Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ ճակատ. ՀՅԴ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՀՇ-Ն ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ Երրորդ ճակատ. ՀՅԴ Դաշնակցության մասին խորհրդահայ հասարակության մեջ տարածված եւ ամրացած պատկերացում կար՝ որպես անկախության եւ բոլոր ազգային հարցերի մոլի եւ հետեւողական ջատագովի: Այդ պատկերացման հիմքում դրված էր այն փաստը, որ նա հիմնել էր Հայաստանի Առաջին անկախ Հանրապետությունը, կոմունիստներն այն տապալել էին եւ դաշնակներին քշել: Դրանից հետո էլ, ամբողջ 70 տարի, պատմաբաններից ու գրականագետներից սկսած մինչեւ կուսակցական բարձրագույն պաշտոնյաների ամենամյա զեկույցներ, հայհոյում եւ վարկաբեկում էին նրանց: Ուրեմն՝ հայհոյում էին անկախական լինելու համար: Համենայնդեպս, բոլորը գիտեին նրանց «Անկախ, ազատ, միացյալը»: Բոլորը գիտեին նաեւ «Հայ Դատը» եւ պահանջատիրությունը, իսկ Դաշնակցությանը՝ որպես (ի հեճուկս Կոմկուսի) դրանց համար պայքարի անձնազոհ առաջամարտիկի: 1988-ի փետրվարից ժայթքած համաժողովրդական շարժմանը, հակառակ հասարակության բուռն սպասումների, ՀՅԴ-ն ամիսներ շարունակ որեւէ կերպ չարձագանքեց: Առաջին արձագանքը՝ 1988-ի հոկտեմբերին սփյուռքյան մյուս կուսակցությունների հետ ստորագրած հայտարարությունն էր, որով կոչ էր անում դադարեցնել պայքարի ակտիվ ձեւերը եւ Ղարաբաղի հարցը վստահել Հայաստանի Կոմկուսին եւ կենտրոնական իշխանություններին: Ղարաբաղ կոմիտեի ձերբակալության շրջանում, բացի մեկ-երկու հավուր պատշաճի արված արտահայտություններից, որեւէ միջոց նրանց ազատ արձակման համար չձեռնարկվեց: Եվ, այնուամենայնիվ, ձեւավորված հասարակական կարծիքը դժվարությամբ էր տեղի տալիս: ՀՅԴ-ն ցուցադրաբար չմասնակցեց ՀՀՇ առաջին համագումարին եւ Բյուրոյի հատուկ շրջաբերականով իր կառույցներին արգելեց մասնակցել: Անկախության գաղափարի դեմ կոմկուսի քարոզչությունը եւ փաստարկները հասարակական կարծիքի վրա մեծ ազդեցություն չէին կարող ունենալ՝ վերջինիս անընդհատ խորացող հեղինակազրկման պայմաններում: Մինչդեռ Հայ Դատի դիրքերից, եւ «ամենաազգային», «ամենաանկախական» կուսակցության կողմից այդ քարոզը կարող էր շատ ավելի արդյունավետ լինել: Իսկ քարոզի ֆորմուլան այսպիսին էր. Հայ Դատը՝ Ցեղասպանության ճանաչում եւ հողերի վերադարձ, մեր ամենամեծ ազգային հարցն է: Դրա իրականացումը անկախ Հայաստանի ուժերով հզոր Թուրքիայի դեմ անհնարին է, դա հնարավոր է միայն ԽՍՀՄ կազմում եւ նրա միջոցով: Անկախանալ եւ Թուրքիայի հետ ապրել նորմալ միջպետական հարաբերություններով, նշանակում է՝ ուրանալ Հայ Դատը: Ուստիեւ, ՀՀՇ-ի որդեգրած անկախության ծրագիրը համարվում էր ապազգային: Անկախ Հայաստանը հաջորդ օրը կուլ կգնա Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերին: Ըստ այսմ էլ՝ պանթուրքիզմի վտանգի տարփողումը ամբողջ երկու տարի դարձավ դաշնակցական մամուլի եւ քարոզչամիջոցների հիմնական թեման, ՀՀՇ-ն՝ քննադատության հիմնական թիրախը: Քարոզչական ճակատում ՀՅԴ-ի եւ Կոմկուսի համագործակցությունը կատարյալ էր: Ամբողջ մեկ տարի Կոմկուսի առաջին քարտուղար Ս. Հարությունյանը «Դրոշակի» թիվ մեկ դեմքն էր: Դաշնակցական որեւէ գործիչ, նրա հիմնադիրներից սկսած, այնքան մեծարանքի եւ ներբողի չէր արժանացել, որքան Ս. Հարությունյանը: Մյուս կողմից՝ կոմունիստական մամուլը պարբերաբար եւ տարբեր առիթներով ՀՅԴ հայտարարությունները, նրա մամուլից քաղվածքները, ինչ172որ ժողովներում կայացրած որոշումները ներկայացնում էր որպես «Սփյուռքի» կարծիք: Երկու դեպքում էլ, ե՛ւ կոմունիստական, ե՛ւ դաշնակցական քարոզարշավը անկախության գաղափարի դեմ նպատակ ուներ օգտագործել նույն՝ վախ ու սարսափ սերմանելու, ժողովրդին ահաբեկելու լծակը: Առաջինն աշխատում էր համոզել, որ անկախությունը Հայաստանին տնտեսական աղետի կբերի, երկրորդը՝ որ անկախ Հայաստանը անմիջապես կհայտնվի պանթուրքիզմի երախում: Անգամ բառացի նույնական են Անկախության հռչակագրի նախօրյակին նրանց պաշտոնական դիրքորոշումների ձեւակերպումները, կարծես՝ թխված նույն խոհանոցում. «Անկախական ըլլալով՝ անջատմանը դեմ կմնանք»,172 ասում էր ՀՅԴ-ն։ «Ընդունելով անկախության գաղափարը, մենք գտնում ենք, որ անկախ եւ ինքնուրույն Հայաստանը… պետք է մնա նորացված Միության կազմում»,172 ասում էր Կոմկուսը: Տասնամյակներ շարունակ ՀՅԴ-ն Կոմկուսի համար «իմպերիալիզմի սայլին լծված» ձի էր, ինքը՝ «դեպի պայծառ ապագա» գնացքի շոգեքարշ: Կոմկուսը Դաշնակցության համար «ապազգային», «հայ ժողովրդին ստրկության դատապարտած» ուժ էր, ինքը՝ «հայ ժողովրդի ազնվականությունը», նրա ազատության եւ անկախության «միակ հույսը»: Եվ ահա՝ երկու անհաշտ գաղափարախոսությունների կրողները՝ «դեպի պայծառ ապագա» տանող Կոմկուսը եւ հայ ժողովրդի ազատության եւ անկախության «միակ հույս» Դաշնակցությունը դաշինք էին կնքել՝ Հայաստանի անկախության «վտանգի» դեմ պայքարելու համար: դ) Չորրորդ ճակատ. մտավորական նոմենկլատուրա կամ «արիստոկրատիա» Չորրորդ ճակատը՝ խորհրդահայ մտավորական նոմենկլատուրան, ինքնուրույն ֆակտոր չէր: Այն իր առանձնաշնորհյալ դիրքի համար պարտական էր կոմունիստական իշխանություններին եւ, բնականաբար, պարզապես ուշադիր, կարգապահ ու հլու կատարում էր նրանից ստացված պատվերները: Կոմկուսի փաստարկները Շարժման եւ անկախության գաղափարի դեմ այլեւս լայն լսարան չունեին եւ արագ հակահարված էր ստանում: Ավելի լայն լսարան կարող էր գտնել «ազգային» հիմքի վրա հայդատական քարոզը: Բայց կուսակցական գործիչների բերանով կրկնել Դաշնակցությանը՝ կնշանակեր հարվածի տակ դնել ե՛ւ իրեն, ե՛ւ Դաշնակցությանը: Այլ բան է, որ այդ անեին ճանաչված, տիտղոսավոր «անկողմնակալ» մտավորականները: Եվ հենց այս գործը, այս ճակատն էլ նրանց ըստ էության հանձնարարված էր: Թշնամի մահմեդական աշխարհով շրջապատված լինելով, պանթուրքիզմի վտանգով առաջիններից մեկը անհանգստացավ Զ. Բալայանը՝ արդեն 1989թ. հունիսի 22-23-ին հրավիրված Գերագույն խորհրդի նստաշրջանում: Սրանով հայդատականությունը գաղափարական պատերազմ հայտարարեց Շարժմանը եւ անկախության գաղափարին: Այն անմիջապես արժանի հակահարված ստացավ նույն նստաշրջանում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխան ելույթով: Նույն թվականի սեպտեմբերի սկզբին (Կոմկուսի կկ-ի նախաձեռնությամբ) կազմակերպվեց «Հայ մտավորականության համաժողով», որը պետք է մտավորականությանը համախմբող կազմակերպական կառույց ստեղծելու սկիզբ դներ: Դրա մեջ պետք է մտնեին նաեւ «Ներքին եւ Արտաքին Սփյուռքի առավել ճանաչված հայ մտավորականները»: Հապշտապ կազմակերպված այս միջոցառման համար դժվար է այլ պատճառ գտնել, քան այն, որ ՀՀՇ ծրագրի վրա կատարվող աշխատանքները հստակ ընթանում էին անկախության գաղափարը գործնական խնդրի վերածելու ուղղությամբ: Այլապես դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչու «բարձր» մտավորականությունը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս մինչ այդ: Իրական նպատակը այն էր, որ հնչեղ անունով այս կազմակերպությունը պետք է աշխատեր փոխարինել Շարժման ղեկավարությանը եւ այն տաներ իր համար ցանկալի հունով: Համենայնդեպս, ընդունված հայտարարության մեջ «Համաժողովը» մի կողմից իրեն հայտարարեց ՀՀՇ -ի մաս, մյուս կողմից՝ «Հայ Դատ»-ի համար պայքարը արձանագրվեց որպես հիմնական խնդիր: Դավադրությունը չստացվեց, այս հիմնադիր ժողովը եղավ առաջինը եւ վերջինը: Հաջորդ դեպքերում արդեն ՀՀՇ-ի հետ այս խավի առնչությունը ճակատային էր: 1989թ. դեկտեմբերի սկզբներին, Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման որոշումն ընդունել տալուց հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի անունից Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացրեց «Արմատական ժողովրդավարական բարեփոխումների մասին հռչակագրի» նախագիծ: Այն առանձին կարեւոր բնագավառներում Հայաստանի փաստական ինքնիշխանության հաստատման կարեւոր դրույթներ էր պարունակում: Նախագիծը կոպտորեն մերժվեց, ինչին մեծապես նպաստեցին ե՛ւ Գերագույն խորհրդում, ե՛ւ թերթերում մտավորականության այս խավի ներկայացուցիչների բուռն ելույթները: Այդ ելույթների փաստարկները հենվում էին նույն՝ կոմունիստական եւ հայդատական գաղափարախոսությունների, «նման հարցերը միայն համայն հայության ներկայացուցիչների մասնակցությամբ լուծելու» «հույժ ազգային» մոտեցման վրա: Կոմունիստական լրատվամիջոցները, հատկապես՝ ՀՀՇ 1-ին համագումարից հետո, հեղեղված էին ԽՍՀՄ-ից անջատվելու «մանկամտության», «պանթուրքիզմի վտանգի» մասին՝ Վարդգես Միքայելյանի, Վլադիմիր Պետրոսյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Զորի Բալայանի, Ստեփան Պողոսյանի, Ազատ Եղիազարյանի, Լենդրոշ Խուրշուդյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Հակոբ Հակոբյանի (քաղաքագետ) եւ ուրիշների ելույթներով: «Բարձր մտավորականությունը» հերթական անգամ «թիմով» քաղաքական թատերաբեմ իջավ 1990-ի ապրիլին: Նախընտրական շրջանի սկզբում այլեւս կասկած չէր հարուցում, որ ՀՀՇ-ն իր անկախության ծրագրով հաղթելու է առաջիկա ընտրություններում: Կոմկուսի առաջին քարտուղարի փոխանցմամբ (պատվերով) նոմենկլատուրային մտավորականությունը հանդես եկավ «ստեղծված վիճակից ելք փնտրելու համար» «հայրենիքի եւ Սփյուռքի բոլոր ուժերի մասնակցությամբ ազգային համաժողով հրավիրելու գաղափարի» պաշտպանությամբ: Առաջին անգամ չէր, որ դժվարին իրավիճակում Կոմկուսը «զգում էր» (մինչ 1988-ը՝ իրեն բոլորովին օտար) «համազգային» մարմին եւ դրա որոշումն ունենալու անհրաժեշտությունը: Եվ, որպեսզի դա տարօրինակ չհնչի, որպես նախաձեռնության հեղինակ կամ հեղինակակից, մեջտեղ էր բերում նոմենկլատուրային մտավորականությանը: Եթե նախաձեռնությունը հաջողեր, այն նպատակ ուներ լուծել միաժամանակ մի քանի խնդիր. ա) ստվերել ընտրվելիք Գերագույն խորհուրդը «ավելի բարձր» համազգային ֆորումով (որը պետք է ունենար մշտապես գործող մարմին), բ) հասարակության ուշադրությունը շեղել Գերագույն խորհրդի ընտրություններից, գ) «համազգային մարմնի» կազմի մեծագույն մասը որոշելու էին իշխանությունները, իսկ ՀՀՇ-ն դրան մասնակցելու էր՝ որպես բազմաթիվ կազմակերպություններից մեկը: Դրա միջոցով կարելի էր ստանալ անկախությանը դեմ որոշում: Հակադրվելու դեպքում ՀՀՇ-ն կմեղադրվեր՝ որպես «ազգային միասնությունը» պառակտող: ՀՀՇ-ի, նրա ղեկավարության եւ նրա անկախության ծրագրի նկատմամբ համաժողովրդական վստահությունը չափազանց մեծ էր. Լեւոն Տեր-Պետրոսյանի մի հոդվածն այս առիթով բավարար եղավ բացահայտելու հերթական դավադրությունը: Այս նախաձեռնությունը այդպես էլ չհամարձակվեցին իրականացնել, չնայած՝ դրա մասին շարունակում էին խոսել ընդհուպ մինչեւ ընտրությունների վերջը: Իսկ մտավորական «արիստոկրատիայի» երկու ներկայացուցիչների ձեռքով վերջին հարվածը արդեն այն ազգի ոճով էր («թուրքավարի»), որին այդքան շատ չէին սիրում. մայիսի 19-ին՝ Գերագույն խորհրդի ընտրության նախորդ օրը հրապարակվեցին Լեւոն-Տեր Պետրոսյանի դեմ՝ Ս. Կապուտիկյանի եւ ՀՀՇ-ի անկախության քաղաքական ծրագրի «ապազգային» եւ «թուրքամետ» լինելու մասին՝ Լ. Խուրշուդյանի ծավալուն հոդվածները: Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին քվեարկության օր էր, քարոզչությունը, այդ թվում նաեւ՝ որեւէ կերպ պատասխանելը, օրենքով արգելվում էր: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել