line»-ի փոխնախագահ Սարգիս Կարապետյանը «Առավոտի»՝ «ի՞նչն է ձեր աշխատանքին խանգարում» հարցին պատասխանեց. «Ֆինանսների հայթայթման դժվարությունները, հարկային եւ մաքսային քաղաքականությունը։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է մեր երկրում այսինչ ապրանքը «մաքսվում», մյուսը՝ ոչ։ Պետությունը, ցանկացած անձ պետք է նորմալ կապի միջոցներ ունենա։ Բայց եթե կապի միջոցները մաքսատուրքի ենթակա են, ուրեմն թանկ հաճույք են։ Մեր հիմնարկները չունեն իրենց ներքին հաղորդակցական ցանցերը։ Պատճառը թանկությունն է։ Երկրորդ՝ անհասկանալի է, ավելին, անտրամաբանական է, երբ առանձին մասերը մաքսատուրքի ենթակա են, իսկ պատրաստի արտադրանքը՝ ոչ։ Այսինքն՝ ես մասերը բերում եմ, հավաքում եմ, եւ դա ավելի «թանկ է նստում», քան պատրաստի ապրանքի ներմուծումը։ Իսկ Ուկրաինայում, օրինակ, պատրաստվում են մի օրենք ընդունել, համաձայն որի, արտահանվող ծրագրերը կազատվեն բոլոր հարկերից։ Ամեն ինչ արված է, որ դեպի այդ ոլորտ ֆինանսներ գան։ Եթե ես (կամ որեւէ մեկը) գիտեմ, որ այնտեղ կարող եմ շահույթ ստանալ, որը չի հարկվում, իմ ֆինանսները կտանեմ այնտեղ։ Հետեւաբար, զարգանում է ոլորտը, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, տարբերություն չկա՝ զբաղվում ես բարձր տեխնոլոգիաներո՞վ, գիտությա՞մբ, թե՞ հասարակ առեւտրով։ Շատ դեպքերում առեւտրի ոլորտն ավելի շահեկան վիճակում է։ Օրինակ, պարզեցված հարկեր կան»։ Խնդիրներ են առաջանում նաեւ բանկային համակարգի պատճառով. «Ցանկացած մի անձ («Bi line»-ը դեռ կարող է) կամ փոքր ընկերություն, որը մտադիր է տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվել, չի կարող դրա համար փող ճարել։ Հիմա միակ հնարավորությունը Լինսի հիմնադրամն է ընձեռում, բայց դրա ծրագրերից մեկն իրականացվում է մեր բանկերի միջոցով, իսկ մեր բանկային համակարգը պատրաստ չէ դրան, որովհետեւ երկարաժամկետ վարկի հասկացությունն ուղղակի բացակայում է մեր բանկերում։ Փորձեք երկու տարով վարկ վերցնել։ Մեկ տարուց ավելի չեք ստանա։ Եվ, ընդհանրապես, ներդրումների համար միջավայրը նորմալ չէ. անտրամաբանական մաքսեր, հարկեր, ֆինանսական խնդիրներ, կարող եմ ավելացնել՝ կոռուպցիա, ճանապարհներ…»։ Բայց վարչապետն, «Առավոտի» խնդրանքով ամփոփելով, ասաց. «Ծանր խնդիրներ չկային։ Մի քանիսը՝ կապված մաքսային, հարկային վարչարարության հետ, մինչ այս բարձրացվել էին եւ արդեն լուծվել են»։ Հիմնական պրոբլեմը նա կապեց «ԱրմենՏելի»՝ ինտերնետային մենաշնորհի հետ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել